Իշխանութիւնները դերակատարում չունեն գերիների բանաձեւի ընդունման գործընթացում

«ԱԼԻՔ» – Եւրախորհրդարանի լիագումար նիստում մարտի 13-ին ընդունւեց Բաքւում ապօրինի պահւող հայ գերիների վերաբերեալ հրատապ բանաձեւը՝ 523 կողմ, 3 դէմ եւ 84 ձեռնպահ ձայներով։ Բանաձեւը, որը նախորդ օրը քննարկւել էր, յաջորդ օրը` քւէարկւել, կոչւում է «Համատեղ միջնորդութիւն՝ Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թւում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան քաղաքական ներկայացուցիչների ապօրինի ձերբակալման եւ կեղծ դատավարութիւնների վերաբերեալ բանաձեւի ընդունման մասին»:
Բանաձեւը, սակայն միայն խորհրդատւական նշանակութիւն ունի եւ պարտադիր չէ կատարման համար։
Քաղաքական գիտութիւնների թեկնածու, ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու Գէորգ Ղուկասեանի կարծիքով՝ չնայած բանաձեւի խորհրդատւական բնոյթին, այն իր ազդեցութիւնն ունենալու է. «Նախկինում եւս նման բանաձեւեր ընդունւել են, թէպէտ եւրոպական ընթացակարգերով դրանք իմպերատիւ բնոյթ չունեն գործադիր իշխանութեան համար, բայց սրանք Եւրոպական խորհրդարանի քաղաքական կամքի բիւրեղացումն են։ Եւրոպական գործադիր իշխանութիւնը կարող է որոշակիօրէն հաշւի առնել-չառնել նման բանաձեւերը, բայց մշտապէս չի կարող դրանց վրայ աչք փակել, գալու է ինչ-որ ժամանակ, որ դրանք իրենց ազդեցութիւնն ունենալու են․ հաշւետւողականութեան հարց կայ օրէնսդիր իշխանութեանը եւ այլն, եւ նման բանաձեւերի յաճախակի ընդունումը, այսպէս թէ այնպէս, նպաստում է եւրոպական գործադիր իշխանութեան վարքի փոփոխութեանը։ Մենք դեռ չենք տեսել վարքի այնպիսի շրջադարձ, որպիսին ակնկալում ենք գործադիր իշխանութեան կողմից, բայցեւ ակնյայտ է, որ վերջին տարիների ընթացքում Եւրախորհրդարանի ճնշմամբ գործադիր իշխանութիւնը գոնէ դիրքորոշումների մակարդակում էական փոփոխութիւն է մտցրել։ Իհարկէ, մեր՝ Հայ Դատի ակնկալիքներն այլ են, մասնաւորապէս, պատժամիջոցների կիրառման հարցով, բաւական ժամանակ է, որ Եւրախորհրդարանը պահանջում է Ադրբեջանի նկատմամբ կիրառել պատժամիջոցներ՝ մարդու իրաւունքների խախտումների համար»։
Գէորգ Ղուկասեանի կարծիքով, նման բանաձեւերի ընդունումը կարեւոր է նաեւ Արցախի հարցն օրակարգում պահելու տեսանկիւնից․ «Ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Թուրքիայի, ցաւօք սրտի՝ նաեւ Հայաստանի իշխանութիւններն այնպիսի տպաւորութիւն են ստեղծում, որ ղարաբաղեան հիմնախնդիրը վերջացած է, բայց նման բանաձեւերը գալիս են փաստելու, որ ղարաբաղեան խնդիրը փակւած չէ, եւ այն ձեւակերպումները, որ կան բանաձեւում՝ արցախցիների վերադարձի իրաւունքի իրացման նախապայման սահմանել Ադրբեջանի եւ ԵՄ յարաբերութիւնների իրաւապայմանագրային հետագայ զարգացման տեսանկիւնից, չափազանց կարեւոր են»։
Գէորգ Ղուկասեանի դիտարկմամբ՝ Ադրբեջանից հնչող արձագանգները եւս յուշում են, որ ցանկալի չէ նման բանաձեւերի ընդունումը։ Բանաձեւի մշակման նախաձեռնութիւնը, ի դէպ, Հայ Դատինն է․ «Իշխանութիւնները չունեն դերակատարում այս բանաձեւի ընդունման գործընթացում՝ սկզբնաւորման, նախաձեռնման գործում, աշխատանքները հիմնականում իրականացւել են Հայ Դատի եւրոպական գրասենեակի միջոցով եւ ջանքերով»։