Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ցաւում ենք, որ կաթոլիկ բարձրագոյն կրթական հաստատութեան յարկից ներս թոյլատրւել է կազմակերպել նման հակագիտական միջոցառում

Մայր Աթոռն արձագանգել է Վատիկանում ադրբեջանական միջոցառմանը

«ԱԼԻՔ» – Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն արձագանգել է Ադրբեջանի կողմից Հռոմում կազմակերպւած հակահայկական ուղղւածութիւն ունեցող միջոցառմանը․

«Սոյն թւականի ապրիլի 10-ին Հռոմի պապական Գրեգորեան համալսարանում Սուրբ Աթոռում Ադրբեջանի դեսպանութեան եւ ադրբեջանական որոշ կազմակերպութիւնների նախաձեռնութեամբ տեղի է ունեցել «Քրիստոնէութիւնը Ադրբեջանում. պատմութիւն եւ արդի ժամանակներ» վերտառութեամբ միջոցառում՝ տարբեր երկրների ներկայացուցիչների մասնակցութեամբ։

Միջոցառման ընթացքում ադրբեջանական քարոզչամեքենայի նախաձեռնութեամբ հերթական անգամ փորձ է արւել ժխտելու Հայաստանի եւ Արցախի պատմամշակութային ժառանգութեան հայկական պատկանելութիւնը, խեղաթիւրելու պատմական իրողութիւնները՝ այն հետագայում իւրացնելու չարամիտ նպատակով։

Այս ամէնը տեղի է ունենում, երբ տակաւին միջազգային հանրութեան կողմից պատշաճ գնահատականներ չեն տրւել Ադրբեջանի իրականացրած ցեղասպան գործողութիւններին, Արցախից բռնի տեղահանւած ողջ հայութեան հիմնարար իրաւունքների ոտնահարմանը, Բաքւի բանտերում պահւող հայ ռազմագերիների նկատմամբ իրականացւող անօրինական ու նւաստացուցիչ գործողութիւններին, Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգութեան իւրացման եւ հայկական հետքերի իսպառ ոչնչացման դէպքերին։

Ցաւում ենք, որ կաթոլիկ բարձրագոյն կրթական հաստատութեան յարկից ներս թոյլատրւել է կազմակերպել նման հակագիտական միջոցառում։

Այս առնչութեամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը միջեկեղեցական հաղորդակցութեան ընկալեալ շրջանակներում նախաձեռնելու է անհրաժեշտ քայլեր»։

Լուրը հաղորդում է tert.am-ը:

Related Articles

Back to top button