Արթուր Խաչատրեան. «Պարոնայք եւ տիկնայք ՔՊ-ականներ, դուք սխալ էք հասկացել Օրւէլի վէպը»
«ԱԼԻՔ» – Պարոնայք եւ տիկնայք ՔՊ-ականներ, դուք սխալ էք հասկացել Ջորջ Օրւէլի վէպը, Օրւէլն այդ վէպը գրել է որպէս նախազգուշացում դիկտատուրայի, վոլիւնտարիզմի, տոտալիտարիզմի դէմ, նա դա չէր գրել որպէս պետական կառավարման ուղեցոյց։
Այս մասին ՀՀ ԱԺ-ում խմբակցութիւնների անունից ելոյթի ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը։
«Այդ վէպում կար ճշմարտութեան նախարարութիւն, որը որոշակի պոստուլատներ էր քարոզում, ասում էր՝ պատերազմը խաղաղութիւն է, ազատութիւնը ստրկութիւնն է, տգիտութիւնը ուժն է։ Դուք, հաւատարիմ Օրւէլի հակացուցումներին, նմանատիպ պոստուլատներով էք փորձում մարդկանց ուղեղը «լւանալ»։ Ասում էք՝ կեղծիքը լեգիտիմութիւն է, զիջումը նւաճում է եւ շեդեւր, կապիտուլեացիան՝ յաղթանակ է։
Ասում է՝ մենք ոչ թէ 4 գիւղ յանձնել ենք, այլ 4 գիւղ գրաւել ենք Ադրբեջանից, խլել ենք մեր դէմ կռիւ սկսելու լեգիտիմութիւնը։ Ժողովո՛ւրդ, Ադրբեջանը ե՞րբ է լեգիտիմութիւն փնտրել կռիւ սկսելու համար։ Այդ ի՞նչ լեգիտիմութիւնից էք զրկում, ձեր միակ լեգիտիմութիւնը, որ փնտրում էք, Ադրբեջանի բարեհաճ վերաբերմունքն է։ Ադրբեջանին կարգել էք որպէս լեգիտիմութեան եւ անվտանգութեան երաշխաւոր, որովհետեւ ինչպէս տեսաք՝ մեր հպարտ ու ինքնիշխան պետութիւնից բոլորը ձեռքերը լւացել, գնացել են»,- ասել է պատգամաւորը։
Խաչատրեանը յիշեցրել է, որ նախ ասում էին կադաստրի քարտէզ չկայ, հիմա ասում են՝ կադաստրի քարտէզ կայ, բայց սխալ էր, սխալ է այդ քարտէզը։
«Լաւ, իսկ կը լինի՞ սխալ լինի այնպէս, որ մի 100 մետր էլ Ադրբեջանից տարածք բերէիք։ Լեգիտիմութիւն ասելով՝ Ադրբեջանի ոչ լեգիտիմ քայլերն էք խրախուսում»,- ասել է նա, ապա յայտարարել է, թէ ՔՊ-ն ՔՊ չէր լինի, եթէ իր կրեդոյին հաւատարիմ չլինէր՝ «մեղաւոր են բոլորը իրենցից բացի»։
«Քանի որ գիտէին այդ քարտէզները դուրս են գալու, կը համադրւեն այլ փաստաթղթերի հետ, ասում են՝ կիրանցեցիներն են մեղաւոր, այ որ նրանք չընդվզէին, քարտէզն աւելի լաւը կը լինէր։ Դրանով գիտէ՞ք ինչ էք անում, աւանսով ինդուլգենցիա էք առնում, որովհետեւ յայտարարում էք՝ սահմանազատումը լինելու է նոյն սկզբունքով, իսկ նոյն սկզբունքը միակողմանի զիջումն է։ Այսօր աւանսով ինդուլգենցիա էք առնում ու ժողովրդին վախեցնում էք՝ յանկարծ չընդվզէք, որովհետեւ աւելի վատ կը լինի, մի հատ էլ Ադրբեջանին ասէք՝ աւելի վատ կը լինի»։
Խաչատրեանը նաեւ նշեց, որ մեղաւոր են կարգել նաեւ արցախցիներին։
«Մեղաւոր են բոլորը, դուք անմեղ էք։ Մեղաւոր են ղարաբաղցիները․ 100 հազար ղարաբաղցի պէտք է կռւէր 10 միլիոնանոց Ադրբեջանի դէմ, այն դէպքում, երբ առաջին անգամ Հայաստանը դաւաճանեց իր յանձնառութեանը՝ որպէս Արցախի անվտանգութեան երաշխաւոր։ Ձեր կառավարութեան օրօք է ընդունւել ազգային անվտանգութեան ռազմավարութիւնը, դուք ձեր սկզբունքներին դաւաճանեցիք»,- ասել է պատգամաւորը։
Նա նաեւ անդրադարձել է Փաշինեանի յայտարարութեանը, թէ Արցախը թոկ էր Հայաստանի վզին։
«Բնական է, եթէ թոկ էր, պէտք է այն կտրէր, ու կտրւեց այդ թոկը։ Եւ այստեղ տեղի ունեցաւ շահերի զուգամիտում, մէկին պէտք էր մեղաւոր կարգել։ Այստեղ Արայիկ Յարութիւնեանը յետ է քաշւում, ընտրւում է կոնսենսուսով ամբողջ ղարաբաղեան վերնախաւից նախագահ եւ 10 օր յետոյ Ադրբեջանը յարձակւում է։ Շահեց Ադրբեջանը, շահեց այսօրւայ Հայաստանի կառավարութիւնը․ դա 2 կուսակցութիւնների՝ Քաղպայմանագրի եւ «Նոր Ադրբեջան» կուսակցութեան շահերի համադրման հրաշալի օրինակ է։
Ձեզ մօտ մոլուցք է բոլորին մեղաւոր կարգելու։ Բանը հասել է նրան, որ ապրիլ 24-ի ուղերձով Փաշինեանն մեղադրում է զոհերին՝ պետականութիւն չունեցող ժողովուրդը զոհ դարձաւ։ Թուրքերը մեղք չունեն, հա՞, պետականութիւն չունեցող ժողովուրդն ու դաշնակիցները՝ Անտանտն էին մեղաւոր։
Բանը նրան հասաւ, որ նոյնիսկ «Լեմկին»-ի ինստիտուտը ձեզ ու նրան քննադատեց այդ կեղծարարութեան համար։ Հիմա եկել, խօսում էք հզօր պետութիւնից ու բանակից։ Ո՞վ չի ուզում, բայց բանա՞կն է հզօր, թէ՞ պետութիւնը։ Ասում էք՝ ՀՀ-ն քանի՞ քկմ է, այն տարածքից, որ ստացել էք, առնւազն 208 քկմ-ով պակաս է»,- ասել է նա։