Ինչո՞ւ Լուկաշենկօն Ալիեւին Հարաւային Կովկասի առաջնորդ «կարգեց»
Նիկոլ Փաշինեանի ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ դաշնակից, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկօն պետական այցով Ադրբեջանում էր, որի շրջանակում ադրբեջանական կողմն առանձնայատուկ շոուի վերածեց Լուկաշենկոյի այցն օկուպացւած Ֆիզուլի եւ Շուշի։ Ադրբեջանաբելառուսական հանդիպման արարողակարգի այս մասն առաւել հետաքրքիրն էր, որն արտացոլեց Բելառուսի նախագահի հետաքրքրութիւնը՝ մասնակցել Լեռնային Ղարաբաղում ծրագրւող աշխատանքներին, բնականաբար, դրանից օգուտներ ստանալու նպատակով։
«Տեխնիկա, ագրոքաղաքներ, աշխատատեղեր, որոշակի տեխնոլոգիաներ՝ ձեր մասնագէտները, նախարարները դրանց մասին լաւ գիտեն, եթէ դրանք պիտանի են, եթէ մեր սարքաւորումները կարող են մասնակցել եւ աշխատել… ես բանակցութիւնների ընթացքում Իլհամ Հէյդարովիչին հարցրել եմ՝ եթէ հնարաւոր է, որեւէ տեղ տւէք Բելառուսի համար, խնդրում եմ, տւէք։ Եւ Իլհամ Հէյդարովիչը նման մօտեցմանն աջակցեց»,- ասաց Ալեքսանդր Լուկաշենկօն՝ խօսելով օկուպացւած տարածքներում Ադրբեջանի կազմակերպած շինաշխատանքներից, որոնք, ըստ էութեան, տեղի են ունենում՝ Արցախից հայկական հետքը հիմնայատակ վերացնելու Ադրբեջանի ջանքերին զուգահեռ։
«Եթէ այդ հողերի վերակենդանացման մեծ գործում մեզ համար տեղ գտնէք, որտեղ մենք կարող ենք ուս-ուսի տալ, եւ դա ձեզ համար շահաւէտ լինի, մենք դա կանենք մեծ հաճոյքով»,- նշել է Լուկաշենկոն:
Բանակցութիւնների արդիւնքներով՝ Ալիեւն ու Լուկաշենկօն պայմանաւորւել են մի շարք համատեղ նախագծեր սկսել՝ պարարտանիւթեր արտադրել Իրանի, Պակիստանի, Հնդկաստանի շուկաների համար, մեքենաների, հրասայլերի արտադրութիւն, գիւղատնտեսական ոլորտում համագործակցութիւնն ընդլայնել։
Լուկաշենկոյի այցի ընթացքում որոշւել է Մինսկին վստահել Աղդամի բնակավայրերից մէկի կառուցումը։ Ինչպէս յայտարարեց Բելառուսի ճարտարապետութեան եւ շինարարութեան նախարար Ռուսլան Պարխամովիչը, խօսքը 420 ընտանիքի համար նախատեսւած ագրոքաղաքի մասին է:
Ալիեւի մասին խօսելիս Բելառուսի ղեկավարն արեց յայտարարութիւններ, որոնք գրաւեցին ԶԼՄ-ների ուշադրութիւնը՝ Լուկաշենկօն Ալիեւին հռչակեց ամբողջ Կովկասի առաջնորդ։ Նա, մասնաւորապէս, ասաց, որ «Ադրբեջանի հզօր առաջնորդին» ժամանակն է ընտրել ամբողջ Կովկասեան տարածաշրջանը վերահսկելու համար. «Դա արդէն ոչ միայն պատասխանատւութիւն է Ադրբեջանի համար, դուք արդէն ընդհանուր առմամբ պատասխան էք տալիս Կովկասի համար»,- յայտարարել է Լուկաշենկօն։
168․am-ի հետ զրոյցում ռուս քաղաքական, տնտեսական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը, գնահատելով այցի ընթացքում հնչած ձեւակերպումները, ձեռք բերւած պայմանաւորւածութիւնները, ասաց, որ նման այց նման շեշտադրումներով ու բովանդակութեամբ կարելի էր սպասել՝ հաշւի առնելով Բելառուսի եւ Ադրբեջանի ղեկավարների երկարամեայ ջերմ յարաբերութիւնները, ինչպէս նաեւ յարաբերութիւններում կոնկրետ առեւտրատնտեսական արդիւնքները։ Նրա խօսքով՝ բնականաբար, բոլորին է յայտնի, որ Լուկաշենկօն այն գործիչներից է, որը փորձում է առաւելագոյն օգուտներ ստանալ ինչ-ինչ իրավիճակներից եւ առաւել եւս՝ այսօր, քանի որ կան ՌԴ-ի դէմ պատժամիջոցներ, որից էականօրէն տուժում է նաեւ եւրասիական ընդհանուր տարածքը։
«Բելառուսն ուղիղ ցանկութիւն յայտնեց մասնակցելու շինարարական աշխատանքներին՝ իրականացնելով մեծ պրոյեկտներ, տեխնիկա նւիրաբերեց, եւ պայմանաւորւածութիւնները, որոնք այցի ընթացքում ձեռք բերւեցին, լիովին սպասելի էին»,- նշեց վերլուծաբանը։ Նա յիշեցրեց, որ Բելառուսի նախագահը նաեւ յայտնի է իր աղմկայարոյց, համարձակ յայտարարութիւններով, ուստի Ադրբեջանի նախագահին Անդրկովկասի առաջնորդող երկրի ղեկավար որակելը նմանատիպ յայտարարութիւններից մէկն է, որը, սակայն, ունի որոշակի աշխարհաքաղաքական նշանակութիւն։
«Հաճոյանալով Ադրբեջանի ղեկավարին, հասկանալով նաեւ աշխարհաքաղաքական զարգացումները, որոնք կարող են գեներացւել նաեւ Ադրբեջանի մասնակցութեամբ, երբ Հայաստանն ու Վրաստանը յայտնւել են արեւմտեան ինտեգրացիայի ճանապարհին, Բելառուսը, ոչ, իհարկէ, առանց Ռուսաստանի գիտութեան, յաւելեալ պատասխանատւութեան տակ է դնում Ադրբեջանին։ Սա պատասխանատւութիւն է թէ՛ աշխարհաքաղաքական, թէ՛ անվտանգային բնոյթի, երբ Հայաստանի իշխանութիւնների քաղաքականութեամբ պայմանաւորւած՝ ՀԱՊԿ-ը չունի որեւէ դերակատարութիւն ռեգիոնում»,- նման կարծիք յայտնեց վերլուծաբանը։
Սիմոնովի խօսքով՝ Ադրբեջանը յետպատերազմեան ռեգիոնալ վերադասաւորումների հարցում էական դերակատարութիւն է ունեցել, Ադրբեջանի յետպատերազմեան քաղաքականութիւնը Հայաստանի նկատմամբ ձեւաւորել է Հայաստանի ձգտումը դէպի Արեւմուտք, որտեղ ՀՀ իշխանութիւնները փորձում են ինչ-որ մակարդակի անվտանգութիւն փնտրել, այսինքն՝ նրանց ընկալմամբ՝ փնտրել այն, ինչ չի կարողանում ապահովել ՀԱՊԿ-ը կամ Ռուսաստանը։ Փորձագէտը գտնում է, որ որքան ճնշումներն Ադրբեջանից ուժեղ ու շարունակական լինեն, այնքան Հայաստանն աւելի մեծ կախում է ստանալու Արեւմուտքից՝ փորձելով այնտեղ ինչ-որ պայմանաւորւածութիւններ ձեռք բերել։
«Ուստի Ադրբեջանի ղեկավարին ռեգիոնալ զարգացումների պատասխանատու նշանակելն ուշագրաւ քայլ է՝ միտւած զարգացումների վերահսկելիութեանը, որը բխում է Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, հետեւաբար՝ նաեւ Բելառուսի շահերից։ Որքանո՞վ դա կը յաջողւի, ցոյց կը տայ ժամանակը, սակայն դա լոկ յայտարարութիւն չէր, կարծում եմ՝ դրա ներքոյ կայ աշխարհաքաղաքական բովանդակութիւն, այսինքն՝ Հարաւային Կովկասում աշխարհաքաղաքական կայունութեան եւ անվտանգութեան համար պատասխանատու է դիտարկւում Ադրբեջանի ղեկավարը»,- ասաց վերլուծաբանը։