Արաղչին յայտարարել է, որ Իրանը ԱՄՆ-ից միջուկային համաձայնագրի վերաբերեալ գրաւոր առաջարկ չի ստացել

«ԱԼԻՔ» – «Իրանը ԱՄՆ-ից միջուկային համաձայնագրի վերաբերեալ գրաւոր առաջարկ չի ստացել՝ ո՛չ ուղղակիօրէն, ո՛չ էլ միջնորդների միջոցով»: Այս մասին յայտարարել է Իրանի ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին։
«Իրանն ԱՄՆ-ից որեւէ գրաւոր առաջարկ չի ստացել՝ ո՛չ ուղղակիօրէն, ո՛չ էլ միջնորդների միջոցով»,- յայտարարել է Արաղչին՝ յաւելելով. «Միեւնոյն ժամանակ, այն մեսիջները, որ ստանում ենք մենք եւ աշխարհը (ԱՄՆ-ից-ԽՄԲ.) շարունակում են մնալ շփոթեցնող եւ հակասական: Այդուհանդերձ Իրանի դիրքորոշումը շարունակում է մնալ հատու եւ յստակ. յարգէք մեր իրաւունքները եւ չեղարկէք պատժամիջոցները. այս դէպքում համաձայնութիւնը կը կայանայ»:
«Յիշէ՛ք իմ խօսքերը. չկայ որեւէ սցենար, որի դէպքում Իրանը կը հրաժարւի խաղաղ նպատակներով ուրանը հարստացնելու իր դժւարութեամբ վաստակած իրաւունքից, որը վայելում են Միջուկային զէնքի չտարածման մասին պայմանագրի միւս բոլոր անդամները:
Իրանի մեծ ժողովուրդը ցոյց է տւել իր ուժն ու հաստատակամութիւնը նրանց դէմ, ովքեր փորձել են պարտադրել իրենց կամքը: Մենք մշտապէս ողջունում ենք փոխադարձ յարգանքի վրայ հիմնւած երկխօսութիւնը եւ մերժում ենք ահաբեկման ցանկացած ձեւ»,- յստակեցրել է ԱԳ նախարարը:
Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրէին յայտարարել էր, որ Միացեալ Նահանգները Իրանին նոր միջուկային համաձայնագրի առաջարկ է ներկայացրել. «Նրանք ստացել են այդ առաջարկը»,- մերձաւորարեւելեան ուղեւորութիւնից վերադառնալիս, լրագրողների հետ ճեպազրոյցի ժամանակ, պատասխանելով այդ թեմայի վերաբերեալ հարցին ասել է ԱՄՆ նախագահը:
Թրամփը նաեւ նշել է, որ Իրանի հետ միջուկային համաձայնագիրը մօտ է աւարտին եւ լաւատեսութին է յայտնել այդ ուղղութեամբ:
Յիշեցենք, որ աւելի վաղ Axios պորտալը, յղում անելով ամերիկացի պաշտօնեաներին, յայտնել էր, որ ԱՄՆ վարչակազմը բանակցութիւնների չորրորդ փուլի ընթացքում Իրանին է ներկայացրել միջուկային համաձայնագրի առաջարկ։