Խափանւել է «թուրքական» կուսակցութեան հիմնադրումը Հայաստանում
18.05.2024-ին ՀՀ մայրաքաղաք Երեւանում, Հայաստանի խուլերի միաւորում ՀԿ շէնքում տեղի է ունեցել հանրային միջոցառում` «թուրքական» կուսակցութեան (Հայաստանի պետականակենտրոն կուսակցութիւն) հիմնադիր համագումարի փորձ։
Կուսակցութեան հիմնադիրներից մէկը Թուրքիայում բնակւող, Ալիեւից քաղաքացիութիւն խնդրած, ամենօրեայ ռեժիմով ադրբեջանական եւ թուրքական լրատւամիջոցներին հարցազրոյցներ տւող, հայ մարդու անունից ողջ աշխարհին ներկայացող եւ ադրբեջանցիների հետ բարեկամութիւն քարոզող, Նիկոլ Փաշինեանին «Հայաստանի քերոփ» նշանակած եւ հայերին ֆիզիկական հաշւեյարդարով սպառնացող բլոգեր Նատալի (Տաթեւիկ) Ալեքսանեանն է։
Համահիմնադիրներից է Ռոման Նազարեանը, ով նախկինում եղել է մի քանի կուսակցութեան անդամ։
Հանրութեան լայն շրջանակներին յայտնի բլոգեր Արթուր Չախոյեանը, «ՀԱՅԱՍԱ» Հասարակական կազմակերպութեան հիմնադիրներ Արթուր Ռ. Գրիգորեանը, Մարինա Խաչատրեանը ու Սարգիս Բեգրակեանը եւ ակտիւիստ Արթուր Գրիգորեանը մայիսի 18-ին կարողացել են կասեցնել վերոնշեալ «թուրքական» կուսակցութեան հիմնադիր համագումարի կայացումը։ Նրանք ցանկացել են ներկայ գտնւել կուսակցութեան հիմնադրման հանրային միջոցառմանը եւ ներկաներին իրազեկել այդ կուսակցութեան թուրքական արմատների մասին։
Նշենք, որ հիմնադիր համագումարին ներկայ է գտնւել անհրաժեշտ 300-ից ընդամէնը 30-40 հոգի, որի պարագայում կուսակցութեան հիմնադիր համագումարը համարւում է չկայացած։
Համագումարի կազմակերպիչներից մի քանիսը եւ Հայաստանի խուլերի միաւորում ՀԿ նախագահ Մարինէ Աւետիքի Յարութիւնեանը դրսեւորել են խիստ ագրեսիւ վարք, խոչընդոտել են իրազեկում իրականացնող հասարակական գործիչների գործունէութեանը եւ իրականացրել են յարձակում նրանց վրայ (փաստագրւած է տեսանիւթերով)։
Մարինէ Յարութիւնեանի եւ Ռոման Նազարեանի կողմից հրաւիրւել է ոստիկանութիւն։ Պարեկներից մէկի նկատմամբ «թուրքական» կուսակցութեան կողմնակիցներից մէկը կիրառել է բռնութիւն, ինչի առնչութեամբ նշեալ պարեկը դիմել է ոստիկանութիւն։
Ռոման Նազարեանի կեղծ հաղորդման հիման վրայ ձերբակալւել ու ոստիկանութեան կենտրոնի բաժին են տեղափոխւել «ՀԱՅԱՍԱ» ՀԿ հիմնադիրներ Արթուր Ռ. Գրիգորեանը եւ Սարգիս Բեգրակեանը, բլոգեր Արթուր Չախոյեանը եւ ակտիւիստ Արթուր Գրիգորեանը։
Ոստիկանական բաժանմունք են տեղափոխւել նաեւ «թուրքական» կուսակցութեան համահիմնադիր Ռոման Նազարեանը եւ եւս երկու անձ։
19.05.2024-ին ժամը 00:30-ին հայտնի դարձաւ, որ բոլոր ձերբակալւածները 72 ժամով տեղափոխւում են ձերբակալւածների պահման վայր։
Շեշտադրենք այն փաստը, որ «ՀԱՅԱՍԱ» ՀԿ հիմնադիրներ Արթուր Ռ. Գրիգորեանը եւ Սարգիս Բեգրակեանը, բլոգեր Արթուր Չախոյեանը եւ ակտիւիստ Արթուր Գրիգորեանը, ովքեր կարողացել են կասեցնել «թուրքական» կուսակցութեան հիմնադրումը Հայաստանում, որեւէ հակաօրինական արարք չեն կատարել, ինչը փաստարկւում է նաեւ ոստիկանութեանը տրամադրւած բազմաթիւ տեսանիւթերով։
Աշխարհասփիւռ հայութեանը կոչ ենք անում լինել զգօն եւ բոլոր հրանաւոր օրինական միջոցներով արգելափակել թուրքական քաղաքականութեան մուտքը Հայաստան։
«ՀԱՅԱՍԱ» ՀԿ