Քաղաքական

Նւիրատւութիւնների պատճառով Վատիկանը շրջւել է Ադրբեջանի կողմը

2024 թւականի մարտի 27-ին իտալական Irpmedia.irpi.eu կայքում հրապարակւած ծաւալուն յօդւածում՝ «Ինչպէս Վատիկանը օգնեց օրինականացնել Ալիեւի միապետութիւնն Ադրբեջանում» վերնագրով, Սիմոնէ Զոպելարոն բացայայտում է Վատիկանի ադրբեջանամէտ կողմնակալութիւնը ֆինանսական նւիրատւութիւնների պատճառով, չնայած Հայաստանը քրիստոնեայ պետութիւն է, իսկ Ադրբեջանը՝ իսլամական:

2020 թւականի փետրւարի 22-ին Ադրբեջանի բռնակալ ղեկավար Իլհամ Ալիեւը եւ նրա կինը՝ երկրի փոխնախագահ Մեհրիբան Ալիեւան, պետական այցով ժամանել էին Վատիկան։ Նրանց պաշտօնապէս ընդունել էին Ֆրանցիսկոս Պապը, պետքարտուղար Կարդինալ Պիետրօ Պարոլինը եւ միջպետական յարաբերութիւնների քարտուղար արքեպիսկոպոս Պօլ Ռիչարդ Գալագերը: Ալիեւան Վատիկան էր եկել, որպէսզի ստանար Սուրբ Աթոռի կողմից աշխարհականներին շնորհւող բարձրագոյն պարգեւը՝ «Մեծ Խաչը»։ Այդ պարգեւը առաջարկում են թեմական եպիսկոպոսները՝ որպէս գնահատանքի եւ երախտագիտութեան նշան Եկեղեցուն կամ հասարակութեանը մատուցած ծառայութիւնների համար, եւ այն վերապահւած է պետութիւնների ղեկավարներին, նախարարներին, դեսպաններին եւ թագաւորական ընտանիքի անդամներին: Սակայն Ադրբեջանի նկատմամբ Վատիկանի հետաքրքրութեան շարժիչ ուժը Հէյդար Ալիեւի Հիմնադրամի կողմից տրամադրւող ֆինանսական աջակցութիւնն է։

Զարմանալիօրէն, չնայած փոքրամասնութիւնների, այլախոհների եւ այլ կրօնների նկատմամբ Ադրբեջանի անհանդուրժողականութեանը, Սուրբ աթոռն իր երախտագիտութիւնն է յայտնել «տարբեր դաւանանքների նկատմամբ Ադրբեջանի բաց լինելու եւ խաղաղ վերաբերմունքի համար»։

Վախենալով Ադրբեջանի նւիրատւութիւնների կորստից՝ Վատիկանը դժկամութեամբ է թոյլ տւել Բաքւի հասցէին որեւէ քննադատութիւն, յատկապէս՝ սեփական հոգեւորականների կողմից: «Հայր Ժորժ-Անրի Ռոյսենը հեռացւել է Հայրապետական արեւելեան ինստիտուտից, քանի որ նա քննադատում էր նրանց, ովքեր չէին ցանկանում օգտագործել «Հայոց Ցեղասպանութիւն» ձեւակերպումը»:

Հաշւի առնելով Ադրբեջանի «խաւիարային դիւանագիտութիւնից» օգուտ քաղելու ակնկալիքները՝ Վատիկանը չի ցանկացել աւելի էական բան ասել, քան «միջմշակութային եւ միջկրօնական երկխօսութեան կարեւորութիւնը՝ ի նպաստ տարբեր կրօնական եւ էթնիկ խմբերի միջեւ խաղաղ գոյակցութեան»՝ նկատի ունենալով հայերին եւ ադրբեջանցիներին։ Հռոմի Պապն աղօթել է Ղարաբաղի բնակիչների համար՝ յուսալով, որ «միջազգային հանրութեան աջակցութեամբ կողմերի միջեւ բանակցութիւնները կը խթանեն տեւական համաձայնութիւն, որը վերջ կը դնի մարդասիրական ճգնաժամին»: Նոյնիսկ 2020 թւականի պատերազմի ժամանակ «եկեղեցին չկարողացաւ դուրս գալ «բոլոր ներգրաււած կողմերին եւ միջազգային հանրութեանը» ուղղւած «զէնքերը վայր դնելու» չափաւորութեան ընդհանուր կոչերից այն կողմ»:

2023 թւականի հոկտեմբերի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինեանն առաքելական նւիրակ Խոսէ Աւելինօ Բեթենկուրտից ստացաւ նոյն պարգեւը, որը երեք տարի առաջ տրւել էր Ադրբեջանի փոխնախագահ Ալիեւային: Այնուամենայնիւ, կար մի էական տարբերութիւն. մինչ Ալիեւան իր մրցանակը ստացաւ անմիջապէս Հռոմի Պապից, Փաշինեանին պատւեց առաքելական նւիրակը: Կային նաեւ այլ տարբերութիւններ, որոնք «օգնեցին ամրապնդել Ալիեւների ընտանիքի իշխանութիւնը՝ չնայած Արցախում Մարդու իրաւունքների խախտումներին»:

«Մշակոյթի հայրապետական խորհրդի պատւաւոր նախագահ եւ Սրբազան հնագիտութեան հայրապետական յանձնաժողովի նախագահ Կարդինալ Ջանֆրանկօ Ռաւասին Վատիկանի ամենաբարձր պաշտօնեան է, որ առաւելագոյն ջանքեր է գործադրել Ադրբեջանի հետ երկխօսութիւն սկսելու համար»: 2013 թւականին նա Ադրբեջանի իշխանութիւնների կողմից պարգեւատրւեց Բարեկամութեան շքանշանով՝ բարձրագոյն պարգեւ, որը տրւում է «Ադրբեջանի եւ օտարերկրեայ պետութեան միջեւ բարեկամական, տնտեսական եւ մշակութային յարաբերութիւնների զարգացման գործում ունեցած յատուկ ներդրման համար»։

Կարդինալ Կլաուդիօ Գուջերոտին համարւում է Վատիկանի եւ Բաքւի միջեւ ստեղծւած «առանձնաշնորհեալ կապի գլխաւոր հերոսը»։ «Չափազանց կրթւած, բազմալեզու, յաւակնոտ եւ իշխանասեր կարդինալ Գուջերոտին Ալիեւների ընտանիքին ճանաչում էր 2002 թւականից, երբ դեռ ողջ էր 1969 թւականից իշխանութեան ղեկին գտնւող նախագահ Հեյդար Ալիեւը»։

2000-ականների սկզբին Գուջերոտին հանդիպել է Ադրբեջանի իշխանութիւնների հետ՝ որպէս Հարաւային Կովկասի նւիրակ, որը ստանձնել էր 2001 թւականին: Մինչ այդ Սուրբ Աթոռի այս նւիրակութիւնը վերաբերում էր միայն Վրաստանին եւ Հայաստանին: Այդ տարիներին, երբ Հայաստանը յաղթեց  Ադրբեջանին առաջին հակամարտութիւնում, տարածաշրջանում հրադադարը երաշխաւորում էր Ռուսաստանը։ Էթնիկական ատելութիւնը, որը դեռեւս սնում էր հակամարտութիւնը, սկսել էր հանդարտւել, սակայն նւիրակ Գուջերոտին Ադրբեջանն անւանեց «երկիր [որը] տարբեր կրօնների ժողովուրդների խաղաղ գոյակցութեան խորհրդանիշն է»։

«2011 թւականին՝ որպէս նւիրակ իր առաքելութիւնն սկսելուց տասը տարի անց, Գուջերոտին ստորագրեց պատմական համաձայնագիր, որն առաջին անգամ կարգաւորում էր Բաքւի եւ կաթոլիկ եկեղեցու միջեւ յարաբերութիւնները: Վաւերացման պահին վերյիշելով 2019 թւականին Բաքւի «Բարոյական արժէքների խթանման հիմնադրամի» կողմից  հրատարակւած «Քրիստոնէութիւնը Ադրբեջանում» գիրքը, Գուջերոտին երախտագիտութիւն է յայտնել (Ադրբեջանի) կառավարութեանը, որ պայմաններ է ստեղծել [համաձայնագիրը] հնարաւոր դարձնելու համար՝ ընդգծելով, որ մեր երկիրը միշտ հաւատարիմ է մնացել  հանդուրժողականութեան սկզբունքներին եւ նշել, որ համաձայնագիրը իր տեսակի մէջ եզակի փաստաթուղթ է, քանի որ Վատիկանը նախկինում երբեք նման համաձայնագիր չի ստորագրել որեւէ պետութեան հետ»:

Ըստ Գուջերոտիի՝ «Ադրբեջանը հերթական անգամ ցոյց տւեց իր հանդուրժողականութիւնը։ Այժմ ողջ աշխարհն է դրա ականատեսը։ Համոզւած եմ, որ այս փաստաթուղթը դրական արձագանգ կը ստանայ աշխարհում եւ կը յիշւի որպէս պատմական մեծ իրադարձութիւն։ Մամուլի արձագանգն առաջին իսկ օրւանից ապացուցում է, որ մենք իրաւացի ենք։ Սուրբ գահի եւ Թագի անունից այս ամենի համար իմ խորին շնորհակալութիւնն եմ յայտնում նախագահ Իլհամ Ալիեւին եւ Ադրբեջանի կառավարութեանը»։

2009 թւականից ի վեր Հէյդար Ալիեւի Հիմնադրամը՝ Մեհրիբան Ալիեւայի գլխաւորութեամբ, ֆինանսաւորում է Վատիկանում տարբեր միջոցառումներ՝ վերականգնման ծրագրեր, ցուցահանդէսներ եւ համերգներ: Ադրբեջանի կողմից ֆինանսաւորւող այլ նախագծերի թւում են՝ հռոմեական գետնադամբանները, Վատիկանի թանգարանները, Վատիկանի առաքելական գրադարանը եւ կաթոլիկ եկեղեցիները Ֆրանսիայում ու Ադրբեջանում: Այս նւիրատվութիւնները կազմել են մէկ միլիոն եւրօ:

2013 թւականին Գուջերոտին ստացաւ Մովսէս Խորենացի մեդալը՝ Հայաստանի բարձրագոյն պարգեւը, այն ժամանակւայ նախագահ Սերժ Սարգսեանի կողմից՝ հայագիտութեան մէջ իր կարեւոր աւանդի, ինչպէս նաեւ Երեւանի ու Սուրբ Աթոռի միջեւ յարաբերութիւնների ամրապնդմանն ուղղւած ջանքերի համար։

Յօդւածի հեղինակը եզրակացրել է՝ Վատիկանի եւ Ադրբեջանի միջեւ սերտ յարաբերութիւնները, թերեւս չնախատեսւած կերպով, ամրապնդել են ադրբեջանական միապետութեան գերիշխող դերը… ինչը կարող է նպաստել դիւանագիտական կարգաւորմանը, որը հետին պլան կը մղի կամ կջնջի ադրբեջանական միապետութեան կողմից իրականացւած յանցագործութիւններն ու ագրեսիաները:

ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ

«Կալիֆորնիա կուրիէր»

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ

Related Articles

Back to top button