Բենիամին Մատթէոսեան. «Հայաստանը՝ նոր Սիրիա. միջանցքը չի չեղարկի Ադրբեջանի այլ պահանջները»

«ԱԼԻՔ» – Քաղաքագէտ Բենիամին Մատթէոսեանն այն կարծիքի է, թէ միջանցքը չի չեղարկի Ադրբեջանի միւս պահանջները, որոնք Ալիեւը փորձում է պարտադրել Փաշինեանին: Այս մասին նա գրել է ֆէյսբուքեան իր էջում՝ զգուշացնելով, որ Հայաստանը կարող է վերածւել նոր Սիրիայի:
«Հայաստանը՝ նոր Սիրիա
Ահա նախկին Սիրիայի ազդեցութեան գօտիների քարտէզը։
Թուրքիային, ԱՄՆ-ին եւ Ադրբեջանին (այսինքն՝ ՆԱՏՕ-ին) միջանցքը յանձնելուց յետոյ Հայաստանում իրենց փաստացի գօտիները կունենան Ադրբեջանը (միջանցքը, ինչպէս նաեւ Ջերմուկի մօտակայքի օկուպացւած տարածքները եւ Հայաստանի ներսում «դելիմիտացիայի» արդիւնքում ձեւաւորւող սեպերը), Թուրքիան (միջանցքի համատեղ տիրապետում), ԱՄՆ-ը (միջանցքի տարածքում գործող մասնաւոր զինւած ուժեր) եւ Ռուսաստանը (առայժմ)։
-Ասադի՝ երկիրը վերահսկողութեան գօտիների բաժանմանը համակերպւելը Սիրիային չփրկեց նոր պատերազմից, իսկ Բաշար Ասադին՝ փախուստից։
-Միջանցքը չի չեղարկի Ադրբեջանի այլ պահանջները՝ Սահմանադրութեան փոփոխութիւնը, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը, ապառազմականացումը, ատոմոկայանի փակումը, ինչպէս նաեւ հարիւր հազարաւոր ադրբեջանցիների «վերաբնակեցումը» Հայաստանում։
Հայաստանի առանձնայատկութիւնն այն է, որ «պետութեան թաղումը» տեղի կունենայ ոչ թէ սգոյ ռեքւիեմի, այլ տարբեր Լոպէսների եւ նրանց նմանների ուրախ երգերի ու համերգների ներքոյ»,- գրել է նա: