Ամիր Հայաթ Մողադամ. «Ադրբեջանը՝ ԱՄՆ-ի եւ Իսրայէլի աջակցութեամբ, փորձում է գործարկել «Զանգեզուրի միջանցք»-ը»

«ԱԼԻՔ» – Իսլ. խորհրդարանի Ազգային Անվտանգութեան եւ արտաքին քաղաքականութեան յանձնաժողովի անդամ Ամիր Հայաթ Մողադամը «Թաբնաք»-ի հետ զրոյցում խօսել է Ադրբեջանի համագործակցութեան մասին սիոնիստական ռեժիմի եւ ԱՄՆ-ի հետ, Բաքւի բանտերում իրանցի բանտարկեալների հետապնդումների եւ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին, որն ըստ նրա՝ սպառնալիք է ներկայացնում Իրանի ազգային շահերի համար:
Նա նշել է, որ Ադրբեջանում իրանցի բանտարկեալները բախւում են անմարդկային, անօրինական եւ կողմնակալ վերաբերմունքի, որը ոչ միայն հակասում է մարդու իրաւունքների մասին օրէնքներին, այլեւ յստակ յանցագործութիւն է։
«Կառավարութիւնը պէտք է աւելի վճռականօրէն արձագանքի այս գործողութիւններին»,- ասել է նա:
Անդրադառնալով «Զանգեզուրի միջանցք»-ի թեմային՝ Հայաթ Մողադամը զգուշացրել է այդ մասին՝ նշելով, որ Ադրբեջանը փորձում է այն գործարկել ԱՄՆ-ի եւ սիոնիստական ռեժիմի աջակցութեամբ: Պատգամաւորն ընդգծել է, որ այդ միջանցքը կարող է ուղղակի սպառնալիք դառնալ տարածաշրջանային անվտանգութեան եւ Իրանի ազգային շահերի համար։
««Զանգեզուրի միջանցք»-ի գործարկման հարցը դեռեւս լուծւած չէ, բայց ամերիկացիներն ուշադիր հետեւում են դրան եւ փորձում են հնարաւորինս արագ իրականացնել այդ նախագիծը: Խորհրդարանն օգտագործել է իր բոլոր հնարաւորութիւնները դա կանխելու համար, բայց գլխաւոր դերը պատկանում է կառավարութեանը, որը պէտք է ակտիւ դիւանագիտութեան միջոցով կանխի Իրանի թշնամիների նպատակների իրականացումը»,- յստակեցրել է պատգամաւորը: