ՄիջազգայինՔաղաքական

Թրամփը զանգահարել է Ջէֆ Բեզոսին՝ Amazon-ից դժգոհելու համար

«ԱԼԻՔ» – Սպիտակ տունը ագրեսիւ միջոցներ է ձեռնարկել Amazon-ի դէմ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի առաւօտեան զանգահարել է Amazon-ի հիմնադիր Ջէֆ Բեզոսին, այն բանից յետոյ, երբ ընկերութիւնը քննարկել է որոշակի ապրանքների վրայ լրացուցիչ մաքսատուրքեր արտացոլելու հնարաւորութիւնը: Հաղորդում է CNN-ը։

Ըստ լրատւամիջոցների՝ Թրամփը զանգահարել է Բեզոսին՝ բողոքելու այն հաղորդագրութիւններից, ըստ որոնց՝ Amazon-ը քննարկում է ընկերութեան կայքում որոշ ապրանքների գների կողքին ԱՄՆ-ում սակագների արժէքը արտացոլելու հնարաւորութիւնը, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան բարձրաստիճան պաշտօնեաներին։

Թրամփը Բեզոսին զանգել է բարձրաստիճան պաշտօնեայի զանգից յետոյ, երբ վերջինս նախագահին յայտնել է Amazon-ին առնչւող վերոնշեալ պատմութեան մասին։ «Իհարկէ, նա զայրացած էր,- CNN-ին յայտնել է պաշտօնեաներից մէկը։ -Ինչո՞ւ պէտք է միլիարդաւոր դոլարների շահոյթ ստացող ընկերութիւնը ծախսերը դնի սպառողների ուսին»։ 

Երեքշաբթի անցկացւած ճեպազրոյցի ժամանակ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լեւիթը, քայլը «թշնամական եւ քաղաքական գործողութիւն» է որակել՝ յաւելելով, որ նախկինում այդ հարցը քննարկել է նախագահ Թրամփի հետ։ Amazon-ի խօսնակը CNN-ին ասել է, որ այդ քայլը «երբեք չի քննարկւել Amazon-ի գլխաւոր կայքի համար, եւ Amazon properties-ի որեւէ հաստատութիւնում ոչինչ չի իրականացւել»։ Ընկերութիւնը յայտարարել է, որ ուսումնասիրում է «որոշակի ապրանքների ներմուծման մաքսատուրքերը իր Haul կայքում նշելու գաղափարը», որտեղ վաճառում է 20 դոլարից էժան ապրանքներ, սակայն փոփոխութիւնը դեռեւս կեանքի ի կոչւել։

Related Articles

Back to top button