ԻրանՔաղաքական

Ղալիբաֆ. «Իսրայէլը 12-օրեայ պատերազմում կրել է ամենածանր հարւածն իր պատմութեան ընթացքում»

«ԱԼԻՔ» – Իսլ. խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, խօսելով Հիւսիսային Խորասան նահանգում կայացած «3000 նահատակների համաժողովում», ընդգծել է, որ երկրի անկախութիւնն ու անվտանգութիւնը հնարաւոր են դարձել նահատակների արեան, ազատամարտիկների զոհողութեան եւ ժողովրդի միասնութեան շնորհիւ։ Նրա խօսքով՝ այդ մշակոյթը դարձել է Իրանի դիմադրողականութեան հիմքը բոլոր արտաքին ճնշումների դիմաց։

Ինչպէս հաղորդում է «Թասնիմ»-ը՝ Ղալիբաֆը յայտարարել է, որ 12-օրեայ պատերազմի ընթացքում իսրայէլական ռեժիմը կրել է իր գոյութեան պատմութեան մէջ ամենածանր ռազմական ու հոգեբանական հարւածները։ Նա նշել է, որ Դիմադրութեան առանցքի ուժերի գործողութիւնները եւ Իրանի ժողովրդի անսպասելի դիմադրութիւնը ստիպել են Թել Աւիւի համաշխարհային հովանաւորներին՝ Վաշինգտոնից մինչեւ Լոնդոն, փորձել միջնորդել եւ խնդրել հրադադար։

Խորհրդարանի նախագահը ընդգծել է, որ պատերազմի ելքը որոշւել է ոչ թէ տեխնոլոգիական կամ ռազմական հաշւարկներով, այլ հաւատով եւ հոգեւոր ուժով, որն արմատաւորւած է տարածաշրջանի ժողովուրդների մէջ։ Նրա խօսքով՝ այս հաւատն է, որ միաւորում եւ յոյս է ներշնչում ժողովուրդներին ու կարողանում փոխել ուժերի հաւասարակշռութիւնը յօգուտ Դիմադրութեան ճակատի։

Ղալիբաֆը նշել է, որ արեւմտեան ուժերը սխալ հաշւարկ են կատարել՝ կարծելով, թէ իրանցիները հեռացել են յեղափոխութեան եւ նահատակների արժէքներից։ Սակայն, ըստ նրա՝ իւրաքանչիւր ճգնաժամի ժամանակ ժողովուրդը կրկին ապացուցում է իր հաւատարմութիւնն այդ գաղափարներին եւ պաշտպանում հայրենիքն ու հաւատքը։

Նա յաւելել է, որ Իրանի իրական ուժը ոչ թէ զէնքի կամ տնտեսութեան մէջ է, այլ ժողովրդի հաւատքի, գիտակցութեան եւ զոհաբերութեան մշակոյթի մէջ։ Այդ մշակոյթն է, որն ըստ Ղալիբաֆի՝ թոյլ չի տւել, որ երկիրը ծնկի գայ անգամ ամենածանր տնտեսականեւ քաղաքական ճնշումների ներքոյ։

Ղալիբաֆը եզրափակել է՝ ընդգծելով, որ այն աշխարհում, որտեղ ուժեղները խօսում են խաղաղութեան մասին, բայց գործում բռնութեամբ, Իրանը կարողացել է մնալ անկախ ու արժանապատիւ՝ առաջնորդւելով նահատակների գաղափարներով եւ դիմադրութեան մշակոյթով։

Related Articles

Back to top button