Նեթանիահուի քաղաքական հաշւարկները՝ The Washington Post-ի ուշագրաւ հրապարակման կենտրոնում

Իրանի դէմ նոր պատերազմի հեռանկարը եւ ԱՄՆ-ի դերակատարութեան հարցը՝ հրապարակման շուրջ ծաւալւած քննարկումներում։
The Washington Post-ի հրապարակման շուրջ X սոցիալական ցանցում ծաւալւած քննարկումներում մի շարք մեկնաբաններ ուշադրութիւն են հրաւիրել նաեւ ԱՄՆ-ի հնարաւոր դիրքորոշման վրայ։ Նրանցից ոմանք գտնում են, որ Նեթանիահուի քաղաքական հաշւարկներում առանցքային նշանակութիւն ունի Վաշինգտոնին Իրանի դէմ նոր պատերազմի մէջ ներքաշելը, քանի որ Իսրայէլի համար նման հակամարտութիւնն առանց ամերիկեան անմիջական մասնակցութեան կարող է լուրջ մարտահրաւէր դառնալ։
Քննարկման մասնակիցների մի մասը նաեւ քննադատել է Նեթանիահուի ներքաղաքական հաշւարկներն Իրանի դէմ ռազմական գործողութիւնների վերսկսման վտանգը կապելով նրա իշխանական դիրքերի պահպանման հետ։ Միւսները, սակայն, հակադարձել են, որ Իրանի ռազմական գործողութիւններն արդէն շարունակւում են, եւ հակամարտութեան սրացման պատասխանատւութիւնը միայն իսրայէլական կողմին վերագրելը չի արտացոլում ամբողջ պատկերը։
Յատկանշական է, որ Վաշինգտոնի պաշտօնական յայտարարութիւնները եւս առայժմ չեն մատնանշում Իրանի դէմ նոր լայնածաւալ ռազմական գործողութիւնների վերսկսման պատրաստակամութիւն։ ԱՄՆ պետքարտուղար Մարկօ Ռուբիոն նոյեմբերի 13-ին յայտարարել է, որ տնտեսական ճնշման արդիւնաւէտութեան պայմաններում նոր ռազմական գործողութիւնների անհրաժեշտութիւն չի տեսնում։



