Քաղաքական

Հայերը ցանկանում են վայելել կեանքը, ոչ թէ յաւերժ պայքարել, ասել է Փաշինեանը

Վարչապետ Նիկոլ Փաշինեանն անցած շաբաթ շարունակել է պաշտպանել իր զիջողական քաղաքականութիւնն Ադրբեջանի նկատմամբ՝ համարելով, որ հայերը նախընտրում են վայելել իրենց կեանքը, քան յաւերժական պայքար մղել:

Յունիսի 23-ին դիմելով իր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան ղեկավարներին՝ Փաշինեանը հռետորական հարց է տւել. «Կարո՞ղ ենք պետութիւնն ընկալել որպէս այստեղ ապրող մարդկանց բարեկեցութիւնն ու երջանկութիւնը հնարաւոր դարձնելու միջոց եւ ոչ թէ պլացդարմ, ֆորպոստ յաւերժական ինչ-որ պայքարի համար… Հայաստանի Հանրապետութիւնը յաւերժական պայքարի գործի՞ք է, թէ՞ Հայաստանի Հանրապետութիւնն ապրելու գործիք է»։

Սա այն վարդագոյն խոստումն է, որ Փաշինեանը տւել է ժողովրդին՝ 2018 թւականին իշխանութեան գալու համար: Նա խաբել է հայ հասարակութեանը՝ խոստանալով նրանց բերել խաղաղութիւն եւ աւելի բարձր եկամուտ: Հիմա մենք տեսնում ենք, որ մահից ու տառապանքից բացի նա ոչինչ չի բերել ազգին՝ զոհաբերելով հազարաւոր զինւորների, Արցախի ամբողջ տարածքը եւ Հայաստանի Հանրապետութեան որոշ հատւածներ։ Հակասելով նախկին վարչակարգերին ուղղւած իր իսկ քննադատութիւններին՝ պետական պարտքն աւելացնելու համար, նա աւելի քան կրկնապատկեց այն՝ միլիարդաւոր դոլարների պարտք վերցնելով միջազգային ֆինանսական կառոյցներից՝ այդպիսով հսկայական բեռ դնելով ապագայ հայ սերունդների ուսերին։

Փաշինեանի միակ ձեռքբերումը սեփական ընտանիքի համար շքեղ կեանք ստեղծելն է՝ ապրելով կառավարական առանձնատանը, շրջելով թանկարժէք աւտոմեքենաներով, թռչելով շքեղ կառավարական ինքնաթիռով ամբողջ աշխարհով մէկ եւ մնալով տարբեր մայրաքաղաքների հինգաստղանի հիւրանոցներում: Ի հակադրութիւն, նա հեծանիւով էր գնում գրասենեակ վեց տարի առաջ։

Յունիսի 23-ի իր ելոյթում Փաշինեանը յօրինեց երկու գոյութիւն չունեցող «մարտահրաւէրներ եւ սպառնալիքներ», որոնց ենթադրաբար առերեսւում է հայ ժողովուրդը: Նա ասաց.

1) «Կան մեծ երկրներ, միջազգային մեծ խաղացողներ, որոնք ասում են. «….Դու ախր ապրող ժողովուրդ չես, դու տառապող ժողովուրդ ես, դու պէտք է տառապէս, դու պէտք է գաղթես, կոտորւես, մաքառես եւ այդ ամէն ինչի միջոցով գաս ինձնից փրկութիւն աղերսես, ու ես պէտք է գամ քեզ փրկեմ»։

2) Փաշինեանն ասաց, որ երկրորդ մարտահրաւէրը եկել է «Ադրբեջանից, յատկապէս Ադրբեջանից, որի ասածը, շատ կարճ ձեւակերպւած, հետեւեալն է. Դու ինձ չես թողել ես 30 տարի ապրեմ, ես էլ քեզ չեմ թողելու, որ դու ապրես, ու պիտի վրէժս քեզանից լուծեմ»:

Փաշինեանի վերոնշեալ երկու պարտւողական յայտարարութիւնները լաւագոյն ապացոյցն են այն բանի, որ նա ապաշնորհ ղեկավար է, ինչը պահանջում է նրա անյապաղ հրաժարականը՝ քանի դեռ նա չի կործանել մեր հայրենիքը:

Նախեւառաջ, աշխարհում ոչ ոք չի ասել, որ հայերը պէտք է տառապեն: Սա կեղծ լուր է: Միակ մարդը, որից հայերին պէտք է փրկել՝ Փաշինեանն է: Եթէ հայերը ցանկանում են շարունակել իրենց գոյութիւնը որպէս ազգ, ապա պէտք է հնարաւորինս շուտ Փաշինեանին փոխարինեն աւելի ունակ ղեկավարով, որը կը կարողանայ պաշտպանել Հայաստանի շահերը՝ միաժամանակ ապահովելով ժողովրդի պատշաճ կենսամակարդակը: Այս երկու նպատակները միմեանց չեն բացառում:

Երկրորդ, ինչո՞ւ է Փաշինեանը վարւում այնպէս, կարծես թէ ինքն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի խօսնակն է: Ամէն անգամ, երբ Փաշինեանը բացում է բերանը, յստակ տպաւորութիւն է ստեղծւում, որ Ալիեւը նստած է ոչ թէ Բաքւում, այլ Երեւանում՝ Հայաստանի վարչապետի աթոռին… Ադրբեջանցիները 30 տարի չեն տառապել. նրանք հիանալի ապրել են՝ միլիարդաւոր դոլարներ վաստակելով իրենց նաւթն ու գազը աշխարհով մէկ արտահանելով, Բաքւում բազմաթիւ երկնաքերներ կառուցելով եւ  հեղինակաւոր միջազգային միջոցառումներ ու համաժողովներ հիւրընկալելով: Առաւել զարմանալին այն է, որ քանի որ Փաշինեանն ասում է՝ Ալիեւը մտադիր է վրէժ լուծել Հայաստանից, ապա ինչո՞ւ է նա խնդրում Ադրբեջանին խաղաղութեան պայմանագիր ստորագրել: Արդեօք թղթի մի կտորը կը խանգարի՞ Ալիեւին հրաժարւել վրէժ լուծելու մտադրութիւնից:

Կարծես թէ այս անհեթեթ յայտարարութիւնները բաւարար չէին, Փաշինեանը խօսեց «այն պատճառների մասին», թէ ինչու է ընդդիմադիր շարժումը, որը ղեկավարում է արքեպիսկոպոս Բագրատ Գալստանեանը, «թուլացել»: Բացի բարձրաստիճան հոգեւորականի նւաստացմանն ուղղւած աղաղակող ստերից, Փաշինեանն ու նրա համախոհներն անընդհատ կրկնում են այն կեղծ գաղափարը, թէ ընդդիմադիր շարժումը ձախողւել է։ Եթէ շարժումը իսկապէս ձախողւել է, ինչո՞ւ է Փաշինեանը շարունակում խօսել դրա մասին: Ճշմարտութիւնն այն է, որ Փաշինեանը եւ նրա հետեւորդները լրջօրէն մտահոգւած են արքեպիսկոպոսի գործունէութեամբ եւ նրա բազմաթիվ հետեւորդներով: Վարչակարգի մտահոգութիւնն արդարացւած է, որովհետեւ վեց տարւայ ընթացքում առաջին անգամ մէկ մարդ կարողացել է համախմբել ողջ ընդդիմադիր դաշտը մէկ հովանու ներքոյ, ինչը մինչեւ հիմա ոչ մէկին չի յաջողւել իրականացնել…

Նման անհեթեթ յայտարարութիւններով Փաշինեանը պարզապէս փորձում է յետ պահել իր կուսակցութեան անդամներին յանձնւելուց՝ խորտակւող նաւը լքող առնետների նման: Գաղտնիք չէ, որ խորհրդարանում եւ կառավարութիւնում նրա հետեւորդները խիստ անհանգստացած են իրենց աշխատանքով եւ եկամուտներով, եթէ ընդդիմութեանը յաջողւի տապալել իշխանութիւնը։ Բացի այդ, Փաշինեանը եւ նրա կողմնակիցները լրջօրէն մտավախութիւն ունեն, որ կը ձերբակալւեն եւ կը մեղադրւեն կոռուպցիայի, իշխանութեան չարաշահման, Հայաստանի Հանրապետութեան օրէնքները խախտելու եւ Արցախն ու Հայաստանի Հանրապետութեան տարածքները Ադրբեջանին յանձնելու մէջ:

Վերջին օրերին արքեպիսկոպոս Գալստանեանը սկսել է ճամբորդել Երեւանից դուրս՝ երկրի այլ հատւածներում համախոհներ ձեռք բերելու նպատակով: Արքեպիսկոպոսը պէտք է ընդդիմադիր խմբեր ձեւաւորի Հայաստանի բոլոր գիւղերում եւ քաղաքներում, որպէսզի շարժումը ընդլայնւի Երեւանից դուրս՝ այն դարձնելով ազգային: Բողոքի ակցիաները ամբողջ երկրում տարածելու երկրորդ առաւելութիւնն այն է, որ Փաշինեանը չի կարողանայ հազարաւոր ոստիկաններ բերել ամբողջ երկրից Երեւան՝ ընդդիմութեան բողոքի ակցիաները ճնշելու համար: Եթէ նոյն օրը Հայաստանի բոլոր մարզերում միաժամանակեայ բողոքի ցոյցեր լինեն, ոստիկանները ստիպւած կը լինեն մնալ իրենց տեղական տարածքներում՝ դրանով իսկ անհնարին դարձնելով նրանց մեծ թւով Երեւան գալը՝ ցուցարարների վրայ յարձակւելու համար։

Վերջապէս, քանի որ սփիւռքահայերը նոյնպէս աջակցում են ընդդիմադիր շարժմանը, արքեպիսկոպոսը պէտք է իր շարժման ներկայացուցիչներ նշանակի տարբեր երկրներում, որպէսզի այն դառնայ համահայկական համաշխարհային շարժում՝ չսահմանափակւելով միայն Երեւանով կամ Հայաստանով:

ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ

«Կալիֆորնիա կուրիէր»

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ

Related Articles

Back to top button