ՄիջազգայինՔաղաքական

Ադրբեջանում ԶՈՒ համալրման խնդիր կա՞յ, թէ՞ պատերազմի են պատրաստւում. 35 տարեկանը չլրացած «նեգոդնի» ճանաչւածների որոշումները կը վերանայւեն

Ադրբեջանում անսպասելի որոշում է կայացւել ծառայութեան համար ոչ պիտանի ճանաչւած անձանց համար:

Մասնաւորապէս, ադրբեջանական լրատւամիջոցները, յղում անելով Ադրբեջանի պետական բժշկասոցիալական փորձաքննութիւնների եւ վերականգնման գործակալութեանը, գրել են, որ նախկինում ծառայութեան համար ոչ պիտանի ճանաչւած մինչեւ 35 տարեկան քաղաքացիները կրկնաստուգում կանցնեն, որից յետոյ միայն կորոշւի՝ նրանք պիտանի՞ են ծառայութեանը, թէ՞ ոչ:

Նշենք, որ յուլիսի 1-ին ՀՀ պաշտպանութեան նախարար Սուրէն Պապիկեանի գլխաւորութեամբ տեղի էր ունեցել պաշտպանութեան նախարարին կից կոլեգիայի նիստ՝ «ՀՀ ԶՈՒ անձնակազմի համալրման խնդիրներն ու լուծման ուղիները» օրակարգով, որի ժամանակ նախարարը նշել էր, որ առաջիկայում ձեռնարկւելու են քայլեր, որոնք կը խթանեն անձնակազմի համալրման կարեւոր գործընթացը:

«ԶՈՒ համալրման գործընթացն անհրաժեշտ է մշտապէս՝ ամենօրեայ ռեժիմով պահել ուշադրութեան կենտրոնում, եւ այդ համատեքստում քննարկւող հարցերն անչափ կարեւոր են զինւած ուժերի մարտունակութեան ամրապնդման գործում»,- շեշտել էր Սուրէն Պապիկեանը:

Աւելի վաղ՝ փետրւարի 2-ին, ՀՀ պաշտպանութեան նախարար Սուրէն Պապիկեանը Պետրոս Ղազարեանի հետ հարցազրոյցի ժամանակ նշել էր, որ զօրակոչի հետ կապւած մտահոգիչ խնդիրներ կան:

«Այս ուղղութեամբ մենք հիմա աշխատանք ենք տանում, մի շարք փոփոխութիւններ ենք նախաձեռնելու կառավարութեան որոշումներում, հնարաւոր է, որ անհրաժեշտութիւն ունենանք նաեւ օրէնսդրական փոփոխութիւններ կատարելու: Բայց մի բան փաստ է, որ ծառայելու պատրաստակամութեան պակաս ունենք։ Շատերը փորձում են զարտուղի ճանապարհներով խուսափել զինւորական ծառայութիւնից։ Վարչապետն անդրադարձել է դրան, կայ յանձնարարական բոլոր պատկան մարմիններին՝ դրանով զբաղւել, Պաշտպանութեան նախարարութիւնը պատրաստակամ է բոլոր հարցերում աջակցել, վեր հանել բոլոր խնդիրները, որ կարողանանք հաւասարութեան սկզբունքը մեր երկրում ապահովել»,- շարունակել էր Պապիկեանը:

ՀՀ պաշտպանութեան նախարարից առաջ Նիկոլ Փաշինեանն էր Հայաստանի Հանրապետութեան բանակի կազմաւորման 32-րդ տարեդարձին նւիրւած տօնական միջոցառմանը նշել. «Առերեսւում ես դառը իրականութեանն առ այն, որ զօրակոչի ենթակայ տարիքային խմբի կէսից քիչն է զօրակոչւում բանակ»:

«Սա կամ նշանակում է, որ մեր սերունդն առողջական ծանր պրոբլեմներ ունի, կամ էլ զօրակոչը Հայաստանի Հանրապետութիւնում մնում է կոռուպցիայի ամենածաղկուն միջավայրը, որտեղ միմեանց հետ դաշնակցում են բժշկական հանրութեան, զինւորականութեան եւ հանրութեան ներկայացուցիչներ»,- շարունակել էր նա:

Այսինքն, երկրի ղեկավարը գաղտնազերծում էր թոյլ տւել՝ «զօրակոչի ենթակայ տարիքային խմբի կէսից քիչն է զօրակոչւում բանակ», եւ որոշակի յուշում կատարել, որից կարող է օգտւել հակառակորդը, եթէ հաշւի առնենք նաեւ, որ 2020 թւականի հոկտեմբերի 5-ին Նիկոլ Փաշինեանը վերջին մէկ տարում զօրացրւած զինւորներին ուղղւած իր մարտակոչում յայտնել էր, որ «այդպիսի 10.000 տղայ կայ Հայաստանում»:

Ի դէպ, 2023 թւականի նոյեմբերին ՔՊ-ական պատգամաւոր Հայկ Սարգսեանը, երբ ներկայացնում էր իր օրինագիծը, դարձեալ գաղտնիութեան տարրեր պարունակող տւեալներ էր յայտնել։

«Առնւազն վերջին 15 տարւայ ընթացքում ամէն տարի ունեցել ենք աւելի քիչ թւով զօրակոչիկ, ժամկէտային զինծառայող, քան նախորդ տարի: 2010 թվականին 44.000 ժամկէտային զինծառայող է եղել ՀՀ-ում, սակայն 9 տարւայ ընթացքում մօտ 44 տոկոսով նւազել է այդ թիւը՝ 44.000-ից դառնալով 24.000»,- մանրամասնել էր նա:

Բնականաբար, ոչ մի պատասխան չտւեց ՔՊ-ական պատգամաւորը, որովհետեւ սա կը նշանակէր, որ իր գաղտնիութեան տարրեր պարունակող տւեալներ հրապարակելու համար պատասխանատւութեան պիտի ենթարկւի առաջինը Նիկոլ Փաշինեանը:

Իսկ Նիկոլ Փաշինեանի եւ Սուրէն Պապիկեանի՝ զօրակոչի հետ կապւած մտահոգութիւններից եւ գաղտնազերծումներից յետոյ զինծառայութիւնից ազատող հիւանդութիւնների ցանկը որոշւեց կրճատել: Բայց, բնական է, որ ԶՈւ համալրման, այդ թւում՝ անձնակազմի հետ կապւած խնդիրը շարունակում է բարդ լուծելի մնալ:

Իսկ ծառայելու պատրաստակամութեան պակասի մասին խօսող Սուրէն Պապիկեանը եւ Նիկոլ Փաշինեանը նախ իրենք իրենց պիտի հարց տան՝ ինչո՞ւ է այդպէս սուր համալրման խնդիրը, ինչո՞ւ կարող է սպան, ինչպէս ՔՊ-ական պատգամաւոր Արմէն Խաչատրեանն է ասել՝ «Սպան գալիս, ասում է` չեմ ծառայում, վերցրէք ձեր 10 մլն-ը, ես գնացի…»:

Այսինքն, ոչ միայն պիտի յետ գնան դէպի 2020 թւականի 44-օրեայ պատերազմ, հաշւի առնեն դրա ելքը, կորուստները, պատերազմից յետոյ մօտ 3 տարւայ ընթացքում ՀՀ ԶՈւ-երում ստեղծւած մթնոլորտը, կարգապահութիւնը, բարոյահոգեբանական վիճակը, արտաքին վտանգներին դիմակայելու ոչ բաւարար կարողութիւնը, պատերազմից յետոյ 3 տարւայ ընթացքում մարդկային ու տարածքային կորուստները, բանակի մասին յայտարարութիւններն ու տարւող քաղաքականութիւնը, օրէնսդրական նախաձեռնութիւնները, երբ փողով կարելի է ազատւել զինծառայութիւնից, իշխող ուժի ներկայացուցիչների եւ պաշտօնեաների՝ տարբեր հանգամանքներով, պատճառաբանութեամբ՝ օբիեկտիւ ու սուբիեկտիւ, բանակում չծառայելու հանգամանքը եւ փաստերը։ Եւ, որ ամենակարեւորն է՝ այսօր իր դիրքում կանգնած զինծառայողը՝ ժամկէտային, պայմանագրային, ապահովագրւած չէ այն բանից, որ իր կանգնած դիրքը, տարածքը վաղը կարող է ՀՀ իշխանութիւնները ոչ հայկական համարեն եւ յանձնեն Ադրբեջանին, զինծառայողն այսօր կաշկանդւած է, որ յանկարծ չդատւի կրակելու համար, յատկապէս, երբ Փաշինեանի կառավարութիւնն առաւել հակւած է մեղադրել սեփական զինւորին, հիմա էլ որոշել է ռազմական արդարադատութիւնը «յանձնել» Ալիեւի ձեռքը՝ առաջարկելով երկկողմ հետաքնութիւնների մեխանիզմ ձեւաւորել, որտեղ կողմերից կարող են ներգրաււած լինել զինւորական դատախազները կամ այլ պաշտօնեաներ:

ՀՀ ԶՈՒ համալրման վերը նշւած պատճառների շարքը կարելի է լրացնել, իսկ թւարկւածներից իւրաքանչիւրի վերաբերեալ կարելի է երկար եւ մանրամասն խօսել, բայց թողնենք մէկ այլ առիթի:

Իսկ մինչ այդ, ինչպէս արդէն նշեցինք՝ Ադրբեջանում անսպասելի որոշում է կայացւել ծառայութեան համար ոչ պիտանի ճանաչւած անձանց համար, եւ նախկինում ծառայութեան համար ոչ պիտանի ճանաչւած մինչեւ 35 տարեկան քաղաքացիները կրկնաստուգում կանցնեն, որից յետոյ նոր միայն կորոշւի՝ նրանք պիտանի՞ են ծառայութեանը, թէ՝ ոչ:

Իսկ թէ հետին ինչ նպատակներ կան թաքնւած ադրբեջանական այս որոշման մէջ, ժամանակը ցոյց կը տայ՝ Ադրբեջանի ԶՈՒ-ն համալրման հետ կապւած խնդիրներ ունի՞, թէ՞ պատրաստւում են լայնամասշտաբ գործողութիւնների եւ այսօրւանից արդէն մարդկային ռեսուրսի խնդիրներն են փորձում լուծել:

168.am

Related Articles

Back to top button