Հայաստան - Արցախ

Դիմանալու չի

(Վերջին յօդւած)

ԱՒԵՏԻՔ ԻՇԽԱՆԵԱՆ

 

Չնայած ինքս ինձ խօսք էի տւել այլեւս յօդւած չգրել, բայց չդիմացայ եւ որոշեցի մինչեւ վերջ անկեղծանալ։

Չեմ հասկանում, մի՞թէ կարելի է այդ աստիճան, լաւագոյն դէպքում՝ անտարբեր կամ ատելութեամբ լցւած լինել հայրենակից-արցախցիների նկատմամբ։ Այն, ինչ կատարւում է արցախցիների հետ, այլ բացատրութիւն չունի։ Պարզւում է, որ արցախցիների տեղահանութիւնից դեռ մէկ տարի չլրացած, Հայաստանն արդէն լքել են Արցախցիների այս կրկնակի արտագաղթի պատճառներն են՝ ոչ միայն իշխանութեան բացայայտ թշնամական, նաեւ չեմ բացառում, այլեւ համոզւած եմ՝ Հայաստանի բնակչութեան մեծամասնութեան՝ կամ անտարբեր, կամ բացասական վերաբերմունքն իրենց տառապած հայրենակիցների նկատմամբ:

Վարչապետ կոչեցեալի ուղղակի ցուցումներով, նրան հաւատարիմ, մարդկային դէմքը կորցրած չմարդները (ամենայն հաւանականութեամբ՝ քաղաքացիական հագուստով ոստիկանները, ինչպէս Սամուէլ Վարդանեանի դէպքում) դաժան ծեծի են ենթարկում արցախցիներին: Իսկ ի՞նչ կասէք Արցախի քաղաքապետերին մեղադրանքներ առաջադրելու, կալանաւորելու, Արցախի ներկայացուցուցչութեան վրայ վայրենի յարձակման մասին։ Փաստօրէն, վարչապետ կոչեցեալը ոչ միայն համաձայնւել է, որ իր «բարեկիրթ» գործընկերը գերեվարի Արցախի նախկին ղեկավարներին, այլեւ ցինիկաբար շարունակում է կատարել երկկողմ պայմանաւորւածութիւնը։ Այլ բացատրութիւն չունեմ՝ կամ անթաքոյց ատելութիւն արցախցիների նկատմամբ («մենք մեր քաղաքը պէտք է ազատագրենք ղարաբաղցի տականքներից»), կամ պայմանաւորւածութիւն թշնամու հետ։ Ամենայն հաւանականութեամբ՝ ե՛ւ-ե՛ւ։ Բայց արդեօք այդ ատելութիւնը դրսեւորւում է միայն արցախցիների՞ նկատմամբ։ Հիմնականում՝ այո, բայց նաեւ բոլոր նրանց, ովքեր իր հպատակները չեն։ Այն չի նշանակում, որ վարչապետ կոչեցեալն իր հպատակներին սիրում է։ Ո՛չ, նա մնացած բոլորին արհամարհում է ու նւաստացնում։ Նա հաճոյք է ստանում իր կողմից ատելի գործիչներին ու մարդկանց խոշտանգելուց, ինչպէս նաեւ հպատակներին նւաստացնելուց։ Ինչ վերաբերում է իրեն հաւատարիմ ստրուկ պատգամաւոր-նախարարներին, ապա դրանք վարչապետ կոչեցեալի համար ընդամէնը բութ գործիքներ են՝ զուրկ մարդկային, ազգային արժանապատւութիւնից, որոնք նրան ծնկաչոք երկրպագում են՝ միայն ու միայն յանուն փողի, անկախ այդ փողի ծագումից, այն կը լինի թուրքա-ադրբեջանական, թէ թմրամիջոցների վաճառքից (ի դէպ, ազգովին մոռացանք կոկաինի գործը)։ Նրանք բոլորը, իրենց ստրկատիրոջ հետ, զուրկ են մարդկային տարրական յատկութիւններից՝ գթասրտութիւն, խիղճ, կարեկցանք։ Այդ մասին է վկայում նաեւ, որ վարչապետ կոչեցեալին ու նրա հաւատարիմ ստրուկներին բացարձակապէս չեն հետաքրքրում Բաքւի զնդաններում տառապող մեր գերիների եւ Արցախի ղեկավար-պատանդների ճակատագրերը։ Չմոռանանք նաեւ տնազուրկ եղած կիրանցեցիներին, թշնամու թիրախում գտնւող սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին։ Եւ, ինչպէս 2021 թւականին, երբ դեռ թարմ էին պարտութեան վէրքերը, այնպէս էլ այս տարի, Արցախի ցեղասպանութեան մէկ տարին չլրացած, ուղղակի ապշում ես՝ տեսնելով ՔՊ-ականների տարածած տարաբնոյթ, ուրախ-զւարթ խնջոյքների լուսանկարները։ Եւ ինչպէս նոյն 2021 թւականին՝ Յունաստանի լողափերից, այնպէս էլ այս տարի՝ Իսպանիայից, ԱԺ խօսնակը տարածում է իր երջանիկ հանգստի լուսանկարները, բառի բուն իմաստով՝ թքած ունենալով, ինչպէս Արցախի, այնպէս էլ՝ Հայաստանի եւ հայ ժողովրդի վրայ։

Ամենացաւալին այն է, որ իրականում մենք բոլորս այս ամէնը հանդուրժում ենք։ Այլ բացատրութիւն գոյութիւն չունի։

Մի քանի օրինակներ այլ, այսպէս կոչւած, ժողովրդավարական, քաղաքակիրթ երկրներից։ Յիշում եմ, տարիներ առաջ Յունաստանում ոստիկանական բաժանմունքում զոհւել էր 12-ամեայ մի պատանի։ Ողջ Յունաստանը ոտքի կանգնեց եւ, այո՛, ոչ խաղաղ, ագրեսիւ հակակառավարական ցոյցերով հասան կառավարութեան հրաժարականին։ Ֆրանսիայում կենսաթոշակային տարիքը մեծացնելու օրէնքի նախագծի դէմ դուրս եկան միլիոնաւոր քաղաքացիներ, բոլոր քաղաքներում։ Ցուցարարները քանդուքարափ էին անում ամէն ինչ՝ խանութներ, աւտոմեքենաներ։ Եւ վերջապէս, Իսրայէլում 100000-աւոր քաղաքացիներ իրենց իշխանութիւնից պահանջում են վերադարձնել հրեայ պատանդներին, ինչպէս նաեւ կառավարութեան հրաժարականը։ Բնականաբար, ցուցարարների գերակշիռ մասը պատանդ-ազգական չունէր, բայց հրեաների համար բոլոր հրեաները հարազատներ են։

Իսկ մե՞նք… Իսկ մենք կարծես մոռացել ենք Արցախի կորուստը, ոչ միայն իրենց հոգսերով միայնակ ենք թողել արցախցիներին, այլեւ հազարաւոր զոհւածների հարազատներին, եւ ուրախութեամբ մասնակցում ու վայելում ենք Գինու փառատօնը, պատրաստւում մեկնել ամառային հանգստի։

Այլ, ցանկացած երկրում, ոչ միայն պարտութիւնը, հայրենի տարածքների կորուստը, թշնամու զնդաններում գերիների տառապանքը, այլեւ Սոնա Մնացականեանի, Արմէն Գրիգորեանի ողբերգական մահերը, Ապարանում 3 երիտասարդների սպանութիւնը, 15 զինծառայողների ողջակիզումը պատճառ կը հանդիսանային, որ ողջ ժողովուրդը, բոլոր բնակավայրերում ոտքի կանգնէր եւ վռնդէր, մեղմ ասած՝ ապիկար իշխանութեանը։

Այս ամէնի դէմ պայքարի ելան ընդամէնը մի քանի տասնեակ հազարներ, իհարկէ, միայն խաղաղ, սահմանադրական ճանապարհով։ 2021 թւականից սկիզբ առած ընդդիմադիր տարբեր ձեւաչափերով շարժումների անյաջողութեան պատճառները, իմ կարծիքով, շարժման ղեկավարների մեծ մասի իրական ցաւ չապրելն էր, ինչպէս նաեւ վճռականութեան բացակայութիւնը՝ քօղարկւած «միայն սահմանադրական ճանապարհով» դատարկ խօսքերով։

Հարց է առաջանում. արդեօք հայ ժողովուրդն իր գերակշիռ մեծամասնութեամբ անտարբե՞ր է մերձաւորի ցաւին, թէ՞ ուղղակի վախկոտ է ու խեղճուկրակ։ Համոզւած պնդում եմ՝ ե՛ւ-ե՛ւ։

Այժմ անկեղծանամ։ Իմ կեանքը բաժանւեց երկու մասի՝ մինչ 2020 թւականի նոյեմբերի 9-ը եւ դրանից յետոյ։ Նոյեմբերի 9-ից յետոյ իմ կեանքը փլուզւեց։ Վերանայեցի ողջ անցած տարիներս։ Փաստօրէն, անիմաստ եղաւ «Ղարաբաղ» կոմիտէի, Հայոց «Համազգային» շարժման ստեղծումը, հետեւաբար եւ՝ իմ անդամակցութիւնը այդ կառոյցներին։ Վերանայեցի իմ յարաբերութիւններն ու սաստիկ հիասթափւեցի իմ՝ արդէն նախկին գործընկերներից, որոնք հիմնականում շարունակում են կրծքով պաշտպանել Արցախն ուրացած, հայրենի տարածքները վաճառքի հանած վարչապետ կոչեցեալին։ Հիասթափւեցի նաեւ հայ ժողովրդի գերակշիռ մեծամասնութիւնից, որ հանդուրժում են համազգային նւաստացումը։ Այս ամէնը քայքայեց առողջութիւնս…

Բնականաբար, ընթերցողի մօտ հարց կը ծագի. «Է, դու լինէիր այդ վճռական ընդդիմադիր գործիչը»։ Ընդունում եմ մեղադրանքը, չնայած իմ «քաշով» փորձել եմ լինել վճռական։ Ակտիւ մասնակցել եմ բոլոր ընդդիմադիր շարժումներին, կոչ արել շարժման ղեկավարներին լինել վճռական, երկու անգամ բերման եմ ենթարկւել։ Տարբեր հանդիպումներ եմ ունեցել ընդդիմադիր գործիչների հետ՝ փորձելով բոլորին համախմբել։ Ցաւօք, փորձերն անյաջողութեան են մատնւել։ Պատճառները տարբեր են, կամ փոխադարձ վստահութեան պակաս, կամ՝ չզարմանաք, զրուցակիցներս հետաքրքրւում էին, թէ արդեօք ես ունե՞մ համապատասխան ֆինանսական ռեսուրսներ։ Անկեղծանամ, ես միակ անդամն եմ «Ղարաբաղ» կոմիտէի եւ ՀՀՇ-ի, որ հրաժարւել եմ տարբեր պաշտօններից եւ, բացի նեղութիւնից, ոչ մի անձնական օգուտ չեմ ակնկալել եւ ստացել։ Լինելով «Ղարաբաղ» կոմիտէի, ՀՀՇ անդամ, «Մաշտոց» միաւորման նախագահ, աշխատել եմ միայն էնտուզիազմով, առանց դրամական փոխհատուցման։ Նոյնը՝ «Հայաստանի հելսինկեան կոմիտէի» դէպքում, մինչեւ 2001 թւականը, երբ ՄԱԿ-ի գրասենեակից առաջարկեցին տրամադրել դրամաշնորհ («Հայաստանի հելսինկեան կոմիտէն» գրանցւել է 1995 թւականին)։ Դրանից յետոյ, մինչեւ 2021 թւականը, կոմիտէն տարբեր միջազգային կազմակերպութիւններից ստացել է դրամաշնորհներ։ Սակայն 2018 թւականին արդէն զգացի, որ ինչ որ բան փոխւել է։ Չէի սխալւել, տարեցտարի կոմիտէն զրկւեց բոլոր դրամաշնորհներից՝ իմ կողմից իշխանութեանը քննադատելու պատճառով։ Բայց, ներեցէք, յանուն փողի՝ ինքս ինձ չէի կարող դաւաճանել։ Այնուամենայնիւ, զղջում եմ, որ չեմ եղել աւելի վճռական, անձնազոհ, թքած, թէ անձամբ ինձ հետ ինչ էր լինելու, եւ գոնէ Արցախի ցեղասպանութիւնը չէի տեսնի…

Related Articles

Back to top button