Նշանաւորւեց ՀՕՄ-ի Թաւրիզի մասնաճիւղի կրթական գործունէութեան 130-ամեակը
Դարերի անցեալով Ատրպատականի հայոց թեմը 134 տարի է ինչ օժտւած է Հայ Օգնութեան միութեամբ, որը մինչ օրս ծաւալել է բազմաբեղուն ազգային-հասարակական աշխատանք:
ՀՕՄ-ի Թաւրիզի մասնաճիւղի ազգային անմնացորդ աշխատանքների շրջանակում, առաջնային տեղ է գրաւել հայ մատաղ սերնդին ուսուցանելն ու ազգային ոգով դաստիարակելը: Սրանից 130 տարիներ առաջ ՀՕՄ-ի Թաւրիզի մասնաճիւղի միջոցով, 1894 թւականին Թաւրիզում հիմքը դրւեց առաջին մանկապարտէզի եւ նախակրթարանի: ՀՕՄ-ի Թաւրիզի մասնաճիւղի կրթական գործունէութեան 130-ամեակին նւիրւած առաջին միջոցառումը, տեղի ունեցաւ կիրակի՝ յունիսի 30-ի երեկոյեան, Թեհրանում Հայ Արհեստաւորների միութեան «Արամ Մանուկեան» սրահում:
Յոբելեանական միջոցառման սկզբում յանուն կազմակերպիչ յանձնախմբի խօսք փոխանցեց Ալենուշ Շահվերդեանը: Իր խօսքի ընթացքում նա ողջունելով ներկաներին ասաց. «Սիրելի հիւրեր՝ յանձնախմբիս այս ծրագիրը ՀՕՄ-ի կրթական գործունէութեան 130-ամեակը տօնախմբող առաջին միջոցառումն է, որտեղ առիթը կունենանք ծանօթանալու աւելի քան մէկ դար ու երեք տասնամեակ ձգող պատմութեամբ առանձնացող հայ կնոջ այս կառոյցին, որ հիմնադրւել է իրանահայ թեմերից ամենահինը հանդիսացող Ատրպատականի հայոց թեմի կենտրոն՝ Թաւրիզում եւ առ այսօր շարունակում է իր գործունէութիւնը, իսկ դրա կողքին գեղարւեստական ծրագրով կը համեմենք հայ ազգային-հասարակական, կրթական ու բարեսիրական կեանքին նւիրւած եւ այստեղ համախմբւած հայուհեաց հաւաքոթը»:
Ապա ՀՕՄ-ի Թաւրիզի մասնաճիւղի վարչութեան անունից հրաւիրւեց իր խօսքը փոխանցելու ազգային-հասարակական գործիչ Նայիրի Դիլանեանը: Իր ելոյթի սկզբում նա իր ողջոյնի խօսքը փոխանցելով համապարփակ գծերով անդրադարձաւ ՀՕՄ-ի պատմականին: Նա նշեց. «ՀՕՄ-ի գերբի վրայ արձանագրւած է 1910 թւականը, սակայն հպարտութեամբ պէտք է ասել, որ համագաղութային այս մեծ կազմակերպութեան, հայ կնոջ այս մեծ կազմակերպութեան ամենաերէց կառոյցը հանդիսանում է ՀՕՄ-ի Թաւրիզի մասնաճիւղը: Եթէ այսօր Հայ Օգնութեան միութիւնը ի սփիւռս աշխարհի նշում է իր գործունէութեան 114-ամեակը, սակայն Թաւրիզի մասնաճիւղի ՀՕՄ-ը նշում է 134-ամեակը, իսկ նրա կրթական գործունէութիւնը արդէն բոլորում է 130-ամեակը: Միշտ նման մի հարց է առաջանում թէ ինչպէս նման մի մասնաճիւղ կարող է իր բուն միութիւնից աւելի երէց գտնւել: Բոլորս շատ լաւ գիտենք որ հայ ժողովրդի կեանքում 19-րդ դարի աւարտը նշանաւորւում էր հայ ազգային- ազատագրական շարժման մի կարեւոր երեւոյթով, երբ 1890 թւականին Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը հիմնադրւեց, որը կոչւած էր ի կատար ածելու հայ ժողովրդի ամենավեհգոյն նպատակը: Դրան կից Դաշնակցութեան կողքին աշխատանքի են անցնում Հայ Կանանց Կարմիր Խաչի փոքր խմբերը՝ Վասպուրականում, Տրապիզոնում, Էրզրումում, Խարբերդում, Կովկասում եւ Ատրպատականի կենտրոն Թաւրիզ քաղաքում, որոնց գործունէութիւնը ծաւալւեց 1890-ից մինչեւ 1910 թւականը, նպաստելով հայ ժողովրդի տարբեր խաւերին եւ ֆիդայիներին»: Նա այսպէս շարունակեց. «Նոյն հիմքի վրայ 1890 թւականին Թաւրիզում գործի անցաւ մի կանացի ընկերութիւն Հայ Կանանց Լիլաւա թաղի ընկերութիւնը, այդ ժամանակ Թաւրիզը բաժանւած էր երկու մեծ թաղերի, որտեղ Լիլաւա թաղում հաստատւած էին նիւթական աւելի համեստ վիճակով ընտանիքներ, իսկ Բերդաթաղում, որը Թաւրիզում յայտնի է որպէս Ղալայի թաղը աւելի բարեկեցիկ ընտանիքներ: Նոյն Լիլաւա թաղում էր աշխատում արդէն 120-ամեակը բոլորող «Թամարեան-Հայկազեան» դպրոցները, իսկ այդ դպրոցները յաճախելու համար աղջիկների բաժինը կարիք ունէր հովանաւորութեան, մասնաւորաբար այն աղջիկները, որոնք նիւթական դժւարութիւններից ելնելով հնարաւորութիւն չունէին շարունակել, կամ ստանալ կրթութիւն: Այդ օրերին երբ հայ ժողովուրդը իր ազգային-ազատագրական շարժմանը նոր ոգի էր ներշնչում, խիստ կարեւոր էր հայ կանանց մտային լուսաւորումը եւ այդ ծանր բեռը իր վրայ է վերցնում Լիլաւա թաղում կեանքի կոչւած Հայ կանանց միութիւնը, որը ունէր եօթ կէտանոց իր կանոնագրութիւնը եւ դրա նպատակն էր միայն օգնել սովորող աշակերտներին, սակայն առաջին տարիների գործունէութեան ընթացքում իր կանոնագրից դուրս ծաւալւելով, այս միութիւնը սկսում է օժանդակել նաեւ հայ կանանց եւ արհեստանոցներ հիմնելով նրանց ուսուցանել ձեռքի աշխտանքներ եւ արւեստ ,որով նրանք կարողանում են օժանդակել իրենց ընտանիքին: 1894 թւականին Թաւրիզի Ղալա թաղում հիմնւում է կանանց մէկ այլ կառոյց՝ հայ կանանց Բարեգործական Ընկերութիւնը, որի նպատակն էր ազգային կրթութեամբ օժտել հայ աղջիկներին, եւ արհեստանոցներ հիմնելով նաեւ նրանց սովորեցնել արհեստներ, իսկ 1894 թւականին այն հիմնում է առաջին մանկապարտէզը, եւ այդ հիմքի վրայ Թաւրիզի ՀՕՄ-ը հպարտ է իր 130-ամեայ մանկապարտէզով, իսկ չորս տարի անց Լիլաւայի եւ Բերդաթաղի կառոյցները միանալով կազմում են Ատրպատականի Հայուհեաց Բարեգործական ընկերութիւնը, որը ծաւալում է իր աշխատանքը, որը սկսւում է ապաստան տալ Հայոց Ցեղասպանութիւնից ճողոպրած հայ ժողովրդի զաւակներին»: Նա ապա ծանրացաւ ՀՕՄ-ի մինչ օրս ծաւալած ազգային- ազատագրական պայքարի հայ ժողովրդի ազգային, հասարակական ու կրթական ոլորտի անմնացորդ աշխատանքներին: Վերջում նա իր շնորհակալական խօսքը փոխանցեց Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանին, «ԱԼԻՔ» հաստատութեանը եւ օրաթերթին, Իրանի հայ Արհեստաւորների միութեանը եւ «Արամ Մանուկեան» սրահի տնօրինութեանը, բարերար Էլպիս Արզումանեանին, Արա Սուքիասեանին, «Արամ սուրճ» ընկերութեան տնօրէն Էդւին Միրզայեանին, միջոցառման գործադիր յանձնախմբի անդամներ՝ Կարինէ Մանուչերեանին, Սեդա Ֆարմանեանին, Ալենուշ Շահվերդեանին եւ Հայնուշ Աբնուսեանին, «Ակունք» եւ «Տաթեւ» պարային համոյթների սաներին եւ Թեհրանից ու Թաւրիզից ներկայ բարերարներին եւ ազգային մարմիների եւ միութիւնների ներկայացուցիչներին:
Հանդիսութիւնը ընթացաւ ՀՕՄ-ի կրթական ոլորտի 130-ամեակը խորհրդանշող տորթի հատումով, որի համար հրաւիրւեցին ազգային բարերար եւ ՀՕՄ-Ի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանի գլխաւոր հովանաւոր Էլպիս Արզումանեան-Գասպարեանը, Ատրպատականի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի ատենապետ Արմինէ Վահրամեանը եւ ատենադպիր Անահիտ Յակոբեանը եւ ՀՕՄ-ի վարչութեան անդամ Ռեբեկա Սարգսեանը: Միջոցառմանը մերթընդմերթ ցուցադրւում էր ՀՕՄ-ի ազգային մանկապարտէզ-նախակրթարանի 130-ամեակը խորհրդանշող փաստագրական պատկերներ, որոնք դասաւորել եւ երաժշտութեամբ համադրել էր Սեւան Գասպարեանը, իսկ օրւայ լօգոյի նախագիծը պատրաստել էր Համլետ Նազարբէգեանը:
Յոբելեանական հանդիսութեանը հրաւիրւեց իր խօսքը փոխանցելու Ատրպատականի հայոց թեմի ՊԺ-ի ատենապետ, վաստակաշատ ուսուցչուհի եւ Թաւրիզի հայոց ազգային դպրոցների, ներկայումս հանգստի կոչւած տեսչուհի Արմինէ Վահրամեանը: Յանուն Ատրպատականի ազգային իշխանութեան, նա իր ողջոյնի խօսքը փոխանցելով, կարեւորութեամբ անդրադարձաւ հայ կնոջ առանցքային դերակատարութեանը հայ ժողովրդի պատմութեան ընթացքում: Նա նշեց որ հայ ժողովրդի պատմութեան ընթացքում միշտ եղել են այն քաջարի հայ կանայք, որոնք նեցուկ են հանդիսացել պատերազմների ժամանակ, գաթղերից, հիւանդութիւններից ու համաճարակներից տուժող հայ ժողովրդի զաւակներին եւ ղեկավարել են իրենց համայնքերը: Ունեցել ենք այնպիսի կանայք որոնք անմահացել են պատմութեան էջերում: Նա նշեց. «Երբ 1910 թւականին Ամերիկայում ՀՕՄ-ը կեանքի կոչւեց, Ատրպատականի ՀՕՄ-ը միացաւ այդ մեծ ընտանիքին, սակայն մնաց նրա առաջին եւ աւագ անդամը»: Իր ելոյթի ընթացքում նա գնահատանքով անդրադարձաւ բոլոր նրանց, որոնք իրենց կեանքն են նւիրաբերել ՀՕՄ-ի կրթական ասպարէզում :
Հանդիսութեանը հայկական ազգային, եւ ազգագրական պարերով հանդէս եկան ՀՕՄ-ի «Տաթեւ» եւ Թեհրանի «Ակունք» պարային համոյթների սաները, որոնց գեղարւեստական ղեկավար եւ բեմադրիչն է Կարինէ Մանուչերեանը: Երկու երգերի կատարմամբ ելոյթ ունեցաւ Ռեբեկա Սարգսեանը: Իսկ «Սասնա պար» ասմունքով ելոյթ ունեցաւ Թաւրիզի ՀՕՄ-ի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանի վաստակաւոր ուսուցչուհի Նայիրի Դիլանեանը:
Յոբելենական հանդիսութեանը իրենց ուղերձներն էին յղել Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր արք. Չիֆթչեանը, Ուրմիայի ՀՕՄ-ի մասնաճիւղի վարչութիւնը եւ Սարինէ Մեջլումեանը, որոնք ընթերցւեցին օրւայ հաղորդավար Ալենուշ Շահվերդեանի միջոցով:
Հանդիսութիւնը աւարտւեց ընդունելութեամբ:
Յատկանշական է, որ մուտքի մօտ կազմակերպիչ յանձնախմբի անդամների միջոցով ՀՕՄ-ի գերբով կրծքանշաններ էին փակցնում ներկաների կրծքին:
Նշենք, որ միջոցառմանը վիճակահանութեան դրւած ձեռագործները նւրիել էր Անի Դիլանեանը:
Թղթակցութիւնը ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆԻ