Ուրմիայի «Նայիրի» կրթարանի ամավերջին հանդէսը
Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Կիրակի՝ յունիսի 16-ին երեկոյեան ժամը 16:00-ին, ՀՕՄ-ի Ուրմիայի մասնաճիւղի հովանաւորութեան տակ գործող «Նայիրի» մանկապարտէզ-նախակրթարանը եզրափակեց իր 2023-2024 ուսումնական տարին, տարեվերջեան աւարտական տօնական հանդէսով, բարձր հովանաւորութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի։
Հանդիսութեանը ներկայ էին Գործխորհրդի անդամները, Ուրմիայի ՀՕՄ-ի վարչութիւնը, Հ.Մ.Ա.Կ.-ի Ուրմիայի մասնաճիւղի վարչութիւնը, բարերար Սանդրա Մեջլումեանը, ծնողներ, հարազատներ եւ հրաւիրեալներ։ Ծնողական կազմի անունից խօսք ասաց Անժելա Գէորգեանը, իրենց շնորհակալութիւնն ու երախտագիտութիւնը յայտնելով կրթարանի տնօրէնութեանը, ուսուցչական կազմին ՀՕՄ-ի վարչութեանը եւ Գործխորհրդին։
Սրբազան Հօր Օրհնութեան խօսքը՝ ուղղւած «Նայիրի» կրթարանի սաներին, ՀՕՄ-ի Ուրմիայի մասնաճիւղի վարչութեանը, ուսուցչական կազմին եւ պաշտօնէութեանը, եւ համայն ուրմիահայութեանը, ընթերցեց Լինէթ Հախվերդեանը: Սրբազան Հօր պատգամում ասւում էր. ««Նայիրի» մանկապարտէզ-նախակրթարանի տասնամեակների աշխատանքը իր բարի արդիւնքները վաղուց սկսել է տալ Ատրպատականի հայոց մեր թեմում, ՀՕՄ-ի վարչութեան աչալուրջ հետաքրքրութեամբ, Թեմական խորհրդի բարձր հովանաւորութեամբ, ինչպէս նաեւ Գործակալական խորհրդի անմիջական օժանդակութեամբ։
«Կրթարանի թանկագին մեր երեխաները շուտով մեծանում են ազգային ու կրօնական դաստիարակութեամբ, եւ բռնում հայոց դպրոցի ճանապարհը, եւ ապա բարձրագոյն կրթութիւն ստանալով, հասնում են իրենց կեանքի զենիթին։
«Այս պահին մեր բարձր գնահատանքը յայտնում ենք ՀՕՄ-ի վարչութեան, տնօրէնութեան, ուսուցչական կազմին եւ պաշտօնէութեան, իրենց կրած ծանր աշխատանքին համար։
Թող Աստւած օրհնի մեր երեխաներին, նրանց հայասիրական ապրումներով զօրացած ծնողներին, ինչպէս նաեւ մեր ժողովրդի բոլոր զաւակներին»։
Բարի գալստեան խօսքով բոլորին ողջունեց կրթարանի տնօրէնուհի Ռոնիկ Մեջլումեանը, ապա ներկաներին ծանօթացրեց կրթարանի մէկ տարւայ աշխատանքներին, բիւջէին, կատարւած ծախսերին, որոնցով հոգացել են կրթարանին անհրաժեշտ կարիքները։ Նա հրապարակաւ յայտնեց նաեւ տարւայ ընթացքում եղած նւիրատութիւններն ու անձանց անունները։
Ծրագիրը բացւեց Տէրունական աղօթքով։ Սաները ներկայացրեցին խմբային եւ անհատական ասմունքներ, խմբերգներ, իսկ երգեհոնով նրանց ընկերակցում էր Գիվարգիզ Ազիզեանը: Տեղի ունեցան նաեւ մէկ հայերէն մէկ պարսկերէն բեմականացումներ։ Երեխաները հանդէս եկան պարային ելոյթով, որը բեմադրել էր պարուսոյց Ցօղիկ Մուրադեանը։
Նախակրթարանի սաները արդէն տառաճանաչ ու գրաճանաչ լինելով, կարդացին հայոց լեզւին ու տառերին նւիրւած փոքրիկ մի հատւած։
Կրթարանի ծրագրի աւարտից յետոյ տեղի ունեցաւ գնահատանք, վաստակաշատ, սիրւած ու յարգւած հանգստի կոչւած ուսուցչուհի, եւ ՀՕՄ-ի ատենապետուհի Սեդա Մեջլումեանին։ Նախքան գնահատանքը հնչէր հայերէն լեզւով, Ռոնիկ Մեջլումեանը նախ պարսկերէն լեզւով ներկաներին ծանօթացրեց Սեդա Մեջլումեանի կենսագրութիւնից եւ նրա մանկավարժական գործունէութիւնից որոշ դրւագներ։ Այնուհետեւ մանկավարժութեան ոլորտում երկարամեայ գործունէութեան, սերունդների կրթութեան եւ դաստիարակութեան գործում անգնահատելի աւանդի համար իրենց խոնարհումի ու երախտիքի խօսքերն ուղղեցին Սեդա Մեջլումեանին «Նայիրի» կրթարանի ուսուցչուհիներ՝ Ռուզաննա Մուրադեանն ու Օֆելիա Սայեադեանը։
Այս առիթով նրան յանձնւեց գեղեցիկ մի ծաղկեփունջ, որի մէջ մի ամբողջ սէր, ջերմութիւն ու շնորհակալութիւն կար ամփոփւած, ինչպէս նաեւ փոքրիկ մի նւէր, բայց մեծ սիրով ու սրտանց նւիրւած նրան։
Հանդիսութեան վերջում կատարւեց վկայականների բաշխում, որը մեծ խանդավառութիւն առաջացրեց։ Փոքրիկներն իրենց վկայականների հետ մէկտեղ նաեւ նւէրներ ստացան կրթարանի տնօրէնութեան կողմից։
ՀՕՄ-ի վարչութեան եւ ծնողական կազմի կողմից ծաղիկներ ու նւէրներ ստացան նաեւ կրթարանի ողջ աշխատակազմը։ Հանդիսութեան խանդավառ պահերից էր նաեւ վիճակախաղը։
Ծրագրի ընթացքում տեղի ունեցաւ հիւրասիրութիւն։ Աւարտական տօնական հանդէսն անցաւ ճոխ ու յագեցած մթնոլորտում։ Բոլորը գոհ եւ լաւագոյն տպաւորութիւններով լի հեռացան Ս. Ստեփանոս եկեղեցու «Արամ Մանուկեան» հանդիսասրահից։