Թաւրիզի «Ռոստոմ-Գասպար» գրադարանում նշւեց Ամանորը

Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Հինգշաբթի, 25 դեկտեմբերի 2025-ի երեկոյեան ժամը 6:00-ին, Թաւրիզում, Ատրպատականի ազգային առաջնորդարանի «Ռոստոմ-Գասպար» գրադարանում, վարչութեան կազմակերպութեամբ տեղի ունեցաւ ամանորի ներքին հաւաքոյթ:
Սոյն հաւաքով Ամանորը նշելու եւ բարեմաղթանքների փոխանակում կատարելու համար Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը, ընկերակցութեամբ Թեմական խորհրդի անդամ Քաթրին Դիլանեանի, Գրադարանի վարչութեան ատենապետուհի Նանի Շահմուրադեանի առաջնորդութեամբ բարձրացաւ գրադարան, որտեղ դիմաւորւեց գրադարանի վարչութեան ու օժանդակ մարմնի անդամների, ինչպէս նաեւ նրանց գրասէր ծնողների կողմից:
Բացման խօսքով, ներկաներին բարիգալստեան խօսք ուղղեց յանձնախմբի անդամներից Էմելիա Աբրահամեանը: Նա ողջունեց առաջնորդ Սրբազան Հօր եւ բոլորի ներկայութիւնը գրասէրների միջավայրում բարի նոր տարի մաղթելով բոլորին:
Էմելիան անդրադարձաւ գրադարանից ներս կատարւող աշխատանքին, յայտնելով որ գրքերի որոշ տոկոսը աւարտւել է արդէն, համակարգչային համար եւ նիւթերի բաժանում ունենալով: Նա յայտնեց, որ «գրական հատորների բաժանմունքում 820 հատոր գիրք վերջնականապէս գրանցւել է, իսկ պատմական բաժնի բոլոր գրքերը թւայնացւել են, պարսկերէն գրքերը համարակալւել են, կրօնական գրքերի բաժինը առանձնացւել է, իսկ առաջնորդ Սրբազան Հօր հեղինակած գրքերի համար յատուկ գրադարան է յատկացւել», ասաց նա:
Տօնական սպասւած մթնոլորտում, գրադարանի դռնից ներս եկաւ բարի ծերունին՝ Ձմեռ պապին, նւէրներ բերելով իր հետ: Վարչութիւնը հիւրասիրութիւն էր պատրաստել օրւայ յատուկ, որի ընթացքին եւս շարունակւեց մտերմիկ զրոյցը, որը ընդգրկում էր գրքերի աշխարհի հետ առնչւած նիւթեր:
Սրբազան Հայրը իր գնահատանքը յայտնեց վարչութեան ցարդ կատարւած աշխատանքի համար: Նա յատկապէս անդրադարձաւ մտաւորական մակարդակի թուլացման, որը արմատն է մեր ժողովրդի առողջ գոյատեւմանը ու գիտակից հաւաքական կեանքին. «Վստահ եմ բոլորդ էլ հետեւում էք մեր ժողովրդի կեանքը ապականող, եւ մեր եկեղեցին անւանազրկող ազգային իրավիճակին: Եկեղեցին խաղալիք չէ, ոչ իր պատմական անցեալով, եւ ոչ իսկ ներկայ առաքելութեամբ: Աստւած մարդկանց դատաւոր չի կարգել իր եկեղեցին քննադատելու, կամ այն սրբագրելու: Աստծու առաքելութիւնը յափշտակւող իր չէ», ասաց Սրբազանը, յատկապէս այս օրերին մեր ազգի ապրած վերիվայրումներին եւ եկեղեցահալած հայրենի պետական շրջանակների հայադաւ շարժումներին ակնարկելով. «Մեր թագաւորութիւններն ու պետական կառոյցները կործանւել են, պատմութեան էջերում միայն դրանց մասին կարդացել ենք, ու դեռեւս սովորում ենք դրանց անցեալից, սակայն մեր առաքելահաստատ եկեղեցին սկզբից մինչեւ հիմա, քաղաքական ամենադժւարին ժամանակահատւածներում, մնացել է կանգուն, եւ միակ ապաւէնը մեր ժողովրդի ու հայրենիքի»,- ասաց Սրբազանը, կոչ ուղղելով միշտ զօրավիգ կանգնել հայ եկեղեցուն, որը ծննդավայրն է մեր քրիստոնէական հոգու:
Յայտնենք, որ երեք տարիներ առաջ վերաբացումն էր կատարւել վերանորոգւած «Ռոստոմ-Գասպար» գրադարանին, դուրս բերելով այն իր հնացեալ եւ անմատչելի իրավիճակից:







