
Երկուշաբթի, 3 նոյեմբեր 2025 թւականին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի օգնական Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը, նախորդ շրջանի Թեմական խորհրդի անդամ՝ Արմէն Նազարեանը եւ ազգային առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանը, Ազգային առաջնորդարանի դահլիճում հիւրընկալեցին՝ Թեհրանի Իսլ. քաղխորհրդի փոխնախագահ Փարւիզ Սորուրիին, նրա խորհրդական՝ դոկտ. Աքբար Բահմանիին եւ նրանց ընկերակցող պատւիրակութեանը:
Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանը՝ Թեմակալ առաջնորդի եղբայրական ողջոյնները փոխանցեց եւ շնորհակալութիւն յայտնեց հիւրերին՝ ներկայութեան համար մատնանշելով, որ նրանք ոչ թէ հիւրեր այլ ընտանիքի անդամներ են: Նա իր արտայայտութիւններում անդրադարձաւ իրանահայ համայնքի Իրանում ունեցած դարաւոր անցեալին եւ հայ ու իրանցի ժողովուրդների բարեկամութեան խոր արմատներին եւ առկայ սերտ յարաբերութիւններին: Հայր Սուրբը նշեց, որ մեր բոլոր կառոյցները՝ եկեղեցիներն ու դպրոցները, բոլորը վկաներն են, որ հայ ժողովուրդն այստեղ դարաւոր ապրել է իր իրանցի եղբայրների հետ, ուստի դրանց հանդէպ ուշադրութիւնն առիթ է յարաբերութիւնների առաւել սերտացման: Նա նշեց, որ այս իրականութեան ամենամեծ վկան է «Սուրբ Մարիամ» մետրոկայանը, որին առիթ է ունեցել այցելելու եւ գոհանալու դրա տւած հոգեւոր ապրումներով: Հայր Սուրբն իրանահայ համայնքի անունից շնորհակալութիւն յայտնեց այս մեծ իրագործումի համար եւ նշեց, որ մետոյի գոյութիւնը առիթ է, որ մենք մեր ուխտը վերանորոգենք մեր իրանցի եղբայրների հետ:
Թեհրանի Իսլ. քաղխորհրդի փոխնախագահ Փարւիզ Սորուրին նաեւ շնորհակալութիւն յայտնեց ջերմ ընդունելութեան համար եւ Թեմակալ առաջնորդի համար մաղթեց շուտափոյթ ապաքինում: Պրն. Սորուրին յայտնեց, որ իրանի հայ համայնքը վաղուց ի վեր Իրանի մեծ ազգի արժէքաւոր մասն են կազմել՝ ազնիւ եւ հայրենասէր ժողովուրդ, որը հաւատում է մարդկային արժէքներին եւ միշտ իր ներդրումն է ունեցել Իրանի մշակոյթի, արւեստի եւ հասարակական կեանքի զարգացման գործում: Նա յիշատակեց նաեւ հայերի ակնառու դերը Իսլամական յեղափոխութեան յաղթանակում եւ Սրբազան պաշտպանութեան գործում:
Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը եւ դիւանապետ Զօրիկ Կարապետեանը, իրենց հերթին ողջունելով յարգարժան հիւրերին շնորհակալութիւն յայտնեցին այցելութեան եւ ցուցաբերած ուշադրութեան համար: Ընթացքում արծարծւեցին կառոյցիս եկեղեցիների եւ դպրոցների քաղաքապետարանի տուրքի վճարումներին առնչւող խնդիրները յուսալով, որ հնարաւոր լինի համատեղ ջանքերով փարատել դժւարութիւնները:
Հանդիպման աւարտին, հիւրերին նւիրւեցին «Իրանի հայկական եկեղեցիներ» խորագրով՝ պարսկերէն լեզւով հրատարակւած գիրքը եւ «ارمنیان ایران و نام آوران ارمنی» եւ «کلیسای ارمنی» խորագրով գրքերը:
Ազգային առաջնորդարանի Հանրային կապ



