Հինգշաբթի`դեկտեմբերի 19-ին, ազգային առաջնորդարան այցելեցին Հայաստանից Թեհրան ժամանած՝ Yerkir.am-ի գլխաւոր խմբագիր՝ Վահէ Սարգսեանը, Politik.am-ի գլխաւոր խմբագիր՝ Բորիս Մուրազին, 24News.am-ի գլխաւոր խմբագիր՝ Նարեկ Գալստեանը, TV5-ի լրատւական բաժնի գլխաւոր խմբագիր՝ Մարիաննա Ղահրամանեանը, ABC Media-ի գլխաւոր խմբագիր՝ Բեթխեհէմ Արաբեանը եւ օպերատոր՝ Սերոպ Չերչէքեանը:
Ազգային առաջնորդարանի դահլիճում հիւրերին դիմաւորեցին Պատգամաւորական ժողովի ատենապետ Սուրիկ Աբնուսեանը, Թեմական խորհրդի փոխատենապետուհի Արմինէ Սէթխանեանը եւ ատենադպիրներ՝ Հայրիկ Աղանեանը եւ Մհեր Օհանեանը նաեւ ազգային առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանը:
Հանդիպման սկզբում ողջոյնի եւ բարի գալստեան խօսքերից յետոյ, ամփոփ գծերով ներկայացւեց թեմիս պատմական անցեալը եւ բացատրութիւն փոխանցւեց Թեհրանի Հայոց թեմում աշխատող եկեղեցիների, դպրոցների, միութիւնների ու ազգային կառոյցների ընդհանուր գործունէութեան եւ ծաւալւող աշխատանքների մասին՝ ընդգծելով, որ իրանահայ համայնքը, որպէս Իրանի ժողովրդի անբաժան մասը, միշտ իր ներդրումն է ունեցել Իրանի կեանքի բոլոր բնագաւառներում: Ընթացքում լուսբանիչ բացատրութիւններ տրւեցին նաեւ հնչած հարցումներին:
Հանդիպման աւարտին, հիւրերին նւիրւեց «Իրանի հայկական եկեղեցիներ» խորագրով՝ պարսկերէն եւ անգլերէն լեզւով հրատարակւած գիրքը, որից յետոյ այցելութիւն կատարւեց Ս. Սարգիս եկեղեցի:
Ազգային առաջնորդարանի Հանրային կապ