Ամանորի հանդէս Ուրմիայի հայոց «Մասիհա» դպրոցի կազմակերպութեամբ
Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Չորեքշաբթի՝ դեկտեմբերի 18-ի կէսօրից յետոյ ժամը 16:00-ին, նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի, Ուրմիայի հայոց «Մասիհա» դպրոցի կազմակերպութեամբ, «Արամ Մանուկեան» հանդիսասրահում տեղի ունեցաւ 2025 նոր տարւայ դիմաւորութեան հանդէսը:
Ամբողջ սրահը խիտ բազմութեամբ լցրած ժողովրդին գլխաւորում էին Պատգամաւորական ժողովը, Թեմական եւ Գործակալական խորհրդի անդամները, ինչպէս նաեւ ուրմիահայ միութիւնների վարչական պատասխանատուները:
Բացման խօսքով, բոլորին բարի գալուստ մաղթեց ուսուցչուհի Սեւանա Սարգսեանը: Նա շնորհաւորեց բոլորի Նոր տարին, եւ աշակերտութեան ամանորի ծրագիրը ներկայացրեց: Տեսչուհի Ադրինէ Մեջլումեանը յատուկ խօսքով ողջունեց բոլորին, եւ ամանորի յանգաւորւած բարեմաղթանքներով շնորհաւորեց 2025 թիւը:
Առաջնորդ Սրբազանը բեմ հրաւիրւելով, բարձր գնահատանք յայտնեց տեսչութեան, ուսուցչական կազմին, ծնողներին եւ աշակերտութեան, իսկ յատուկ գնահատանքով քաջալերեց Ուրմիայի ժողովական մարմիններին, որոնք գաղութը ճոխացնում են կրթադաստիարակչական, մշակութային եւ մարզական աննահանջ շարժումներով: Սրբազան Հայրը բարի նոր տարւան մաղթանքներ ներկայացրեց բոլորին, յաջող տարւայ աղօթք բարձրացնելով առ Աստւած:
Դպրոցի խոնարհ դասարաններից սկսեալ մինչեւ բարձրագոյն կարգի աշակերտները ամանորի յատուկ երգերով ու պարերով խանդավառեցին ներկաներին, կանխաւ շնորհաւորելով բոլորի համար նոր բացւող տարին: Թատերական ելոյթով հանդէս եկաւ աշակերտութիւնը, ամանորի ծառի վրայ եղած յարդարանքների մասին բացատրութեան ներկայացումով: Սոյն բաժնի վարողն էր, դպրոցի աշակերտներից Արութին Ազիզեանը, իսկ ամանորի մասին բարեմաղթանքների քառատող ելոյթով հանդէս եկաւ Էջմին Գրիգորեանը:
Երկու ձմեռ պապիներ յանկարծ մուտք գործեցին սրահ, ողջունելով բոլորին եւ յատկապէս երեխաներին խանդավառեցին իրենց երգերով ու պարերով: Նրանք մասնաւոր նւէրներով լիքը պարկեր ունէին իրենց ուսից կախւած, որոնցից նւէրներ հանելով բաշխեցին աշակերտ-աշակերտուհիներին, արտասանութիւններից եւ խմբային պարերից յետոյ, առ ի գնահատանք:
Յայտնենք, որ դպրոցի տեսչութիւնը ամանորի առիթով յատուկ հիւրասիրութիւն էր պատրաստել ներկաների համար, որի մատուցման ընթացքում բոլորը շնորհաւորեցին միմեանց, բարեյաջող տարւայ լաւագոյն բարեմաղթանքով: