ԹեհրանՀամայնք

Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան նախաձեռնութեամբ՝ Ծրագիր նւիրւած Արցախեան ազատագրական պայքարին եւ Շուշիի ազատագրմանը

Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան նախաձեռնութեամբ մայիսի 16-ին միութեան կենտրոնատեղիում կազմակերպւել էր բանախօսական-գեղարւեստական ծրագիր նւիրւած Արցախեան ազատագրական պայքարին եւ Շուշիի ազատագրմանը:

Տէրունական աղօթքով եւ Իրանի ու Հայաստանի պետական հիմներով մեկնարկած միջոցառմանը Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան կենտրոնական վարչութեան անունից բացման խօսքով հանդէս եկաւ Անի Հաքեանը: Իր խօսքի ընթացքում նա անդրադառնալով Հայաստանի եւ Արցախի ներկայ իրավիճակին ընդգծեց. «Յաղթանակից մինչ պարտութիւն երկար ու ձիգ տարիների ընթացքում անգործ չնստեցին մեր թշնամիները, ռազմական ընդհարումներ հրահրելուց բացի թիրախաւորեցին մեր մշակութային, գրական, տնտեսական եւ հասարակական ոլորտները եւ կազմաքանդեցին ազգային միասնականութիւնը, սեւով, սպիտակով, արցախցի, հայաստանցի, Հայաստան, Սփիւռք, նախկիններ ու ներկաներ տարանջատումներով: Իհարկէ պարտութեան վերջին խրամատը ցաւօք ռազմադաշտն էր»: Նա անդրադառնալով 2018-ից յետոյ Հայաստանի իշխանութիւնների իրականացրած ընթացքին նշեց. «Կորցրեցինք Արցախը, ինքնիշխան Հայաստանի սահմաններից հատւածներ, եւ ներկայ ընթացքով շարունակւում է գործող իշխանութեան զիջումները յանուն կեղծ «խաղաղութեան» քաղաքականութեան: Կոյր պէտք է լինել չտեսնելու մեր գլխին կախւած բոլոր արհաւիրքները»:

Ապա հանդիսատեսը դիտեց փաստավաւերագրական տեսաֆիլմ Արցախի պատմականի, ընթացող իրավիճակների եւ ներկայ ընթացքի մասին:

Օրաւյ բանախօս էր հրաւիրւել  բարձր տեխնոլոգիաների մասնագէտ՝ Արթուր Յովսէփեանը: Նա իր ելոյթը սկսեց հետեւեալ կարգախօսով՝ «Պայքար Յանուն Արցախի»  եւ ընդգծեց, որ եթէ բոլորս համոզւած լինենք այս կարգախօսին,  ինչպէս յայտագրի խորագիրն է, վստահաբար լինելու է Վերադարձ: Բանախօսը համապարփակ գծերով անդրադարձաւ Արցախի պատմական հայկական անցեալին, այն հանգամանքին որ Արցախը մինչեւ 2023 թւական դարեր շարունակ հայաթափւած չի եղել եւ այն խնդրին, որ Արցախը երբեւէ Ադրբեջանի կազմում չի եղել, ինչը այսօր փորձում են հանրութեանը համոզել այսօրւայ ՀՀ իշխանութիւնները ապատեղեկատւութեամբ: Իր ելոյթի ընթացքում նա անդրադառնալով 2018 թւականից յետոյ իշխանութիւնների քաղաքականութիւններին ընդգծեց. «2018-ից Հայաստանի իշխանութիւնները թուլացրել են բանակը՝ փոխել հրամանատարներին, դատավարութիւնների ու ձերբակալութիւնների են ենթարկել Արցախեան առաջին պատերազմի հերոսներին, չեղարկել բանակի վերազինման ծրագիրը: Ժամանակակից զինատեսակներով զինւած ադրբեջանա-թուրքական բանակը ճեղքեց ճակատը եւ գրաւեց մօտ չորսհազար քառակուսի կիլոմետր: Նոյնքան տարածք Հայաստանի իշխանութիւնները առանց կռւի յանձնեցին Ադրբեջանին: Հայկական կողմը կորցրել է հինգհազար զինւոր, իսկ ադրբեջանական զինուժի իրական կորուստները յայտնի  չեն»: Բանախօսը վերջում ընդգծեց մենք պարտւել ենք տնտեսութեան քայքայման եւ ռազմարդիւնաբերութեան պակասից, իսկ ամենակարեւորը իշխնութեան որոշումներից: Նա իր ելոյթը աւարտեց այս տողերով «Մենք վերադառանլու ենք, քանզի հաւատք ունենք»:

Գեղարւեստական յայտագիրը յագեցած էր պատմական ֆիլմերի ցուցադրութեամբ, ասմունքային կատարումներով, որոնք իրականացրեցին Անիա Աբնուսեանը, Մելանի Աղախանեանը եւ Մարթին Աղանեանսը: Ազգագրական պարերի շարանով հանդէս եկաւ «Ակունք» պարային համոյթը, գեղարւեստական ղեկավար՝ Կարինէ Մանուչերեան, իսկ ազգային-յեղափոխական երգերի կատարմամբ ՀԲԸՄ-ի «SOUL DUST» երաժշտական խումբը:

Միջոցառմանը ներկայ էին՝ Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան եւ Սպահանի ու հարաւային իրանահայութեան պատգամաւորներ՝ Արա Շահվերդեանը եւ Գեղարդ Մանսուրեանը, «ԱԼԻՔ» հաստատութեան ներկայացուցիչ Ալեքս Կարապետեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի փոխատենապետ Արմինէ Սէթխանեանը եւ ատենադպիր Հայրիկ Աղանեանը, ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ եւ հանդիսատեսներ:

Թղթակցութիւնը՝ ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆԻ

Related Articles

Back to top button