Վիշապագորգի նիրհեալը

ՅԱՐՈՒԹԻՒՆ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ
Քառաշերտ հսկւող առանձնատան մուտքի դարպասների բացւելն «ուշադրութի՛ւն, զգա՛ստ, պատւի ա՛ռ» հրահանգ էր: Հէնց այն պահին, երբ ճռռալով բարձրանում էին առանձնատան սրբազան տարածքը քաղաքից բաժանող դարպասները, ոստիկանանները կտրուկ թողնում էին սեղանի խաղերը, զրոյցները, փողի, սիրուն կանանց, խաշի ու լաւ կեանքի մասին խոր փորձագիտական վերլուծութիւնները եւ մի մարդու պէս շարւում էին կողք-կողքի: Դա նրանց ծառայութեան հիմնական, աւելի ճիշտ՝ միակ գործառոյթն էր: Ապրում էին այդտեղ, ուտում-խմում, դոմինո, նարդի կամ բլոտ էին խաղում՝ բազալտէ սառը եզրաքարերին նստած: Աւելի արտօնեալները նոյնն անում էին աւտոմեքենաների ներսում, իսկ նախաճաշը, ճաշը, ընթրիքն ուտում էին միմիայն աւտոմեքենայի թափքի ծածկի վրայ: Յատկապէս ծանր էր ձմռան ամիսներին, մրսում էին միասին, դէ իսկ բնական կարքները, որ ցրտին աւելի յաճախ են առաջանում, հոգում էին հէնց առանձնատան պարիսպների տակ կամ մօտերքում՝ ուր պատահի: Հեռու գնալ արգելւած էր: Միայն ոստիկանների ներկայութեան դէպքում էր հնարաւոր ապահովել նրա եւ ընտանիքի հոգու անդորրը: Օրայ վերջին րոպէներն էին, երբ լսւեց բացւող դարպասների ճռռոցը: Բոլորը մէկ մարդու պէս ուղիղ գծով ձիգ շարւեցին, վառւեցին դէպի տուն տանող ճանապարհի լապտերները, եւ ծանրաքարշ սեւ աւտոմեքենան գրեթէ ձայնի արագութեամբ անցաւ ոստիկանների շարքի մէջտեղով: Հեռւում աւտոմեքենայի արգելակելուց յետոյ անսովոր աղմուկ լսւեց: Ձայները վանդակից փախած թռչունների պէս սլանում էին տուֆէ պարիսպների վրայից եւ ոստիկանական հերթապահութեան առաջին շարքի մասնակիցները հերթական անգամ հասկացան՝ էլի լակել է: Մի քանի ոչ կանոնադրական արտայայտութիւններից յետոյ տիրեց լռութիւն: Քիչ անց հեռացաւ նաեւ գլխացաւանք աւտոմեքենան, եւ առանձնատան փակւող դարպասի ճռռոցն աւետեց հերթական ծանր օրւայ աւարտը: Ոստիկաններն անցան իրենց ամենօրեայ զբաղմունքին: Փողոցում երթեւեկութիւնը նւազեց: Սկսեցին մարել շրջակայ բնակելի շէնքերի պատուհանների լոյսերը: Վերջին շրջանում դրանք քաղաքացիների համար ամենաերանելի ժամերն էին: Քաղաքը ննջում էր:
Նա չարթնացաւ, ընդամէնը բացեց աչքերն ու սարսռաց: Արդէն որերորդ անգամ տաք ու փափուկ անկողնու փոխարէն գիշերն անցկացնում էր հիւրասենեակի՝ 18-րդ դարի վիշապագորգի վրայ: Հայեացքը պտտեցնելով կիսամութ սենեակում՝ ջանում էր յիշել նախորդ օրւայ անցուդարձը: Աչքերը տեսնում էին. մարմինն անհաղորդ էր: Աջ ձեռքով մի կերպ շօշափեց տաբատն ու գորգի թրջւած մակերեսը.գօտկատեղից ներքեւ ինչ-որ գոլ լճակ էր, որ բուրում էր նախորդ օրւայ հարբեցողութեան մասին: Աչքերով հպւեց պատուհանին: Վարագոյրից այն կողմ դեռ հաստատակամ իշխում էր խաւարը: Գիշերը կիսւել էր: Հեռւից ականջին հասաւ հարազատ չորքոտանու գռմռոցը: Չալոյի ձայնի մէջ տագնապ կար. զգաց: Աւելին զգալու կամ մտածելու ո՛չ ուժ ունէր, ո՛չ տրամադրութիւն: Ոչ էլ արձագանքելու հաւես: Լեզուն կպել էր բերանի չորացած պատերին, ու լալկւել էր: Միայն տեսնում էր: Աւելի ճիշտ, նայում էր… Չէր յիշում ոչինչ, ո՞նց է տուն եկել, ե՞րբ է տուն եկել, ու՞մ հետ, ո՞վ բերեց: Կարճ ասած՝ ուղեղը պոկւել էր իր սովորական տեղից եւ չգիտես՝ ուր էր ընկել։ Այս անգամ յիշողութեան «չիպն» ասես անվերադարձ էր խփել: Աչքերը, որ ամենամօտն էին ուղեղին, յամենայն դէպս, այն մասին, որտեղ երբեւէ ուղեղն էր, մարմնի միւս մասերի համեմատ, մնացել էին անդաւաճան: Ծառայում էին: Տտեսնում էր: Դանդաղ նաեւ սկսեց զգալ, բայց կտրուկ շարժումներ անելու ուժ չունէր: Որոշ ժամանակ պառկած էր անշարժ՝ ճգնելով կառավարել թրջած տաբատից առաջացած նեարդային քաոսը: Նա ջանաց մտովի վերապրել անցած օրւայ անցուդարձը, բայց ինչ-որ պահից յիշողութեան կտրւած թելը չէր կարողանում հանգուցակապել: Յիշեց միջինասիացի գործընկերների հետ հեռահար զրոյցը, երբ խօսելիս ի՜նչ գերմարդկային ճիգով զսպեց որովայնից մինչեւ կոկորդ ժայթքող ործկանքը: Յետոյ, երբ արդէն հանդիպումն աւարտւել էր, ֆէյսբուքում ծանօթացաւ արձագանքներին եւ տրւեց խմելուն: Դրանից յետոյ որտեղ էր շարունակել հարբել՝ չէր յիշում: Ոչինչ չէր յիշում: Տարօրինակ էր: Մղձաւա՞նջ էր: Ոչ, արդէն սովորական դարձած վիճակ: Իրականում շատ էլ ուրախ էր, որ վերահաս սրտխառնոցին հետեւելու է փսխումը, իսկ փսխելու լաւագոյն եւ ամենայարմար տեղը վիշապագորգն էր: Մի տհաճ հոտին կը փոխարինի մէկ այլ տհաճ հոտ, ու կը վերանայ նախկին հոտը: Դա լաւ ստուգւած մեթոդ էր նաեւ պետական գործերում։
Նեարդային լարւածութիւնը փոքր-ինչ թուլացաւ, եւ զգաց՝ ինչպէս է մարմինն արթնանում թմբիրից: Պէտք էր փսխել:
Մի կերպ վեր կացաւ, իբր ուղղեց հագի շորերը, իբր մաքրեց հագուստի վրայից փսխանքի հետքերը եւ ոտքերը ծանր քարշ տալով՝ գնաց ննջարան: Կամաց հրեց ննջասենեակի դուռը եւ անաղմուկ ներս մտաւ: Անկողինը դատարկ էր, բարձը՝ պարապ: Նստեց անկողնու ծայրին, ցնցւեց, գլուխն առաւ ձեռքերի մէջ ու երկար լռեց: Ի՞նչ էր մտածում, արդեօք կարօտո՞ւմ էր, թէ՞ դաւաճանւած լինելու զգացումն էր ցնցում, չէր հասկանում: Յետոյ ձեռքը սահեցրեց սառն անկողնու վրայով, թիկնեց բմբուլէ փափլիկ բարձին եւ տհաճ հոտերով բուրող մարմինն ընկաւ անօդ թմրութեան մէջ:
Առաւօտեան երբ բացեց աչքերը, կողքը դատարկ չէր:
-Նորից լակել ես, վրայիցդ շան հոտ ա գալիս, -ասաց կինը:
«Շլիւ՛խա»,- մտածեց նա, վեր կացաւ, հանեց հագի ճմռթւած պիջակը, վերնաշապիկն ու թրջած տաբատը, անկանոն շպրտեց անկողնու կողքին եւ մօտեցաւ զգեստապահարանին: Արտառոց ոչինչ չկար. հանգիստ քայլում էր, նաեւ մտածում էր։ Մտածելու փաստը յուսադրեց նրան։ Ուրեմն, դեռ ողջ է, եւ մի քանի րոպէից պէտք է տանեն աշխատանքի: Նա զգեստապահարանից հանեց օսլայած վերնաշապիկը, հետ եկաւ, նստեց անկողնուն: Արդէն պատրաստւում էր հագնւել, սենեակով մէկ՝ որոտաց կնոջ ձայնը.
-Լւացւի գոնէ, նոր հագի, փնթի՛:
-Շլի՛ւխա,- ատամների տակից շպրտեց նա, վեր կացաւ ու հեզիկ մտաւ բաղնիք:
Ճանապարհին լուռ էր, չնկատելու էր տալիս հանդիպակաց երթեւեկող վարորդների «հե-ռա-ցիր, հեռա-ցիր, հե-ռա-ցիր» ձայնային ազդանշանները: Միայն մի ակնթարթ նայեց անվտանգութեան պետի կողմը եւ վեհերոտ ձայնով հարցրեց. «Երէկ ամէն ինչ նորմա՞լ էր»: Թիկնապահը, որ արդէն մի քանի հոգու հասցրել էր պատմել նախորդ «նորմալ» օրւայ մասին, գլխի շարժումով հաւաստիացրեց. «Այո, շէ՛ֆ, անհոգ եղէք»: «Հեշտ է ասել, անհոգ եղի», -մտածեց նա ու սկսեց իր մէջ տալ-առնել՝ գտնելու անհոգ լինելու մեխանիկան: Դրական ոչ մի յոյս, ոչ մի պատճառ չկար անհոգ լինելու համար: Ամէն ինչ քաքմէջ էր արել: «Ելք չկայ-մտածում էր։- Խփելու են»։ Ամուր կառչել էր չհեռանալու սկզբունքին. «Որքան հնարաւոր է երկար կառավարել, թէկուզ երկիրը այլեւս գոյութիւն չունենայ»։ Այդ բանաձեւը դարձրել էր կեանքի իր փիլիսոփայութիւնը:
Արդէն երեք տարի՝ ամէն առաւօտ, մինչ օրւայ գործերին ծանօթանալը, նրան առաջինը զեկուցում էին հիւսիսցու աճող վարկանիշի մասին։ Եւ ամէն անգամ այդ լսելիս՝ թթւած անհաղորդ դէմքին իրար մօտեցող թաւ հոնքերի կոյտը, երեւակում էր նրա ներսի փոթորիկները: Կրակն էր ընկել: Արեւմտեան տէրերը դժգոհ էին խոստացած ռեֆորմների ընթացքից: Բայց նրանք էլ ունէին չկատարած պարտաւորութիւններ։ Խոստացել էին, յամենայնդէպս ակնարկել էին, որ հիւսիսցուն արագ կը հեռացնեն, չարեցին, չկարողացան, իսկ հիւսիսցու վարկանիշը անկասելի թափով բարձրանում էր՝ հերիք չի, դեռ մի բան էլ՝ հիւսիսցին ամուր բռնել էր իր ամորձիներից եւ ոնց ուզում, որ կողմ ուզում, թափահարում էր: Վիճակը վիճակ չէր, բայց նա դրան էլ էր համաձայն, անգամ պատրաստ էր աւելի նւաստանալ, ոչ դիւանագիտական լեզւով ասած՝ կօշիկներ լիզել եւ ընդհանրապէս՝ լիզել, միայն թէ նախկինները չվերադառնային: «Նախկիները յիշողութիւն ունեն, չեն ների»,-համոզւած էր նա ու հասկանում էր, որ դա կը լինի վերջը: «Եթէ այդպէս են ուզում, թող լինի, բայց դա կը լինի նաեւ յեղափոխութեան վերջը»,-մտածեց նա: Յետոյ այդ վսեմ մտքից խանդավառւած՝ խրոխտ մտահանգման էր գալիս.«Կամ ես կը մնամ առաջնորդ, կամ յեղափոխութիւնը առաջնորդ չի ունենայ»։ Քրթմնջալով ձեռքն առաւ սեղանին դարսած թղթապանակներից մէկը եւ սկսեց թերթել: Սիրտը սկանդալ էր ուզում: Դա պէտք է լինէր հնչեղ եւ համոզիչ: Հիասթափւած յեղափոխական ամբոխը, հնարաւոր է, հաւատար, եթէ սկանդալի կենտրոնում յայտնւէր իր ամենամտերիմ պաշտօնեաներից կամ, ինչու ոչ, հարազատներից մէկը, քանզի նախկինների նկատմամբ հնարքներն այլեւս չէին անցնում, հակառակորդի հանդէպ յարգանքն օր-օրի էր վերականգնւում, իսկ հիասթափութիւնն իրենից եւ իր թիմակիցներից հրթիռի արագութեամբ էր աճում: Թիմակիցներին էլ այլեւս չէր վստահում, ոչ ոքի չէր վստահում, նոյնիսկ կասկածում էր, թէ իր կեանքի անվտանգութեան համար ստեղծւած նոր՝ չորս հարիւրհոգանոց զօրախումբը մինչեւ վերջ կը կանգնի եւ կը պաշտպանի իրեն: Կասկածի որդը քարուքանդ էր անում ներաշխարհը: Մնալու եւ ապրելու միակ տարբերակը մէկիկ-մէկիկ որոշ թիմակիցներին յանձնելն էր: Նա յաճախ, համարեա ամէն օր էր մտածում՝ պատրա՞ստ էր իրեն խնայելու գնով կործանել միւսներին կամ ընտանիքը: Երեխաների մասին չէր մտածում, նա բոլոր՝ հինգ երեխաներից գոնէ երեքի հայրերին ճանաչում էր: Առանց խղճի խայթի կարող էր հրաժարւել, նաեւ վրէժխնդիր կը լինէր ճակատագրից: Թիմակիցների հարցում շռայլ չէր, նրանցից շատերը դեռ պէտք էին, բայց կային անինքնասէր, թերուս, անուղեղ հպարտներ, որոնց հանգիստ կարող էր ուղարկել կարմիր գծից անդին՝ փչանալու: Նա թերթեց թղթապանակը, մէկ անգամ էլ ուշադիր զննեց առաջին երկու էջերը, ձեռքը վերցրեց հեռախօսն ու զանգեց: Քիչ անց շնչակտուր ներս մտաւ հաշիշափայլ աչքերով մի երիտասարդ, որը քիչ անց դուրս էր գալու սենեակից դիւանագէտի կարգավիճակում: Ուղտայծի դէմքով ապագայ դիւանագէտին պայթեցնելը նրա նոր ընտրութիւնն էր: «Սկզբում մամուլը կը զբաղւի նրան փչացնելով եւ որոշ ժամանակ կը շեղւեն բուն թեմաներից: Իսկ երբ կը տապալի ողջ գործընթացը, այդ ժամանակ կը գայ իմ արդարանալու, ինչու չէ, նաեւ զայրանալու ժամանակը, եւ այդժամ գործի կանցնեն ազգային անվտանգութեան աշխատակիցները»,-հաշւարկեց նա: Նա շատ լաւ էր հասկանում, որ ուղտայծի դէմքով եւ մշտապէս պսպղուն աչքերով երիտասարդը յիշողութիւն չունի, նա ոչ պատմութիւնից է տեղեակ, ոչ դէպքերից եւ ոչ էլ ունի մտածելու, ծանր ու թեթեւ անելու ունակութիւն: «Սրա նմաններին պէտք է առաջ տանք։ Սրա նմաններով պէտք է ստեղծենք նոր հասարակութիւն, որովհետեւ փրկութիւնը նրանք են, այնտեղ յիշողութիւն չկայ»,- մտածեց նա:
Յիշողութիւնը դարձել էր նրա ոխերիմ թշնամին: Նա նախկիններից աւելի շատ ատում էր յիշողութիւնը: Յիշողութեան ոչ մի դրւագում ոչ մի դրական բան չկար: Նոյնիսկ այն երջանիկ օրերի լուսանկարները, երբ յեղափոխութիւնը յաղթանակել էր, շատ կարճ հեռաւորութիւնից ամօթ ու զզւանք էին առաջացնում: Յիշողութեան մէջ նա միայն մահերով ու աւերներով էր մնալու, գիտէր, բայց քանի դեռ ապրում էր, յոյս ունէր, որ գոնէ մէկ անգամ, մէկ տեղում կը յաջողի: Իսկ եթէ չյաջողի՞. միասին կը կործանւեն, ու ոչ ոքի հաշւետու լինելու պատճառ չի ունենայ: Հեռանալու ժամանակը փախցրել էր, եւ ուրիշ բան չէր մնում, քան նոր խաղադրոյքներ անելը: Նա համոզւած պնդում էր, որ խաղաղութեան դարաշրջան բացելու ճանապարհին չպէտք է խորշել նոր զոհեր ունենալուց: Դրանից յետոյ ծնւեց ապագայի մասին նոր կարգախօսը: Ապագայի մէջ յիշողութիւն ունեցողները հաշւառւած չէին: Նրանք չպէտք է լինէին: Իսկ յիշողութեան բոյնը մնացել էր բանակը, որտեղ զինւորը ամէն օր բախւում էր երէկւայ յիշողութեանը: Դպրոցներում այդ հարցը կարգաւորւել էր, արդէն խմբագրել էին պատմութեան դասագրքերը: Ժողովրդի մի զգալի զանգւած էլ հլու-հնազանդ էր ապագայի յուսադրող խոստումներին: Ինքը լաւ հասկանում էր, որ ապագան բռնաբարւած է, ներկան՝ խոշտանգւած, բայց որպէսզի ինքն անվտանգ ապրեր, ոչ ոք նրա խոստացած ապագան չպէտք է կասկածի տակ դնէր:
Օրն արդէն կիսւում էր: Նա մտքերի մէջ ընկած՝ հերթով ձեռքն էր վերցնում սեղանին դարսւած թղթապանակները, թերթում, եւ արդէն որերորդ անգամ ուսումնասիրում էր նախարարների եւ հաւատարիմ մնացած թիմակիցների դոսիէները: Դէմքի ակոսների անկանոն շարժումներից կարելի էր ենթադրել, թէ այդ պահին ում թղթապանակն է թերթում: Հատկապէս գոհունակութիւն իջաւ դէմքին, երբ ձեռքն առաւ երկնիշ տնտեսական զարգացման, առաջընթացի եւ առաքումների նախարարի թղթապանակը: «Կատարեալ ապուշ է,- դառը ժպտաց- սրա ժամանակը դեռ չի եկել, թող չաղանայ, աւելի ուշ կը մորթեմ»,- մտածեց, խնամքով փակեց թղթապանակը, դրեց մի կողմ եւ անցաւ միւսին:
Դրսից աղմուկ-աղաղակի ձայներ լսւեցին: Պատուհանի տակ հրաժարականի պահանջի կոչեր էին հնչում: Դրամատիկ ժամանակներ էին: Մարդկանց աչքերը բացւել էին, սկսել էին չհաւատալ, քանզի յիշում էին նրա խոստումները եւ ամէն վայրկեան առերեսւում իրականութեան հետ: Ներս մտած խորհրդականն այլայլւած դէմքով զեկուցեց սահմանին նոր կորուստների մասին:
-Քանի՞սն են,- իմիջայլոց հարցրեց նա:
-Չորսը,-ասաց օգնականը,- կան նաեւ վիրաւորներ:
-Երկուսի մասին յայտարարէք, միւսների մասով լռէք,-հրահանգեց նա:
-Իմանալու են, շէ՛ֆ,- դժգոհեց խորհրդականը:
-Մենք ոչինչ գաղտնի չենք պահում մեր ժողովրդից,-անվրդով ասաց նա,- վաղն այս երկուսի մասին կը մոռանան, կը յայտարարենք միւս երկուսի մասին: Դրսում ի՞նչ աղմուկ է:
-Ժողովուրդը հաւաքւում է, հանդիպում են պահանջում, ի՞նչ ասեմ։
-Ժողովո՞ւրդը,- քթի տակ փնփնթաց նա,- դա ժողովուրդը չէ, ես նրանց հետ ի՞նչ ունեմ խօսելու: Ժողովուրդը պէտք է խոհեմ լինի, բարիացակամ, առանց պահանջների, ոչ թէ սրանց նման յիշաչար: Ցրի՛:
-Ոնց ցրե՞մ, հիմնականում զոհւածների եւ գերիների ծնողներ են,- փորձեց բացատրել խորհրդականը։
-Ե՞ս եմ սպանել, թէ՞ ես եմ յանձնել, մի բան բստրի, թող ցրւեն, թէ չէ կը զանգեմ ոստիկանապետին, զօրքը կուղարկի: Քեզ ինչի՞ համար եմ էդքան փող տալիս: Ասա՝ չտրւեն լրագրողների սադրանքներին, ես աշխատում եմ եւ ժամանակ չունեմ օրս լցնել անցեալից մնացած անյաջողութիւններին լուծումներ գտնելու փնտրտուքով,- վճռական տօնով ասաց նա: Խորհրդականը շւարած ուզում էր դուրս գալ, լսւեց նրա դողացող ձայնը.
– Շատ ե՞ն: Շատանում են,- դռների արանքից ասաց խորհրդականն ու հեռացաւ:
Նա վեր կացաւ, մօտեցաւ պատուհանին, զգոյշ քաշեց վարագոյրի ծայրը եւ ծիկրակեց: Դրսում լարւածութիւնը մեծանում էր, բողոքաւորները շատ էին, հայհոյանքները՝ անխնայ: Բողոքաւորների շարքերում ծանօթ դէմքեր տեսաւ: Այլայլւեց: Չէր սպասում նման շրջադարձի, ախր նրանց բերանը, ինչպէս կինն էր յորդորել, փողով փակել էին։ -Ապերախտնե՛ր,- քթի տակ մռթմռթաց, -հիմա դուք ձեր հալը կը տեսնեք,- ասաց ու առանց երկմտանքի զանգեց ոստիկանապետին: Չէր անցել մի քանի րոպէ, երբ լսւեցին ոստիկանական մեքենաների ձայնային ազդանշանները: Փողոցում աղմուկը մեծացաւ, սկսւեց քաշքշուկ: Ոստիկանները անկանոն հարւածում, գետնին էին տապալում ցուցարարներին եւ քարշ տալով լցնում աւտոմեքենաները: Նա վերեւից նայում ու հոգին փառաւորւում էր ոստիկանների ճշգրիտ աշխատանքից: Այնքան գոհ էր, որ չդիմացաւ գայթակղութեանը. որոշեց նշել: Սառնարանից հանեց տնական սալորի օղին, լցրեց եւ ագահօրէն կուլ տւեց բաժակի պարունակութիւնը: Յետոյ նորից լցրեց: Երրորդ բաժակից յետոյ սիրտը ճմլւեց, ոչ թէ ծեծւողների հանդէպ խղճահարութիւնից, այլ ստամոքսն աղաղակում էր՝ դատա՜րկ եմ… Պէտք էր մի բան ծամել: Աշխատանքն աւարտւած համարելով՝ նա առաջարկեց իր անվտանգութեան պետին մի տալդա տեղ գնալ՝ մի կտոր հաց ուտելու:
Երբ աւտոմեքենան անվտանգութեան եւ ոստիկանական մեքենաների ուղեկցութեամբ դուրս եկաւ փողոց եւ շարժւեց անյայտ ուղղութեամբ, փողոցն արդէն մաքրել էին ցուցարարներից: Միայն քաղաքացիական աւտոմեքենաների վարորդներն էին ձայնային ազդանշանների լեզւով հայհոյում: Նա իբր բանից անտեղեակ՝ դիմեց առջեւում նստած անվտանգութեան աշխատակցին:
-Ինչի՞ են աղմկում, սա ի՞նչ ձեւ է,-դժգոհեց նա:
-Ողջունում են Ձեզ, շէֆ ջան,- քթի տակ ժպտալով ասաց թիկնապահը:
-Ա՜…, -գլխով տմտմբացրեց նա,- արագ անցէք, դրանց զահլան չունեմ:
Ռեստորանը, որն անվտանգութեան աշխատակիցը նախապէս կարգադրել էր փակել, քաղաքից դուրս մի գողտրիկ վայրում էր: Շատ հաւանեց: Տրամադրութիւնը բարձր էր, ի վերջոյ, յաջող օր էր ունեցել, սալորի օղին էլ ծոմ փորին իր գործն արել էր: Ներս մտնելուն պէս նւագախումբը պարեղանակ նւագեց: Նա ձեռքը վեր պարզած օրօրւեց տեղում: Անվտանգութեան աշխատակիցն էլ կիպ մէջքը պահած, որ չընկնի, սկսեց շորորւել: Պարում էին: Կարգադրեց ռեստորանի բոլոր աշխատողներին մեկական վարդ նւիրել՝ առանց սեռական խտրութեան, իսկ ինքը մօտեցաւ սեղանին եւ ագահի պէս սկսեց լփլփալեն ուտել: Ուտում էր ու խմում, խմում էր ու չէր ուտում, յետոյ նորից ուտում էր ու նորից խմում: Մի պահ ձեռքը տարաւ հեռախօսին, ուզում էր «լայւ» մտնել, բայց անվտանգութեան պետը հասցրեց ձեռքից խլեց հեռախօսը: Կէսգիշերն անց, երբ արդէն անվերադարձ անջատւել էր, անվտանգութեան երկու աշխատակիցների յամառ ջանքերի շնորհիւ նրան տեղաւորեցին աւտոմեքենայի մէջ, եւ շարասիւնը վերադարձաւ քաղաք:
Մինչ կը հասնէին առանձնատան մատոյցներին, պահակախումբն արդէն բացել էր առանձնատան դարպասները, վառել էին ճանապարհի լապտերները, եւ ոստիկանների ձիգ շարքերը պատրաստ սպասում էին պատւի առնելուն: Աւտոմեքենան առանց ընթացքը դանդաղեցնելու սուրաց ոստիկանների շարքի միջով, եւ արգելակների ճռռոցն ազդարարեց աշխատանքային օրւայ աւարտը: Նա մի կերպ դուրս եկաւ աւտոմեքենայից ու ոտքերը քստքստացնելով՝ մտաւ տուն: Տանը միայն տղան էր ընկերոջ հետ: Չխօսեց, ոչինչ չհարցրեց, միայն մշուշոտ նկատեց, որ վիշապագորգը չկար, մի կերպ՝ անկիւն բռնած՝ օրօրուն հասաւ ննջասենեակի դռանը, հրեց ու ներս մտաւ: Անկողինը դատարկ սպասում էր: Թաղման թոշնած ծաղկեպսակի նման փռւեց անկողնում ու ընկաւ անօդ թմրութեան մէջ: Ընդամէնը մի քանի ժամից տանելու էին իրեն։ Աշխատանքի։