Խաղաղութիւնը ոչ մի կերպ չի գալիս
Նիկոլ Փաշինեանի խոստացած Խաղաղութեան դարաշրջանն այդպէս էլ չի գալիս ո՛չ Արցախն Ադրբեջանին յանձնելուց եւ 120 հազար մարդու տեղահան անելուց, ո՛չ էլ միակողմանի զիջումներից յետոյ։ Երէկ ՀՀ ԱԳՆ-ն սկանդալային յայտարարութիւն արեց, թէ Ադրբեջանը Հայաստանի դէմ նոր ագրեսիա է ուզում սկսել եւ խաղաղութեան պայմանագրի կնքումը վիժեցնել։ Ադրբեջանի ՊՆ-ն յայտարարութիւն էր արել՝ կապւած Ֆրանսիայի հետ զէնքի ձեռքբերման պայմանագրի հետ, թէ «Հայաստանի ղեկավարութիւնը կրելու է Հարաւային Կովկասում իրավիճակի սրման եւ պատերազմի նոր օջախի առաջացման ողջ պատասխանատւութիւնը»։
ՀՀ ԱԳՆ-ն էլ հակադարձեց. «Ամէն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի գործելակերպը մտածելու տեղիք է տալիս եւ գալիս է հիմնաւորելու մի շարք կենտրոնների կողմից արւող վերլուծութիւնները, թէ Ադրբեջանն ամէն ինչ անելու է՝ վիժեցնելու Հայաստանի հետ խաղաղութեան համաձայնագիր կնքելու գործընթացը՝ 2024 թ. նոյեմբերին Բաքւում կայանալիք COP 29 գագաթնաժողովից յետոյ ՀՀ-ի նկատմամբ նոր ագրեսիա ձեռնարկելու համար»:
Յիշեցնենք, որ յիշեալ միջոցառումը նախատեսւում է այս տարւայ նոյեմբերին, որին ողջ աշխարհից մի քանի տասնեակ երկիր է հրաւիրւած։ Իշխանական շրջանակներում չեն թաքցնում, որ Նիկոլ Փաշինեանը պատրաստ է եղել միակողմանի զիջումների գնալ՝ յուսալով, որ մինչեւ նոյեմբեր Ադրբեջանի հետ խաղաղութեան պայմանագիր կը կնքի։ Իսկ հիմա այլեւս կասկած չունեն, որ Ադրբեջանը չի գնայ այդ պայմանագրի ստորագրմանը, քանի դեռ չի ստացել իր բաղձալի «Զանգեզուրի միջանցք»-ը, որին կը փորձի տիրանալ նոյեմբերեան միջոցառումից յետոյ, որպէսզի այդ միջոցառումը չտապալւի։ Ի դէպ, COP 29-ը կարող էր Հայաստանում կայանալ, եթէ Հայաստանը չհրաժարւէր իր յայտից՝ յօգուտ Ադրբեջանի»:
«Հրապարակ»