Տիգրան Աբրահամեան. «Ադրբեջանի համար խիստ կարեւոր կէտ է Հայաստանի ապառազմականացումը»

168TV-ի «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սէյրանեանի հիւրընկալել էր ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Տիգրան Աբրահամեանին:
Հարցազրոյցի հիմնական թէզերը՝ ստորեւ.
– Ադրբեջանի համար խիստ կարեւոր կէտ է Հայաստանի ապառազմականացումը։ Այդ տեսանկիւնից Հայաստան ներկրւող զէնքն Ադրբեջանի համար մեծ աղմուկ բարձրացնելու առիթ է։ Ադրբեջանը շանտաժի է ենթարկում Հայաստանին ու դա ներկայացնում՝ որպէս Հայաստանի դէմ պատերազմ սկսելու լեգիտիմութիւն։
– ՔՊ-ական պատգամաւոր Հայկ Սարգսեանի ներկայացրած նախագիծը խնդիրներ է առաջացնելու Հայաստանի ներսում՝ թէ՛ անվտանգային, թէ՛ բարոյահոգեբանական, թէ՛ սոցիալական բեւեռացման տեսանկիւնից։ Պատկերացրէ՛ք իրավիճակ, որ միեւնոյն բակում լինելու են մարդիկ, ում որդիները չեն գնալու բանակ, չեն մասնակցելու պատերազմի, եւ լինելու են մարդիկ, ովքեր դա չեն անելու, քանի որ գումար չունենալու պատճառով հնարաւորութիւն չեն ունենալու ազատւել զինւորական ծառայութիւնից:
Յիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութեան պատգամաւոր Հայկ Սարգսեանն օրեր առաջ ներկայացրել է պարտադիր զինւորական ծառայութեան համակարգում նախատեսւող օրէնսդրական փոփոխութիւնների նոր նախագիծը: Խստացնող փոփոխութիւններից մէկը ժամկէտային զինւորական ծառայութեան վերջնաժամկէտ տարիքային շեմն է։ Նախագծով առաջարկւում է ժամկէտային զինւորական ծառայութեան սահմանային տարիքը 27-ից դարձնել 37:
«Մինչեւ 18 տարեկան արական սեռի քաղաքացիների համար ՀՀ քաղաքացիութիւնը փոխելու բազային տուրքը դարձնել 15 մլն. դրամ: Սա այն գումարն է, որը գործող կարգաւորումներով 27 տարին լրացած եւ պարտադիր զինւորական ծառայութիւնից խուսափած ՀՀ քաղաքացիները այսօր էլ կարողանում են վճարել եւ ազատւել քրէական պատասխանատւութիւնից»,- ասել է Սարգսեանը:
Նախաձեռնութեան հեղինակի խօսքով՝ խրախուսող կարգաւորումներով ժամկէտային զինծառայողներին առաջարկւում է ընտրել հետեւեալ երեք տարբերակներից որեւէ մէկը՝ ծառայել 24 ամիս եւ ստանալ բարձր դրամական ապահովութիւն պետութեան կողմից, ծառայել 6 ամիս եւ պետբիւջէ վճարել 15 մլն. դրամ, ծառայել 1 ամիս եւ պետբիւջէ վճարել 20 մլն. դրամ։
– Անհնար է մէկ ամսում մարդուն այնպէս պատրաստել, որ պահեստազօրում ընդգրկւելիս վերջիններս կարողանան մասնակցել հնարաւոր մարտական գործողութիւններին։ Այդ մարդիկ լինելու են թիրախ ու որեւէ խնդիր չեն կարողանալու լուծել։ Եթէ Պաշտպանութեան նախարարութիւնն այս նախագծի վերաբերեալ լուրջ վերապահումներ ունենար, միգուցէ ՔՊ-ական այդ պատգամաւորն այն շրջանառութեան մէջ չդնէր։
– Այս պահին Զինւած ուժերն ունեն լուրջ համալրման խնդիր, եւ այս պարագայում զինծառայութեան ժամկէտի կրճատումը խոցելի է դարձնելու Հայաստանի անվտանգային համակարգը։
– Զինւած ուժերում ծառայութիւնը քաղաքացիական պարտք է Հայրենիքի նկատմամբ, եւ այս նախագծով հարւած է հասցւում նաեւ այդ ինստիտուտին։ Իսկ ո՞վ է ասում, որ Հայաստանում այնքան մարդ կայ, որ պատրաստ է 100000 աւել աշխատավարձի դէպքում ընդգրկւել զինւորական ծառայութեան մէջ, երբ տեսնում է, որ պետութիւնը թքած ունի բանակի ու զինծառայողի վրայ։ Այնպէս որ, թող չասեն՝ այդ գումարները, որ տրւելու են, աշխատավարձ պիտի բարձրացնեն միւսների համար։ Իշխանութիւնն առաւելագոյնն արել է, որ մարդկանց հետ պահի զինծառայութիւնից, ու հիմա որպէս լուծում՝ տեսնում են կաշառքի, կոռուպցիայի օրինականացումը։
– Երբ իշխանութիւնը զինծառայողին դիտարկում է՝ որպէս սոսկ աշխատավարձ ստացող, իսկ հերոս՝ հարկ վճարողին, ոչնչացնում է այն հիմքերը, որի վրայ կառուցւած է բանակը։
– Ընտրութիւններից առաջ ՔՊ-ն մարդկանց խոստանում է պարտադիր զինւորական ծառայութեան ժամկէտի կրճատում, ապա եւ փողով առհասարակ օրինական ձեւով բանակից ազատում։ Սա աղէտալի է, բայց մարդիկ իրենց համար հնարաւորութիւն են տեսնում։ Եթէ մարդկանց նպատակն իրենց երեխային վերցնել, արտագաղթելն է, դա իրենց որոշումն է, բայց այս նախագիծը մեր անվտանգային համակարգին այնպիսի հարւած է հասցնելու, որ յետոյ տասնամեակներով չկարողանանք վերականգնել։ Դա թոյլ չտալու համար սրանց պէտք է վռնդել իշխանութիւնից, ունենալ այնպիսի Զինւած ուժեր, որ Հայաստանի քաղաքացու անվտանգութիւնն ու արժանապատւութիւնը հնարաւորինս պահպանւի։
– Այսօր լոկ 50 հրետանային միջոցների գնումը չի կարող ներկայացւել՝ որպէս Զինւած ուժերի զարգացման ճանապարհ։ Միգուցէ դա ակտուալ կը լինէր 15-20 տարի առաջ, բայց աշխարհն այնպէս է առաջ գնում, որ հիմա դա որպէս մեծ ձեռքբերում ներկայացնելը ծիծաղելի է։ Այդ գնւած 50 հրետանին լայնամասշտաբ պատերազմի արդիւնքում այսօրւայ աշխարհում մի քանի րոպէի ընթացքում կարող է դառնալ մետաղի ջարդոն։ 10 անգամ աւելի էժան դրոններով կարող են ոչնչացնել քո միաւորները, արդիւնքում՝ դու տուժում ես ոչ միայն ռազմի դաշտում, այլեւ ֆինանսապէս։
– Ոչ միայն «Իսկանդերը», այլեւ շատ այլ զինատեսակներ Հայաստանը 44-օրեայ պատերազմի ընթացքում չկարողացաւ օգտագործել ըստ իրենց նշանակութեան ու տեխնիկական հնարաւորութիւնների, եւ ունեցանք այն, ինչ ունեցանք։
– Բոլոր առումներով մեր քաղաքացուն հետաքրքրում է՝ իշխանութիւնն իր առաջ դրւած անվտանգային խնդիրները լուծելո՞ւ է… Ես ասում եմ՝ ո՛չ, չի լուծելու, ու մինչեւ քաղաքական փոփոխութիւն չլինի, այդ հարցը չի լուծւելու։
– ՊԲ բանակի ցանկացած հրամանատարի դէպքում ցուցիչն իր վերաբերեալ հանրութեան արձագանքն է։ Ջալալ Յարութիւնեանի հրամանատարութեան ներքոյ բազմաթիւ մարդիկ են ծառայել։
Լեւոն Մնացականեանը գերեվարւած է, բայց նրա ռազմական հմտութիւնների մասին ամենուր խօսում են։ Ջալալ Յարութիւնեանը մինչեւ 2018 թ. ամենաշատը ռասկռուտկա եղած զինւորականներից է։ Ինձ համար՝ որպէս մարդու, ով ճանաչում է նրան՝ մինչ 2018 թ.-ը, եւ 2018-2020 թւականների Ջալալ Յարութիւնեանը տարբեր մարդիկ են։ Ջալալ Յարութիւնեանը հսկայական ինֆորմացիայի է տիրապետում, բայց նա չի խօսում։ Ինչո՞ւ… չի խօսում նաեւ Օննիկ Գասպարեանը։ Չգիտեմ՝ ինչո՞ւ չի խօսում, բայց կարծում եմ՝ մտածում է՝ Նիկոլ Փաշինեանի իշխանութեան օրօք ինչ էլ ասի, դա քննարկման առարկայ չի դառնալու։
– Ե՛ւ Օննիկ Գասպարեանը, ե՛ւ Ջալալ Յարութիւնեանը տիրապետում են այնպիսի տեղեկութիւնների, որոնց բարձրաձայնումը քաղաքական դաշտում կարող է բերել փոփոխութիւնների։
– Երբ Դաւիթ Տօնոյեանի խափանման միջոցը փոխւեց, 6 ամիս առաջ, նա ասաց՝ նոր եմ ազատւել, ինձ ժամանակ է պէտք խօսելու համար։ Տօնոյեանը քաղաքական պատասխանատւութիւն է կրում այն ամէնի համար, ինչ մեզ հետ տեղի է ունեցել ու կարծում եմ՝ արդէն ժամանակն է, որ ճշմարտութիւնը հնչեցնի, հասարակութիւնից ներողութիւն խնդրի։ Երբ մարդն ասելիք ու համարձակութիւն է ունենում, արտայայտւելու ձեւը գտնում է, ինչպէս դա անում է Արմէն Աշոտեանն իր կալանքի 15 ամիսների ու հիմա էլ՝ տնային կալանքի պայմաններում։
– Նիկոլ Փաշինեանի համար օդ ու ջրի պէս անհրաժեշտութիւն է խաղաղութեան պայմանագրի տակ դրւած Ալիեւի ստորագրութիւնը ստանալը։ Ինքը 2021 թ. դրանով է գնացել ընտրութեան, խաղաղութիւն է խոստացել, որը չի բերել։ Հիմա դա 2-րդ անգամ է փորձում խաղարկել, ժողովրդի վրայ «վաճառել», բայց արդէն 2026 թ.ընտրութիւններում ձայներ ստանալու համար։ Հասարակութեանն անընդհատ պարտւողի հոգեբանութիւն են սերմանում, բայց մարդիկ պիտի իմանան՝ պարտւելու են այնքան ժամանակ, քանի դեռ իշխանութեան ղեկին Նիկոլ Փաշինեանն է։
– Երբ Դաւիթ Տօնոյեանի խափանման միջոցը փոխւեց, 6 ամիս առաջ, նա ասաց՝ նոր եմ ազատւել, ինձ ժամանակ է պէտք խօսելու համար։ Տօնոյեանը քաղաքական պատասխանատւութիւն է կրում այն ամենի համար, ինչ մեզ հետ տեղի է ունեցել. ու կարծում եմ՝ արդէն ժամանակն է, որ ճշմարտութիւնը հնչեցնի, հասարակութիւնից ներողութիւն խնդրի։ Երբ մարդն ասելիք ու համարձակութիւն է ունենում, արտայայտւելու ձեւը գտնում է, ինչպէս դա անում է Արմէն Աշոտեանն իր կալանքի 15 ամիսների ու հիմա էլ՝ տնային կալանքի պայմաններում։
– Նիկոլ Փաշինեանի համար օդ ու ջրի պէս անհրաժեշտութիւն է խաղաղութեան պայմանագրի տակ դրւած Ալիեւի ստորագրութիւնը ստանալը։ Ինքը 2021 թ. դրանով է գնացել ընտրութեան, խաղաղութիւն է խոստացել, որը չի բերել։ Հիմա դա 2-րդ անգամ է փորձում խաղարկել, ժողովրդի վրայ «վաճառել», բայց արդէն 2026 թ.ընտրութիւններում ձայներ ստանալու համար։ Հասարակութեանն անընդհատ պարտւողի հոգեբանութիւն են սերմանում, բայց մարդիկ պիտի իմանան՝ պարտւելու են այնքան ժամանակ, քանի դեռ իշխանութեան ղեկին Նիկոլ Փաշինեանն է:
168.am