Վահէ Դաւթեան. «Երբ Նիկոլ Փաշինեանը էքստազի մէջ բղաւում է՝ Արցախը «երբեք հայկական չի եղել», դա պարզապէս քաղաքական մանիպուլիացիա չէ, այլ՝ իրականութեան հսկայական շերտի ժխտում»

Քաղակական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր Վահէ Դաւթեանը գրում է.
«Երբ Նիկոլ Փաշինեանը նախընտրական էքստազի մէջ բղաւում է, թէ Արցախը «երբեք հայկական չի եղել», որովհետեւ «մենք այնտեղ ոչինչ չենք կառուցել՝ ոչ դպրոց, ոչ մանկապարտէզ, ոչ գործարան», դա պարզապէս քաղաքական մանիպուլիացիա չէ։ Դա իրականութեան հսկայական շերտի ժխտում է։
Մի շարք սոցիալ-տնտեսական ցուցանիշներով Արցախը Հարաւային Կովկասում ցուցադրում էր տնտեսական աճի ամենաբարձր տեմպերից մէկը։ Պատահական չէ, որ դեռեւս 2014 թ. ռուսական РБК-ն բնութագրեց Արցախը որպէս «անդրկովկասեան վագր»։ Արցախի տնտեսական աճը տարբեր տարիներին, յատկապէս 2010 թ.-ից ի վեր հասնում էր 9-15,6%-ի։
Արցախում հետեւողականօրէն կառուցւում եւ արդիականացւում էին էներգետիկ ենթակառուցւածքները, զարգանում էին գազաֆիկացումը, հիդրոէներգետիկան, էլեկտրահաղորդման գծերը, տրանսպորտային եւ կոմունալ ցանցերը։ Արցախի ենթակառուցւածքային զարգացման ամենավառ դրսեւորումներից էր Ստեփանակերտի օդանաւակայանը:
Ձեւաւորւել էր էներգետիկ քաղաքականութեան օրէնսդրական հիմք, որը միտւած էր տնտեսական եւ էներգետիկ անկախութեան ամրապնդմանը։ 2018 թ.-ից սկսւել էին էլեկտրաէներգիայի մատակարարումները Հայաստան։
Արցախի տնտեսութեան ինստիտուցիոնալ զարգացման մակարդակի մասին կարելի է դատել 2009 թ. «Արցախ ՀԷԿ»-ի IPO անցկացման փաստով, ինչը նոյնիսկ այն ժամանակւայ Հայաստանի համար համարւում էր նորարարական քայլ։ Փաստացի դա առաջին հայկական IPO-ն էր:
Մինչեւ 2020 թ. Արցախում իրականացւում էր հիդրոէներգետիկայի զարգացման լայնածաւալ ծրագիր։ Կառուցւել էին տասնեակ ՀԷԿ-եր, իսկ հանրապետութիւնը աստիճանաբար մօտենում էր էներգետիկ աւելցուկ ունեցող տնտեսութեան մոդելին. էլեկտրաէներգիայի արտադրութիւնը գրեթէ կրկնակի գերազանցում էր ներքին պահանջարկը։
Արցախի գազաֆիկացումը հասել էր 67,1%-ի, ընդորում քաղաքների գազաֆիկացման մակարդակը կազմում էր 93%։
Սա՞ է «ոչինչ չկառուցելը»։
Արցախում ստեղծւում էին արտադրական հզօրութիւններ, զարգանում էր առեւտուրը, աճում էր արտահանումը, գործում էին վերամշակող ձեռնարկութիւններ, կառուցւում էին նոր սոցիալական օբիեկտներ, արդիականացւում էին հաղորդակցային ցանցերը։
Հետեւաբար, նման յայտարարութիւնները հայկական Արցախի ռետրոսպեկտիւ ապամոնտաժման փորձ են՝ հսկայական աշխատանքի, ենթակառուցւածքների եւ զարգացման ամբողջ պատմութեան ժխտման միջոցով։
Յ. Գ. – Լաւ յիշում եմ 2015 թ. Արցախի պետական համալսարանում կարդացած իմ երկու դասախօսութիւնները։ Լսարանը կենդանի հայկական մտաւոր եւ ազգային տարածութիւն էր՝ իր ուսանողներով, հետազօտողներով, դասախօսներով, որոնք կառուցում, զարգացնում եւ իմաստաւորում էին Արցախի ապագան»։



