Վարդան Խաչատրեան. «Ադրբեջանն այս անգամ զօրքով կը մտնի Իրան, Ալիեւի փոխհատուցման ժամանակը եկել է»

«ԱԼԻՔ» – «Այսօր դիւանագիտութիւնը այլեւս դեր չի խաղում, որովհետեւ երբ որ Իսրայէլը յանկարծակի յարձակւեց Իրանի վրայ, որպէս ծխածածկոյթ օգտագործում էր հէնց դիւանագիտութիւնը, բայց պարզւեց, որ դա ոչ մի արժէք չունի. ուրեմն դիւանագիտութեանը էլ հաւատացող չկայ»։ Այս մասին News.am–ի հետ զրոյցում նշել է կրօնագէտ, փիլիսոփայ, ՀՀ ԱԺ նախկին պատգամաւոր Վարդան Խաչատրեանը։
«Իրանը Չինաստանի եւ Ռուսաստանի պատկերացրած եւրասիական արխիտեկտոնիկ հետագայ խճապատկերի գլխաւոր հատւածներից մէկն է, իրար միացնողն է, դրան հատում է Մեծ Թուրանը, դրա համար Ադրբեջանը աներեւակայելի արժէք ունի Արեւմուտքի աչքում; Հիմա ի՞նչ տեղի ունեցաւ, սպասում էին, որ Իսրայէլը խփեց ու աւարտւեց ու ընկաւ Իրանը, Իրանը կը բաժանւի մասերի, կառաջանայ Բելուջիստան հարաւում, կառաջանայ Պարսկաստան, իսկ աւելի հիւսիս արդէն Ադրբեջանը, որը կը միանայ այս Ադրբեջանի հետ։ Բայց այդ ամէնը չտւեց այն էֆեկտը, ինչը սպասւում էր, որովհետեւ Իրանի հրթիռների հարւածները Իսրայէլին շատ ծանր հետեւանքների բերեցին, իսրայէլական նաւահանգստային քաղաքները բոլորը ընկան հարւածների տակ, ջախջախւեցին զգալի արտադրական հզօրութիւններ եւ ԱՄՆ-ն Իսրայէլի հնարաւորութիւնները վերականգնելու համար կարիքը ունի մինչեւ հոկտեմբեր ընկած ժամանակահատւածի, որ վերականգնի իր ռազմական պոտենցիալը։
Այսօր Իրանը իր բանակը մօտեցրել է Ադրբեջանի սահմանին, լաւ հասկանալով, որ դա մահացու հարւած էր ուղղւած իր դէմ, որովհետեւ Նեթանիահուի բանակցութիւնները Ամերիկայում ցոյց տւեցին, որ նա յայտարարում է, որ այլեւս երկու տակտից, երեք տակտից բաղկացած օպերացիա չենք կարող մենք անել, բոլորս միաժամանակ պէտք է յարձակւենք Իրանի վրայ։ Այս անգամ ասում է՝ Ադրբեջանը պէտք է զօրքով մտնի, որպէսզի ոտքի կանգնեն հիւսիսային Իրանի ադրբեջանցիները, հակառակ դէպքում նրանք ոտքի չեն կանգնի։ Ադրբեջանը գլխաւոր հարւածային ուժ դիտւում է։
Շատ շատերն ասում են, որ Ալիեւը չի գնայ դրան, բայց պէտք է ասել, որ մեր 44-օրեայ պատերազմում էլ նրա հանդէպ եղած վերաբերմունքը Արեւմուտքի, աներեւակայելի ոչ միայն մեղմ էր, այլ սատարող։ Այսինքն եկել է փոխհատուցման ժամանակը»,- յայտարարել է Վարդան Խաչատրեանը։
Նա համոզմունք է յայտնել, որ հէնց այս համատեքստում պէտք է դիտարկել Ռուսաստան-Ադրբեջան հակամարտութիւնը. «Նա ոչ մի դէպքում չէր գնայ այդ քայլերին, այսինքն նա ստիպւած է պահել իր գիծը, ոչ թէ ուզում է պահել։ Նրան ուղղակի պահում են այդ գծի վրայ, որ ինքը պէտք է գնայ դէմ ռուսներին։ Ռուսները եկել էին Ադրբեջան, որ պայմանաւորւեն, որ ոչ մի դէպքում քո հարաւում եղած չորս բազաները չես տրամադրելու ոչ Իսրայէլին, ոչ ամերիկացիներին։
Իրանը, որպէս այդպիսին, աշխարհաքաղաքական ներկայիս այս շրջաբերման մէջ ամենավտանգաւոր հատւածներից մէկն է, որովհետեւ երկու կողմն էլ դիտարկում է իր եզակի շանսը, մէկը կործանել Իրանը, իսկ միւսը, որ ոչ մի դէպքում Իրանը չպէտք է կործանւի։
Բոլոր անալիտիկները այն կարծիքին են, որ Իսրայէլը ի վիճակի չի գոյատեւել այս ստացած հարւածներով։ Ամբողջ աշխարհի առաջ երեւաց, որ հրեական պետութիւնը, որ միշտ յաղթում է, այստեղ բոլորն իմացան, որ ուղղակի խնդրել է Ամերիկայի պրեզիդենտին միջամտել, որ հրադադար լինի, որովհետեւ իրենք էլ չեն դիմանում։
Հիմա իրենց անհրաժեշտ է, որ վերազինւեն, բայց պատկերացնել, որ հէնց այդպէս վերազինւելուց յետոյ այդպէս էլ կը մնայ, ոչ, Իսրայէլը վարում է տարբեր ուղղութիւններով պատերազմներ, դա շարժում է նաեւ Ամերիկայում շատ-շատերի խորը հիասթափութիւնը ու գրգռւածութիւնը»,- ընդծել է նա։