Արաղչի. ԱՄՆ-ը պէտք է վերադառնայ իր պարտաւորութիւններին ու Իսլամաբադի փոխըմբռնման յուշագրին

ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին յայտարարել է, որ ԱՄՆ-ը պէտք է վերադառնայ իր ստանձնած պարտաւորութիւններին եւ երկու երկրների միջեւ ստորագրւած Իսլամաբադի փոխըմբռնման յուշագրի դրոյթներին։
Ինչպէս հաղորդում է Իրանի պետական ԻՌՆԱ գործակալութիւնը, Արաղչին այս մասին ասել է Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում Շանհայի համագործակցութեան կազմակերպութեան գագաթնաժողովի առաջին օրւայ հանդիպումներից յետոյ։
Նրա փոխանցմամբ՝ հանդիպումների ընթացքում քննարկւել են Իրանի դէմ ԱՄՆ-ի «ագրեսիւ» յարձակումներն ու դրանց հետեւանքները։ Արաղչին ընդգծել է, որ Իրանի ժողովուրդը շարունակելու է պայքարել իր իրաւունքների պաշտպանութեան համար։
Իրանի արտաքին գործերի նախարարը նշել է, որ հանդիպումներում առանցքային թեմաներից մէկը եղել է Իսլամաբադի փոխըմբռնման յուշագիրը, որն ստորագրւել էր երկու երկրների նախագահների կողմից, սակայն ԱՄՆ-ը խախտել է դրա պայմանաւորւածութիւնները։
«ԱՄՆ-ը պէտք է վերադառնայ իր պարտաւորութիւններին եւ յարգի փոխըմբռնման յուշագրի դրոյթները։ Դրանից յետոյ մենք կարող ենք դուրս գալ ստեղծւած իրավիճակից, քանի որ բոլոր երկրներում կայ մտահոգութւին կապւած իրավիճակի սրման հետ»,- ասել է Արաղչին։
Նա ընդգծել է, որ լուծումը «յստակ եւ պարզ» է՝ ԱՄՆ-ը պէտք է վերադառնայ իր պարտաւորութիւններին եւ իր նախագահի ստորագրած համաձայնութեանը։
Արաղչին Շանհայի համագործակցութեան կազմակերպութեան գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ մեկնել է Բիշքեկ։ Գագաթնաժողովը Ղրղզստանում անցկացւում է սեպտեմբերի 9-ին եւ 10-ին։



