ԻրանՄիջազգայինՔաղաքական

ԱՄՆ-ը խախտել է հրադադարը. Իրանը պատասխան հարւած է հասցրել

ԱՄՆ-ը խախտել է հրադադարը եւ համաձայնագիրը՝ հարւածելով Սիրիքի շրջանին

ԱՄՆ-ը հարւածներ է հասցրել Իրանի տարածքում՝ Հորմոզի նեղուցի մերձակայքում գտնւող Սիրիքի շրջանի մի շարք կառոյցներին։ Ըստ իրանական աղբիւրների՝ պայթիւններ են լսւել Թահրաւէյէ նաւահանգստի մօտ։

Թեհրանը յայտարարել է, որ այս գործողութեամբ Վաշինգտոնը խախտել է հրադադարը եւ նախապէս ձեռք բերւած պայմանաւորւածութիւնները։

 

ԻՅՊԿ ռազմածովային ուժերը պատասխանել են ԱՄՆ-ի յարձակմանը

Իրանի Իսլամական յեղափոխութեան պահապանների կորպուսի (ԻՅՊԿ) ռազմածովային ուժերը, պատասխանելով ամերիկեան յարձակմանը, թիրախաւորել են տարածաշրջանում ԱՄՆ բանակի տեղակայման կէտերը։ ԻՅՊԿ-ի հաղորդագրութեամբ՝ ԱՄՆ-ը, խախտելով իր ստանձնած պարտաւորութիւնները, օդային յարձակում է իրականացրել Իրանի ափամերձ շրջանների դէմ՝ Հորմոզի նեղուցում նաւի երթեւեկութեան վերահսկողութեան հարցը որպէս պատրւակ օգտագործելով։ Թեհրանն զգուշացրել է, որ յարձակման կրկնութեան դէպքում պատասխանն աւելի լայնածաւալ եւ անհամեմատ կոշտ կը լինի։

 

Ամերիկացի պաշտօնեայԻրանի դէմ հարւածները պատերազմի սկիզբ չեն

Միեւնոյն ժամանակ, ամերիկացի բարձրաստիճան պաշտօնեան The New York Times-ին յայտնել է, որ Իրանի դէմ իրականացւած հարւածները չեն նշանակում լայնածաւալ ռազմական գործողութիւնների կամ պատերազմի մեկնարկ։ Արաբական աղբիւրների համաձայն՝ ԱՄՆ ռազմակայանները Բահրէյնում, Քովէյթում, Կատարում եւ Սաուդեան Արաբիայում բարձր պատրաստւածութեան են բերւել։ Fox News-ն էլ հաղորդել է, որ ԱՄՆ-ի ռազմական գործողութիւններն այս փուլում աւարտւած են։

Related Articles

Back to top button