ԹեհրանՀամայնք

Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան ֆուտսալի տղայոց խումբը շարունակում է յաջող երթը

Միութեան յարկի տակ ձեւաւորւել է աղջկանց ֆուտսալի խումբ

Թեհրանի հայկական մարզամշակութային միութիւնների հիմնական առաքելութիւններից է, նոր սերնդի ոչ միայն ազգային եւ հոգեմտաւոր դաստիարակութիւնը, այլ նաեւ ֆիզիկական կարողականութիւնների բարձրացումը եւ մարզանքի միջոցով մարզական ոգու սերմանումը:

Յիշեալ մարզամշակութային միութիւններից է Հ. Մ. Մ. «Նայիրի» միութիւնը, որի յարկի տակ երկար տարիներ շարունակ հայ երիտասարդերիտասարդուհին մասնագիտացել է մարզական բազմազան ոլորտներում, սակայն ցաւօք այդ մարզաձեւերից շատերը այսօր չեն աշխատում, մասնակիցների թւային պակասի բերումով: Այսօր միութեան յարկի տակ աշխատում է Ֆուտսալի մարզաձեւ, որի տղայոց բաժինը, արդէն իր խօսքը ունի ասելու Թեհրանի ֆուտսալի մարզաձեւում, իսկ արդէն սկսել է նաեւ աշխատել աղջիկների ֆուտսալը, որը մեր միութիւններում համարւում է իւրայատուկ երեւոյթ:

Առիթը պատեհ համարելով միութեան յարկի տակ հարցազրոյց ենք ունեցել Ֆուտսալ մարզաձեւի պատասխանատուի եւ մարզիչների հետ:

 

Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան Ֆուտսալի եւ ֆուտբոլի պատասխանատու Արթին Ղարախանեանը զրոյցի ընթացքում անդրադառնալով իր մարզական անցեալի մասին նշեց, որ տարիներ եղել է միութեան ֆուտբոլի մարզիկ եւ խաղացել է իրանական «Հոմա» խմբի կազմում: Նա նշեց. «Աստիճանաբար մասնակցելով ֆուտսալի խմբին ես եւ միութեան ֆուտսալի ներկայի մարզիչները միութեան ֆուտսալի խմբի կազմում խաղացել ենք Թեհրանի հիւսիսարեւելեան շրջանի խաղերի ակումբներում, գրաւելով երրորդ տեղը: Արդէն երեք տարի է ինչ միութեան Ֆուստսալի տղայոց խումբը խաղերի է մասնակցում Թեհրանի հիւսիս արեւելեան տարածքի ակումբների եւ Թեհրանի ակումբների հետ: Անցեալ տարի միութեան ֆուտսալի խումբը գրաւեց երկրորդ, իսկ այս տարի առաջին տեղը, նաեւ մասնակից ենք եղել հայկական մարզական բոլոր միջոցառումներին, ոչ միայն Թեհրանում, այլ նաեւ Հայաստանի համահայկական խաղերին եւ իրանահայ համայնքում ընթացող խաղերին:

Տղայոց ֆուտսալի խմբին անդամակցում են 17 տարեկանից մինչեւ 30 տարեկան մարզիկներ, որոնք արդէն իսկ շատ լաւ խաղեր դրսեւորելով այս տարի Թեհրանի հիւսիս արեւելեան մրցութիւններում առանց որեւէ պարտութեան, յաջողեցին գրաւել առաջին տեղը: Նա նշեց, քանի որ միութեան տարածքը յարմար չէ փորձերի համար ուստի թէ՛ տղաների, եւ թէ՛ աղջիկների փորձերը իւրաքանչիւրը շաբաթական երկու օր կայանում են Հ. Մ. Մ. «Րաֆֆի» մարզահահալիրի տարածքում, իսկ երբ մօտենում ենք միջակումբային կամ ակումբային խաղերին նաեւ կազմակերպում ենք ընկերական խաղեր իրանական այլ խմբերի հետ, որպէսզի մեր մարզիկները աւելի թրծւեն»:

Խօսելով միութեան աղջիկների նորակառոյց ֆուտսալի խմբի մասին նա նշեց. «Մէկ տարի է ինչ իր աշխատանքն է սկսել աղջիկների ֆուտսալի մարզաձեւը եւ փորձերի են մասնակցում 9-ից մինչեւ 14 տարեկան պարմանուհիներ, իսկ տարիքով աւելի բարձր խաղացողը համարւում է խմբի աւագը, արդէն մարզիչ ենք նշանակել Իրանի ազգային հաւաքականի մարզիկ Ֆաթեմէ Բիդարիին եւ փորձում ենք մասնագիտացնել խումբը, որպէսզի մրցակցեն Թեհրանի ակումբային խաղերին»:

Անդրադառնալով միութեան աղջկանց ֆուտսալի խաղերին նա նշեց. «Միութեան աղջիկների ֆուտսալը միակ հայկական խումբն է, իհարկէ քանի որ դեռ սկսնակ են, մինչ օրս չենք մասնակցել Թեհրանի ակումբային խաղերին, սակայն մտադիր ենք այս տարի մասնակցել խաղերին, քանի որ արդէն շատ լաւ փորձեր են անցկացնում»:

Թեհրանի ակումբային խաղերին, միութեան տղայոց ֆուտսալի խմբի մասնակցութեան մասին նա ընդգծեց. «Հ. Մ. Մ. «Նայիրի» միութիւնը Թեհրանի հիւսիս արեւելեան տարածքի կազմում ունի իր տեղը եւ կարող է մասնակցել խաղերին եւ երբ որեւէ խաղի են մասնակցում, որպէս հայկական միութիւն իւրայատուկ յարգանքով են մօտենում մեզ»:

Նա իր խօսքը ուղղելով երիտասարդներին այսպէս ասաց. «Շատ կարեւոր է, որ մեր երիտասարդները շարունակեն մարզանքը, որովհետեւ մարզանքը շատ կարեւոր է իւրրաքանչիւր անհատի մտաւոր եւ ֆիզիկական կարողութեան համար»:

***

Մեր յաջորդ զրուցակիցն էր խմբի աւագ մարզիչ՝ Արբի Շահնազարեանսը: Նա իր մարզական անցեալի մասին այսպէս է ասում. «Ֆուտբոլը սկսել եմ հէնց պատանեկան տարիքից անդամակցելով Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան ֆուտբոլի խմբին պատանեկանից մինչեւ մեծահասակներ, ցաւօք երբ այլեւս խումբը գոյութիւն չունէր մի քանի ընկերներով միացանք Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան ֆուտբոլի խմբին, մասնակցելով նաեւ Հայաստանի Համահայկական խաղերին, սակայն ֆուտբոլի խմբի թիւը ժամանակի ընթացքում նւազեց եւ որոշեցինք կազմել ֆուտսալի խումբը, որը այսօր իր խօսքը ունի ասելու Թեհրանի մակարդակում: Տարիներ մրցակցել ենք Թեհրանի հիւսիս-արեւելեան տարածքի ակումբային խաղերին, սակայն յատուկ արդիւնքներ չէինք գրանցում եւ ժամանակի ընթացքում խումբը կազմալուծւեց: Մասնակցել ենք նաեւ «Ռամազան» գաւաթին: Մի առ ժամանակ անց միութեան կողմից դիմեցին մարզիչ Գեւիկ Մատթէոսեանին, որպէսզի վերականգնի խումբը եւ ես եւս միացայ իրեն օգնելու նպատակով եւ այսպիսով կրկին վերականգնւեց խումբը: Սկզբում բաւականին դժւարութիւնների դիմաց էինք կանգնած, բայց միութեան հովանաւորութեամբ բարեբախտաբար թեւակոխեցինք դժւարութիւնները եւ յաջողեցինք Թեհրանի հիւսիս արեւելեան ակումբների խաղերում առաջին տեղը գրաւել, անհրաժեշտ է աւելացնեմ, որ իրապէս մեր խումբը լաւագոյններից է, որը առանց պարտւելու յաջողել է անցեալ տարի առաջին տեղը գրաւել»:

Անդրադառնալով դժւարութիւններին, նա այսպէս շարունակեց. «Այժմ փորձում ենք աւելի բարձր մակարդակի ակումբների հետ խաղալ, բայց կան մի շարք խնդիրներ: Նախ հայ մարզիկների առումով դժբախտաբար չկան հետաքրքրւողներ, որպէսզի կարողանանք աւելացնել խմբի անդամների թիւը, եթէ մտադիր լինենք աւելի մասնագիտօրէն մօտենալ հարցին, դա կարիք ունի ֆինանսաւորման, նաեւ սրահի հարցով ունենք դժւարութիւն, քանի որ միութիւնը չունի տարածք ուստի պարտաւորւում է այլ սրահներ վարձակալել: Մեր տղայոց խումբը թէեւ շատ լաւ արդիւնքներ է գրանցել սակայն մեր մարզիկները սիրողաբար են մասնակցում եւ իւրաքանչիւրը ունի իր աշխատանքը, եթէ ցանկանանք մասնագիտական խումբ ձեւաւորել անհրաժեշտ է մասնագիտական մօտեցում մարզիկների նկատմամբ եւ ֆինանսաւորում: Իհարկէ եթէ լինեն սփանսերներ կամ ֆինանսաւորողներ բնականաբար արդիւնքները աւելի լաւ կը լինեն, թէեւ «Նայիրի» միութիւնը ոչինչ չի խնայում իր կարողացածի սահմաններում, բայց այսօր մասնագիտական որեւէ աշխատանք պահանջում է լաւ ֆինանսաւորում, որովհետեւ լիգայի խաղերին մասնակցելու համար անհրաժեշտ է այլ քաղաքներ ճամփորդել կամ փորձերի համար աւելի ժամ յատկացնել, ուստի ֆինանսաւորումը անհրաժեշտ է ծախսերը փակելու համար»:

Անդրադառնալով աղջիկների ֆուտսալի խմբին նա այսպէս շարունակեց. «Մի քանի պատանի աաղջիկներ ինչպէս մարզիչ Գեւիկի աղջիկը դիմել էին թէ՛ Գեւիկին, եւ թէ՛ ինձ որպէսզի իրենք եւս ունենան իրենց խումբը, դա խթան հանդիսացաւ եւ այսպիսով հիմքը դրւեց աղջիկների խմբի, որը սկսեց իր փորձերը 14 հոգով բայց ժամանակը փաստեց թէ ովքեր են իրապէս հետաքրքրւում այդ մարզաձեւով եւ մնացին 9 հոգի, որը այսօր վերաճել է կրկին 14 հոգու, իհարկէ դեռ շատ պէտք է մարզւեն, որպէսզի կարողանան մասնակցել որեւէ ակումբային խաղերի: Նաեւ մեր տղաների խումբը անցեալ տարի մասնակցելով «Փոքրամասնութիւնների գաւաթ» մրցաշարին գրաւեց առաջին տեղը եւ դա եւս շատ լաւ գովազդ էր մեր հայկական խմբի համար»:

Վերջում նա խօսքը ուղղեց սիրելի ծնողներին եւ երիտասարդներին, ընդգծելով. «Սիրելի ծնողները պէտք է մեր երիտասարդներին քաջալերեն զբաղւելու մարզանքով, ոչ միայն խօսքով այլ իրենք եւս նոյնիսկ շաբաթական մի քանի ժամ յատկացնեն իրենց զաւակաների հետ մարզանքով զբաղւելու համար, օրինակ զբօսայգի գնալով խաղան որեւէ մարզանք կամ որեւէ լողաւազան գնան իրենց երեխաների հետ, որպէսզի երեխայի համար ծնողը օրինակ ծառայի: Իսկ սիրելի երիտասարդները թող իմանան որ մարզանքը ոչ միայն մարզում է ֆիզիկականը, այլ հոգեկանը եւս բարձրացնում է եւ եթէ տնում դասեր սովորելու ժամանակ նոյնիսկ ընդմիջման կարգով երիտասարդը կամ պատանին մի քանի մարզական շարժումով զբաղւի, դա կը նպաստի աւելի լաւ մտածելուն, նոյնիսկ կէս ժամ քայլելը օգտակար է: Ես հաւատացած եմ այս հարցով քանի որ ինքս մեր հայոց դպրոցներում մարզանքի ուսուցիչ եմ եւ տեսնում եմ թէ մարզանքը իրապէս ինչ լաւ ազդեցութիւն է թողնում մեր երիտասարդների հոգեկանի բարձրացման առումով: Իսկ գալով այն երիտասարդներին, որոնք մարզանքով են զբաղւում միութիւններում դա շատ աւելի օգտակար է հանդիսանում նրանց հոգեկանի բարձրացման խնդրով, որովհետեւ նրանք շփւում են իրենց համատարիքների հետ, նոր ընկերներ են գտնում եւ դա իրենց համար դառնում է կեանքի փորձառութիւն»:

***

Մեր յաջորդ զրուցակից էր մարզիչ Գեւիկ Մատթէոսեանը, ով պատանեկան տարիքից զբաղւել է ֆուտբոլով, եւ իր մարզական կեանքը սկսկել է Հ.Մ.Ա.Կ.-ի ֆուտբոլից, ստանալով իր մարզիչի վկայականը երկու տարի եղել է «Արարատ»-ի երիտասարդների մարզիչը: Նա անդրադառնալով Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան ֆուտսալի խմբի ձեւաւորմանը այսպէս շարունակեց. «Երբ ժամանակին կազմալուծւեց Հ.Մ.Ա.Կ.-ի ֆուտբոլի խումբը նաեւ մեր որոշ միութիւններում ֆուտբոլի խմբերը սկսեցին նւազել, շատ երիտասարդներ ցանկանում էին զբաղւել ֆուտբոլով: Այդ ընթացքում ես խորհրդակցելով Արբիի հետ որոշեցինք զբաղւել ֆուտսալով եւ հաւաքել երիտասարդներին եւ այսպիսով հիմքը դրւեց միութեան ֆուտսալի խմբի: Կորոնավիրուսի օրերին ես դիմեցի միութեանը եւ ժամանակի միութեան նախագահ Ալֆրէդ Քեշիշեանին, ով չխնայեց իր կարելին գնդակների եւ սրահի ապահովման հարցով եւ որոշւեց մեր փորձերը իրականացնենք Հ. Մ. Մ. «Րաֆֆի» մարզահամալիրում: Արբիի հետ միասին խումբը ի մի եկաւ եւ աստիճանաբար մօտաւորապէս 20 մարզիկներ միացան խմբին: Սկսեցինք կանոնաւոր փորձերը եւ ակումբային խաղերը թէեւ սկսնակ էինք, սակայն միութիւնը այս առումով չխնայեց ոչինչ եւ ֆինանսաւորեց խմբին որպէսզի կարողանայ մասնակցել Թեհրանի ակումբային խաղերին, թէեւ արդիւնքից վստահ չէինք: Դա պատահեց հինգ տարի առաջ, եւ առաջին ակումբային խաղում միութեան խումբը չյաջողեց, սակայն երկրորդ տարւայ ընթացքում գրաւեցինք չորրորդ, երրորդ տարւան երկրորդ, իսկ անցեալ տարի Թեհրանի հիւսիս արեւելեան գաւաթի ակումբային խաղերում առանց պարտութեան գրաւեցինք առաջին տեղը, որը մեծ խրախուսանք էր մեզ համար: Այսինքն հինգ տարւայ ընթացքում խումբը կարողացաւ զրոյից հասնել առաջին կարգի եւ մեր մարզիկները շնորհիւ միութեան ջանքերի ամէն կողմից թէ՛ հագուստի, թէ՛ մարզիկների վերաբերմունքի, եւ թէ՛ խաղերի առումով կարողացան գրաւել առաջին տեղերը:

Յուսանք որ այս առաջընթացը պատճառ դառնայ, որ մեր մարզիկների թիւը յաւելում կրի եւ կարողանանք լաւ ֆինանսաւորող գտնել որպէսզի Թեհրանի աւելի բարձր լիգայում մասնակցենք, որովհետեւ այդ կարողութիւնը նկատելի է մեր մարզիկների մօտ: Ես պարտք եմ համարում շնորհակալութիւն յայտնել Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեանը, որ երբեք չի մերժել խմբի դիմումները:

Մեր դարպասապահների մարզիչն է Ռաֆիկ Բաբախանեանը, որը ամէն ձեւով համագործակցել է: Մենք շաբաթական երկու օր փորձեր ենք կատարում Հ. Մ. Մ. «Րաֆֆի» մարզահամալիրում: Բարեբախտաբար այս վերջին տարիներին երբ մասնակցել ենք Հայաստանի համահայկական խաղերին գրաւել ենք առաջին կամ երկրորդ տեղերը, բայց մեր փորձերը քանի որ անց ենք կացնում սրահում դա մասամբ դժւարեցնում է մարգագէտնում խաղալը: Մեր խումբը երիտասարդ է եւ այսպիսով հնարաւոր է լաւ սերունդ դաստիարակել»:

Գալով աղջիկների նորակազմ խմբին Գեւիկ Մատթէոսեանը նշեց. «Մեր աղջիկների խումբը լաւ առաջ ընթաց է ունեցել, սակայն ցաւօք Իրանի դէմ երկու պատերազմները բաւականին վնասեցին փորձերին, եթէ փորձերը անդադար շարունակւեն յուսով մինչեւ մէկ տարի մեր աղջիկների խումբը կարող է շատ լաւ տեղեր գրաւել եւ նոյնիսկ նոր մարզիչը մեր աղջիկներից հինգին ընտրել է Թեհրանի ընտրեալների հաւաքականի համար, որոնցից 4-ը «Թովմասեան» դպրոցի աշակերտուհիներից են: Նախքան պատերազմ որոշւած էր Թեհրանի ընտրեալ խումբը իր աշխատանքը սկսէր, որ ցաւօք խանգարւեց պատերազմների պատճառով: Բարեբախտաբար օրերս մեր աղջիկները ընկերական խաղ են ունեցել եւ եթէ այսպէս փորձերը ընթանայ կը կարողանան ինչ որ տեղ գրաւել, ինչպէս մեր տղաների խումբը: Բայց մի խօսքով երէ մեր խմբերը ունենան լաւ ֆինանսաւորողներ, մեր խմբերը կը կարողանան էլ աւելի լաւ տեղեր գրաւել եւ մասնագիտանալ»:

Նա իր խօսքը ուղղելով երիտասարդներին նրանց խրախուսեց, որ վստահաբար զբաղւեն մարզանքով եւ աւելացրեց, որ մարզանքը երիտասարդներին հեռու է պահում սխալ ճանապարհներ ընտրելուց, եւ յոյս յայտնեց, որ երիտասարդները ընտրեն ճիշտ ընկերներ եւ ծնողներին էլ խրախուսեց, որ իրենց երիտասարդներին քաջալերեն որպէսզի զբաղւեն ինչ որ մարզաձեւով, քանի որ մարզանքը մարդուն հեռու է պահում մոլութիւնից:

***

Տղայոց խմբի մարզիկներն են՝ Արթին Էլիասզադէ, Էմին Ալահվերդեան, Քեւին Խուդաբախշեան, Դարիօ Սաֆարլու, Արթին Աղախանեան, Աւրիլ Մեհրաբեան, Դաւիթ Նազարեան, Արւին Սեփանեան, Արեգ Նազարեան, Արմի Քեշիշեան, Սեւադա Նազարեան, Վեդի Սինանեան, Էմանուէլ Շահվերդեան եւ Սեւադա Յակոբեան:

Խմբի պատասխանատուն է Արթին Ղարախանեանը, ընդհանուր մարզիչը Արբի Շահնազարեանսը եւ մարզիչ Գեւիկ Մատթէոսեանը:

Հարցազրոյցը՝ ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆԻ

Related Articles

Back to top button