
«ԱԼԻՔ» – Կիրակի՝ մայիսի 4-ին, Իրանի Հայ Կաթողիկէ համայնքի Թեհրանի Ս. Գրիգոր Լուսաւորիչ աթոռանիստ եկեղեցում մատուցւեց Ս. Պատարագ՝ նորոգ վախճանեալ Ֆրանցիսկոս Պապի հոգու հանգստեան համար՝ ձեռամբ առաջնորդ Տ. Սարգիս եպս. Դաւիթեանի, առընթերակայութեամբ ԻԻՀ-ում Վատիկանի դեսպան՝ արք. Անժէյ Ջոզովիչի:
Հոգեհանգստեան Սուրբ Պատարագին ներկայ էին Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թ. Հ. Թ. առաջնորդի օգնական հոգեշնորհ Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանը, Թ. Հ. Թ. ՊԺ-ի եւ Թեմական խորհրդի ներկայացուցիչները, Իրանի Հայ Աւետարանական եկեղեցու Համայնքապետ Վերապատւելի դոկտ. Միշէլ Աղամալեանը, Հայոց Առաքելական եկեղեցու քահանայ հայրեր, Իրանի ասորական համայնքի Պապական Նւիրակի եւ Արեւելեան ասորական եկեղեցու հոգեւորականներ եւ ԻԻՀ-ում Ֆրանսիայի դեսպանութեան ներկայացուցիչը:
Պատարագին յաջորդած քարոզի ժամանակ Տ. Սարգիս եպս. Դաւիթեանը նշեց, որ հայերի համար, ինչպէս աշխարհի բազմաթիւ ժողովուրդների համար, Ֆրանցիսկոս Պապը եղաւ արդարութեան ձայն, տառապանքի մէջ ընկեր, խաղաղութեանը հետամուտ առաջնորդ։
«Երբ տակաւին Եպիսկոպոս էր Արգենտինայում, մօտիկութիւն էր ցուցաբերել մեր ժողովրդի նկատմամբ, մի խաչքար տեղադրելով Աթոռանիստ Մայր Տաճարում ի յիշատակ Հայոց Ցեղասպանութեան: Սա խօսում էր յիշողութեան եւ արդարութեան հանդէպ ունեցած իր այն հաւատարմութեան մասին, որը յետոյ իր կնիքն էր թողնելու նրա քահանայապետութեան վրայ։ Իսկ Վատիկանում նա Հայոց Մեծ Եղեռնի մասին իր ելոյթում այն կոչեց Ցեղասպանութիւն, նոյնիսկ եթէ դրանով պիտի Թուրքիայի հետ Վատիկանի դիւանագիտական յարաբերութիւնները դադարեցւէին: Պապը արդարութեան ու խաղաղութեան կոչով է հանդէս եկել նաեւ Ուկարայինայի եւ Գազայի հակամարտութիւնների բռնկման առաջին օրը: Նա սրտացաւ խօսքերով պաշտպանեց Արցախի մեր եղբայրների իրաւունքները, խրախուսեց հաշտեցման ջանքերը, կիսեց մեր կորուստների ցաւը, առանց երբեւէ թաքցնելու իր հայրական հայեացքը»։
Սրբազան Հօր քարոզին յաջորդեց ԻԻՀ-ում Վատիկանի դեսպան արք. Անժէյ Ջոզովիչի քարոզը: «Շնորհակալութիւն եմ յայտնում Քահանաներին եւ ձեզ՝ սիրելի հաւատաւորներ, ձեր ներկայութեան եւ անկեղծ աղօթքի համար՝ Սրբազան Պապ Ֆրանցիսկոսի հոգու հանգստեան համար։ Պապը մեծ առաջնորդն էր կրօնների երկխօսութեան ճանապարհին: Նա գիտակցում էր, որ բոլորն անկախ կրօնից ու դաւանանքից, նոյն Հօր զաւակն են ու հայեացքը դէպի Աստւած են ուղղում»,- նշեց Վատիկանի դեսպանը:
Եկեղեցական արարողութիւնից յետոյ ներկաները հիւրասիրւեցին «Աղաջանեան» դահլիճում, որտեղ իրենց ելոյթներով հանդէս եկան Իսլ. խորհրդարանում իրանահայ պատգմաւոր Արա Շահվերդեանը, Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանը, ասորական կաթողիկէ համայնքի հովւապետը, եւ Ֆրանսիայի դեսպանորդ Ռեմի Բուալէգը: Վերջինս անդրադառնալով տարածաշրջանի զարգացումների նկատմամբ Ֆրանսիայի զգօնութեան փաստին, նշեց, որ Ֆրանսիան երբեք միայնակ չի թողնում իր բարեկամներին, ինչի ապացոյցը իրերն իրենց անունով կոչելն էր՝ Հայոց Ցեղասպանութեան փաստին ճիշտ գնահատական տալով: