
«ԱԼԻՔ» – Իրանի վրայ յարձակման դէպքում, պատասխանը լինելու է յուժկու: Այս մասին երէկ՝ մայիսի 4-ին յայտարարել է պաշտպանութեան նախարար, գեներալ-մայոր Ազիզ Նասիրզադէն:
«Իրանը հրթիռների մեծ պաշար ունի իր հրթիռային քաղաքներում, եւ եթէ մեզ պատերազմ պարտադրւի, մենք դրանք կօգտագործենք առանց վարանելու՝ հաշւի չառնելով, թէ թիրախը որտեղ է գտնւում»,- յայտարարել է նա՝ նախազգուշացնելով, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնւում են Իրանի նշանառութեան տակ:
Անդրադառնալով ԱՄՆ պաշտպանութեան նախարարի սպառնալիքներին, գեներալ Նասիրզադէն նրան խորհուրդ է տւել ուսումնասիրել Իրանի յետյեղափոխութեան շրջանի պատմութիւնը՝ հասկանալու համար, որ մեր երկրի հետ հնարաւոր չէ խօսել սպառնալիքների լեզւով եւ ուժի դիրքերից:
Նշելով, որ Իրանը երբեք պատերազմների նախաձեռնողը չի եղել, պաշտպանութեան նախարարը յայտարարել է. «Իրանի Իսլամական Հանրապետութիւնը ապագայում եւս ոչ մի պատերազմ չի նախաձեռնի, բայց Իրանի վրայ յարձակման դէպքում, պատասխանը յուժկու է լինելու»:
«Մենք թշնամի չենք մեր հարեւան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնւող ամերիկեան բազաները կը դառնան մեր թիրախները»,- յստակեցրել է գեներալ Նասիրզադէն: