Արման Աբովեան. «Նպատակը պարզ է՝ թքել 300 հազար զոհւած հայերի գերեզմանին»

«ԱԼԻՔ» – Հ1-ի եթերում, ըստ էութեան, ասւեց, թէ գոյութիւն է ունեցել «Հիտլերեան Հայաստանի» նախագիծ: Այս մասին Alpha News-ի հետ զրոյցում ասել է «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնութեան համահիմնադիր Արման Աբովեանն՝ անդրադառնալով Հանրային հեռուստատեսութեան եթերում Հայրենական մեծ պատերազմի մասին Վ. Սարգսեանի անւան ռազմական ակադեմիայի հրամանատարաշտաբային ինստիտուտի պետ Արծրուն Յովհաննիսեանի սկանդալային յայտարարութիւններին:
«Սա լրիւ տեղաւորւում է այն տրամաբանութեան մէջ, որը մենք տեսանք Ուկրաինայում եւ Մոլդովայում, այսինքն՝ այն սրբութիւնները, որոնք մենք ունէինք, աղաւաղւում են: Արցախի հարցը, Հայոց Ցեղասպանութեան հարցը, հայոց եկեղեցին. հիմա հերթը հասել է Հայրենական մեծ պատերազմին»,- նշել է Արման Աբովեանը:
Նրա խօսքով՝ նպատակը պարզ է՝ մի կողմից աղաւաղել, միւս կողմից էլ՝ խլել մեզնից այդ յաղթանակը, ստորացնել, թքել 300 հազար զոհւած հայերի գերեզմանին:
«Կայ նաեւ այս ամէնի երկրորդ երանգը: Դրանով, ըստ էութեան, տրւում է խաղաքարտ մեր թշնամիներին՝ Ադրբեջանին եւ Թուրքիային, որոնք անպայման կօգտւեն դրանից եւ միջազգային բոլոր հարթակներում կը բղաւեն, որ Հայաստանում նացիզմի ռեաբիլիտացիա է, այսինքն՝ «պասերով» խաղ է»,- յաւելել է Արման Աբովեանը: