Բեզպալկոն՝ Արծրուն Յովհաննիսեանի յայտարարութիւնների մասին. «Շատ հետաքրքիր կը լինէր պատկերացնել՝ հիմա ինչ կասէր Բաղրամեանն այդ առիթով»

«ԱԼԻՔ» – Ռուս քաղաքագէտ Բոգդան Բեզպալկոն Alpha News-ի հետ զրոյցում մեկնաբանել է Հայրենական մեծ պատերազմի մասին Վ. Սարգսեանի անւան ռազմական ակադեմիայի հրամանատարաշտաբային ինստիտուտի պետ Արծրուն Յովհաննիսեանի սկանդալային յայտարարութիւնները Հանրային հեռուստատեսութեանը տւած հարցազրոյցում:
«Իրականում Թուրքիան իսկապէս պատրաստում էր մօտ 29 դիւիզիա խորհրդային Կովկաս ներխուժելու համար եւ ուշադիր հետեւում էր Հայրենական մեծ պատերազմի ճակատներում տեղի ունեցող իրադարձութիւններին։ Հնարաւոր ներխուժման պահին Թուրքիայի ղեկավարութիւնը որոշեց ձեռնպահ մնալ Խորհրդային Միութեան հետ հակամարտութիւնից, եւ այդ խաղադրոյքը ճիշտ ստացւեց։ Ուստի այս իրավիճակում ես ոչ մի միֆ չեմ տեսնում այն պնդման մէջ, որ Ստալինգրադի ճակատամարտը ծառայել է որպէս Խորհրդային Միութեան տարածք հնարաւոր ներխուժումից Թուրքիային զսպելու գործօն:
Յիշեցնեմ նաեւ, որ այն ժամանակ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւնը Խորհրդային Միութեան մաս էր կազմում եւ չունէր լիարժէք միջազգային սուբիեկտայնութիւն: Ուստի արտաքին քաղաքականութեան վերաբերեալ որոշում կայացնելը կամ Հայաստանի մասին որպէս ինքնուրոյն քաղաքական խաղացողի խօսելը պատմութեան այդ շրջանում սխալ է եւ ոչ կոռեկտ»,- ասել է Բեզպալկոն:
Փորձագէտի կարծիքով՝ Հայաստանը նման յայտարարութիւններ է անում, քանի որ Հայաստանում շատ չեն ցանկանում երախտապարտ լինել։
«Հայաստանում չեն ուզում երախտապարտ լինել, ուղիղ ասենք, ներկայիս Ռուսաստանին, որը պետութիւն է, Խորհրդային Միութեան շարունակողն ու այդ նոյն յաղթանակի ժառանգորդը։ Յաղթանակի մէջ հիմնական ներդրումը կատարել է ռուս ժողովուրդը, եւ, ի դէպ, այնպիսի մարդիկ, ինչպիսին Յովհաննէս Քրիստափորի Բաղրամեանն է, ծնունդով Լեռնային Ղարաբաղից, որը մասնակցել է Ստալինգրադի ճակատամարտին եւ շատ այլ մարտերի:
Ի դէպ, նա ժամանակին շատ կտրուկ էր արտայայտւում այդ առիթով։ Ինձ համար շատ հետաքրքիր կը լինէր պատկերացնել՝ ինչ կասէր Բաղրամեանն այս պահին այդ կապակցութեամբ։ Նա Ստալինգրադի ճակատամարտի հերոսն է, մարդ, ով իր արեամբ է վճարել այդ ամէնի համար, ինչպէս կընկալէր հիմա այս հայ պաշտօնեաների յայտարարութիւնը։ Պատմութիւնը վերանայելու ամբողջ փորձը, որպէս կանոն, արտայայտւում է կամ մեղաւոր չլինելու կամ երախտապարտ չլինելու ցանկութեամբ: Ես այդպէս եմ կարծում, որ հայկական ղեկավարութիւնը շատ է ցանկանում յայտարարել իր սուբիեկտայնութեան, ինքնուրոյնութեան մասին եւ միեւնոյն ժամանակ հաւասարեցնել Հայրենական մեծ պատերազմում եւ Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած յաղթանակի մեծութիւնը»,-եզրափակել է Բեզպալկոն: