Քաղաքական

Ստալինիզմից-Նիկոլիզմ

ԴՈԿՏ ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ

 

«Ես խնդրում եմ սովետական կառավարութեանը կրկնապատկել, եռապատկել պահակախումբը Ստալինի շիրիմին, որ Ստալինը վեր չկենայ եւ նրա հետ ստալինիզմը»։

ԵՒԳԵՆԻ  ԵՒՏՈՒՇԵՆԿՕ

 

Այս տողերը Սովետական ռուս նշանաւոր բանաստեղծ, ժամանակի երիտասարդութեան կուռք՝ Եւգենի Եւտուշենկօն գրել էր 1961 թ., երբ Խրուշչովի հրամանով Ստալինի դին դամբարանից հանում, գիշերով թաքուն թաղում են Կրեմլի պարսպի տակ:

Երկրում հաստատւում է հակաստալինիզմի օրէնք, որով բացայայտում  էին նրա հրամանով երկրում գործւած ահռելի ոճիրները, որին վախից, ճնշումից, կենդանի մնալու, շատերն էլ առիթը օգտագործելով, կոչում ձեռք բերելու մոլուցքով տարւած, մասնակից են դարձել, օգնել են նրա ոճիրներին հարիւր հազարաւոր անմեղ մարդկանց աքսորին, սպանութիւններին, թունաւորումներին, ձերբակալութիւններին, բանտի խցերի անմարդկային չարչարանքներին։

Հակաստալինիզմը փորձեց մաքրել երկիրը, նոյնիսկ յետմահու, թէկուզ ուշացումով, ներում շնորհել, «արդարացնել» անարդարօրէն դատապարտւածներին, աքսորւածներին, սպանւածներին, ժողովրդին ազատագրել ստալինեան ախտաւոր հոգեբանութիւնից։ Փորձեց մաքրել երկիրը այդ թունաւոր մթնոլորտից։

Բայց արդեօ՞ք հնարաւոր էր մի հրամանով վերացնել ժողովրդի մէջ արդէն  արմատացած, բնաւորութիւն դարձած, առանց պատասխանատւութիւն կրելու ազատօրէն իրար հանդէպ հաշւեյարդար տեսնելու սովորոյթը։ Հնարաւո՞ր էր ներողութիւն խնդրէին նրա նախճիրին մասնակցողները։

Ահա մի մէջբերում հաստատելու համար, ինչպէս էր ժողովուրդը ընդառաջում ստալինիզմի չարիքները բացայայտելու օրէնքին։

Մեր երկրի առաջին Հանրապետութեան իրական վարչապետ Յ․ Քաջազնունու աղջիկը՝ Մարգոն, հետեւեալն է յայտնում։ -«Թէեւ արածս ձեւականութիւն էր, բայց այնուամենայնիւ հօրս արդարացման համար դիմումը, որը ձեւակերպել էր յայտնի իրաւաբան Գրիգոր Չուբարը, յանձնեցի համապատասխան օրգաններին։ Պատասխանը բացասական էր՝ «Վաշա պրոսբա ատկլանենա» Ձեր հայցը մերժւում է։

Յետոյ ինձ մօտեցաւ մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտից մի աշխատակից եւ յայտնեց, որ դիմումը իր մօտ է եղել, ինքը կողմ է քւէարկել, բայց մի մեծ մարդ դէմ է արտայայտւել եւ այդ պատճառով մերժել են հօրս նոյնիսկ յետմահու արդարացնել։ Այդպէս էլ չիմացայ նրա անունը»,-ամփոփում է նա։

Տեսնո՞ւմ էք, Ստալինը չկար այլեւս, բայց նրա ներարկած թոյնն ու ատելութիւնը, իրար յօշոտելու մոլուցքը դեռ գերիշխող էր, շարունակւում էր։

Այդ մարդակեր ճիւաղի մահից 72 տարի եւ հակաստալինիզմի հրամանի հաստատումից 64 տարի անց, մեր երկրի այսօրւայ քաղաքական իրավիճակը հաստատում է, որ ստալինիզմը դեռ շարունակւում է, դեռ չի վերացել։

Մեր երկրի ներկայ իշխանութիւնը, արեւմուտքի շահերի համար նշանակւածները, վերակենդանացրել են ստալինիզմը։  Ակնյայտօրէն այդ մարդակերի շիրիմը հսկողները զանց առնելով Եւտուշենկոյի խնդրանքը, թերացել են իրենց պարտականութեան մէջ, ինչպէս հարկն է չեն հսկել, քանզի մեր երկրում այս վերջին տարիներին այն գործում է նոյն թիրախաւորումով, միայն թէ նիկոլիզմ, անւանումով։

Անգամներ անդրադարձել եւ համեմատել եմ մեր երկրում գործող ներկայ իշխանութեան, նրա անմիջական հպատակների, նրա իրաւունքները պաշտպանողների, այս բռնատիրական իշխանութիւնը համակրող ժողովրդի կեցւածքը ստալինեան տարիների գործողութիւնների հետ ոչ միայն համեմատելու, այլ անմիջականօրէն անտեղեակ սերունդին, որն ապրում է մակերեսի փայլով, յիշեցնելու, որ իրենց ծնողները մի ժամանակ արդէն ապրել են այս նոյն այլանդակ տարիները, որի հետեւանքով խեղաթիւրւել է մեր դիմագիծը, մեր հողի վրայ թւով փոքրացել ենք, անվերջ կորուստներ տւել, որը շարունակւում է առ այսօր եւ որը վերջնական կործանման է տանում մեզ։ 

Յաճախակի անդրադառնում եմ, քանզի երկար տարիներ երկրում տիրող արգելքի, գրաքննութեան հետեւանքով, սուտի քարոզչութեամբ իրականութիւնը քօղարկւեց ի վնաս մեր ազգային շահերի եւ որը նոր թափով շարունակւում է այսօր։

Այսօր էլ ամէն ինչ հրամցւում է աղաւաղւած եւ ժողովրդի այն մասը, որը կապ ունի իշխանութեան եւ նրա ծառայողների հետ, որը ի դէպ, բաւական մեծ մաս է կազմում, մերժում է ընդունել դէպի կործանում առաջնորդող իր պետական համակարգը, որն աշխատում է ի օգուտ թուրքական շահերի եւ որոնք ստալինեան փորձառութեամբ գիտեն, շատ հեշտ է զրպարտութիւններով, ահաբեկումներով ու բռնութիւններով ժողովրդին խաբել հնազանդեցնելը։

Միակ հարցում, որ նիկոլիզմը տարբերւում է ստալինիզմից այն է՝ որ Ստալինը դարձաւ իր երկրի ազատարարը, յաղթեց նմանը չունեցող պատերազմում, որի մասնակիցը դարձաւ նաեւ հայ ժողովուրդը իր 300 հազար որդիների զոհերով։

Ի տարբերութիւն Ստալինի, Նիկոլը հայրենի երկիրը ազատագրող հինգ հազարից աւել հայրենասէր երիտասարդների կեանքը խաբէութեամբ նւիրաբերեց իր երկիրը նւաճողներին, դարձաւ իր երկիրը ինքնակամ յանձնողը, իր ղեկավարած երկիրը դաւաճանողը։

Ստալին ճիւաղը, Արցախի վարչական հսկողութիւնը յանձնեց Ադրբեջանին, ոչ թէ այն հռչակեց ադրբեջանական տարածք։ Սրանք երկու տարբեր պետական համակարգ են, որը ոչ միայն մեր նախկին կոմունիստ անճարակ ղեկավարները չկարողացան, ջանք չթափեցին ճշտելու, այլ ժողովրդին մատուցւեց սխալ ըմբռնումով։

Միայն 70 տարի յետոյ մեր հերոս որդիների կեանքի գնով տարածաշրջանը Ադրբեջանի հսկողութիւնից, որի ախորժակը միշտ եղել էր այն վերջնականօրէն գրաւելը, ազատագրւեց ու անկախացւեց։

Նիկոլ ճիւաղը, ով բառացիօրէն խաբէութեամբ զաւթեց իշխանութիւնը, Ադրբեջանի ոտնաձգումից վերջնականօրէն ազատագրւած, պատերազմով իր անկախութիւնը ձեռք բերած Արցախը, իր շքախմբով պաշտօնապէս յանձնեց թշնամուն, Ստալինից աւելի առաջ անցնելով այն վերջնականօրէն յայտարարեց Ադրբեջանի պատմական տարածք, անկախացած բնակչութեանն էլ տեղահանելով դուրս նետեց իր դարաւոր երկրից։ Հայերիս վերջնականապէս զրկեց նոյնիսկ այն ետ բերելու յոյսից։

Նիկոլիզմի առատաձեռնութեան շնորհիւ Ադրբեջանը ստացաւ իր ողջ կեանքում ձգտած, երբեք չստացած, բայց այժմ ամբողջովին տիրած մեր երկրի պատնէշ Արցախը։  

Ստալին ճիւաղը պատերազմի աւարտին երկրի համար կռւած, պաշարման հետեւանքով գերեվարւած ու վերադարձած զինւորներին սպանում կամ բանտարկում էր։

Նիկոլ ճիւաղը Արցախի ազատագրման համար կռւած, բայց իր նենգ դաւաճանութեամբ գերեվարւած, կամ առեւանգւած, անյայտ կորած զինւորներին, մինչեւ իսկ վարկաբեկելով, իր թիմակիցների հետ նրանց «դաւաճան» անւանելով, անամօթաբար յանձնեց թշնամու ողորմածութեանը, միաժամանակ անտարբեր հետեւելով իր մատնութեամբ գերեվարւած Արցախի քաղաքական գործիչների տանջանքներին, որոնք այս պահին Բաքւի բանտերում են փակւած, որպէս քաղաքական բանտարկեալներ։

Ստալին ճիւաղը հզօրացրեց երկրի բանակը, Նիկոլ ճիւաղը կազմալուծեց իր երկիրը պաշտպանող բանակը։ Իր անընկճելիութեամբ յայտնի հայ բանակը, որը դարեր վարձել են այլ պետութիւնները իրենց յաղթանակի համար, մինչեւ ատամները զինւած Օմանականներին յաղթած, Արցախը ազատագրած հայ բանակը, թշնամու հրահանգով, այսօր գոյութիւն չունի։     

Թէեւ կրկնութիւն է, բայց գրում եմ, որովհետեւ այն նւաստացումը որը պարտադրում է մեզ նիկոլիզմը, ստալնինիզմից անց է, երբ երկիրը իր անձնական տարածքը, իր գրպանի մանրադրամը դարձրած այս իշխանութիւնը, ցանկացած պահին իր գրպանից հանելով իր իսկ ղեկավարած երկրի քարտէզը, որի սահմանները օրէ օր կրճատում է, անպատկառօրէն ճօճում է, արդարացնելով հակաերկրի իր կեցւածքը։ Իսկ ժողովուրդը խորշելու, ողբալու փոխարէն դեռ շարունակում է նրան ամուր պահել։

Ստալին ճիւաղը, Նախիջեւանը հայաթափեց, Ջաւախքը կտրեց մայր հողից։

Նիկոլ ճիւաղը հայաթափեց Արցախը, թոյլ տւեց Ադրբեջանին տիրել ՀՀ տարածքի արեւելեան սահմանի կարեւորագոյն ռազմական բարձունքներին, Նժդեհի հերոսական ջանքերով պահպանւած Սիւնիքի ողջ մարզին՝ Սիսիան, Գորիս, Կապան, ամենօրեայ վտանգ ներկայացնելով այդ ողջ շրջանին։

«Զանգեզուրի միջանցք»-ի առ ու ծախը, որը Հայաստանի կարեւորագոյն ռազմավարական, տնտեսական զարկերակն է, իր կապը Իրանի հետ եւ որի շուրջ բանակցութիւնները, ինչպէս յանձնւած բոլոր շրջանների համաձայնութիւնները, խնամքով թաքցնում են ժողովրդից, թէեւ ժողովրդի հոգն էլ չէ, քանզի երկիրը վստահել են իրենց «ամենակալ» հօրը՝ Նիկոլին, ինչպէս ժամանակին ժողովրդի հայր Ստալինին։  

Ստալինը եկեղեցու դէմ պայքարով, ժողովրդին կտրեց իր հաւատքից, այն փոխարինելով կոմունիզմի հաւատքով, ազգային ոգին երկրից վերացնելու։ Պաշտամունքի սրբատեղերը՝ եկեղեցիները, փակւեցին, Ստալինին էլ աւելի հաճոյանալու համար մեծամասամբ դարձրեցին գոմեր ու պահեստներ։

Այսօր, նոյն ստալինեան ոգով, բայց նիկոլեան փողոցային վարւելակերպով, մեծ արշաւ է ծաւալւել հայ եկեղեցու եւ նրա սպասաւորների դէմ։ Նոյն պայքարն է ազգայնութեան դէմ։

Ստալինը եկեղեցիները գոմ դարձրեց, Նիկոլը իր էութեան համապատասխան, իր ղեկավարած հաստատութիւնը՝ իշխանութիւնը, գոմ դարձրեց, ժողովրդին եւ երկրին ամբողջովին զրկելով իր երկրի տէրը լինելու իրաւունքից, ուր հիստերիկ, փողոցային բառապաշարով ու ոռնոցով իր զրպարտութիւններն ու ահաբեկումներն է շաղ տալիս, թուրքերի կողմից իրեն հրամայւածը որպէս օրէնսդրութիւն պարտադրում իր քաղաքացիներին։

Ստալինեան թունոտ արշաւը նաեւ մեր ժողովրդի միակ ազգային կուսակցութեան՝ ՀՅԴ-դէմ, որը ոգի էր առել մէկ այլ Ստալինի հետեւորդ՝ Լեւոն Տէր Պետրոսեանի օրօք, նոյն թափով կեանքի է կոչւել այսօր։ Կեանքի է կոչւել, քանզի թուրքերի հետ բարեկամութիւնն է սերտացել, թուրքն է ղեկավարում մեր երկիրը, իսկ թուրքերի միակ եւ հիմնական թշնամին ՀՅԴ է եղել եւ մնում է նոյն ուժով։

Թուրքը շատ լաւ գիտի, չի մոռացել, յիշում է եւ յիշելու է յաւէտ այս կուսակցութեան կարողութիւնը, նրա հաշւեհարդարը, որից չկարողացան փրկւել ցեղասպանութիւն գործածները։ Ցաւօք, մեր ժողովրդի մէջ դեռ գործում է ստալինեան հակադաշնակցական թոյնը, որը ժամանակ առ ժամանակ բորբոքում են երկրի թրքածին ղեկավարները։

Այս օրերին, երբ հայ-թուրքական բանակցութիւններն են իրենց վերջնական փուլին մօտենում, բոլորովին պատահական չէ այս կուսակցութեան դէմ նոր ուժով պայքարը։  Բանտերը կրկին լեցւում են ազգանւէր անձերով, իւրաքանչիւրին շինծու յօդւածներով դատում են այնպէս, ինչպէս 37-1935, 38 թթ. էր։ Նրանց կը պահեն այնքան, մինչեւ իրենց թուրք-ազերական գործարքն աւարտւի առանց խանգարիչ, հայրենանւէր տարրերի։ 

Կրկին մէջբերեմ Քաջազնունու ձերբակալութիւնը, իր աղջկայ վկայագրութեամբ, որ ինքներդ համեմատեք նմանութիւնը։ «Էնկավեդէն, (այսօրւայ Նիկոլին ծառայողները այդ ժամանակ այդ անւան տակ էին հանդէս գալիս) Քաջազնունուն ձերբակալում են Ստեփանաւանում եւ միաժամանակ խուզարկում իր տունը Երեւանում։ «Ամբողջ տունը շուռ ու մուռ տւին, նկարագրում է նա։ Դա 1937 թ․ յուլիսի 28 էր։ Այդ ժամանակ հայրս աշխատում էր Պետպլանում որպէս ճարտարապետ։ Նա մասնագիտութեամբ ճարտարապետ էր։ Մեղադրւում էր լրտեսութեան մէջ, պնդելով, որ նա գողացել է ինչ-որ գծագիր, փորձել է այն տրամադրել օտար, թշնամի պետութիւնների գործակալներին։ Եւ որպէսզի խոստովանի, նրան ենթարկում են աներեւակայելի տանջանքների, որի հետեւանքով մահանում է այդ նոյն էնկավեդէի նկուղներից մէկում, իրեն տանջող ինչ որ մի ոչնչութեան ոտքերի տակ, մարմինն էլ նետում են նկուղի փոսերից մէկի մէջ»։

Բայց չէ՞ որ Ստալինը հեռաւոր Մոսկւայում էր, իսկ հայը «յանուն» Ստալինի, խոշտանգում, սպանում էր իր պետութեան հիմնադիրին։

Այսօր էլ Նիկոլին հաւատարմօրէն ծառայողների աչքի առջեւ տեղի ունեցաւ Արցախի յանձնումն ու հայաթափումը, մեր սահմանների բզկտումը, սակայն գեներալներից, բանակը ոչնչացման տարած անձանձից ոչ մէկը քաջութիւն ունեցաւ ճշմարտութիւնը յայտնելու, ծպտուն չհանեց, երբ հազարաւոր երիտասարդներ իրենց կեանքն էին զոհում, որ այս ցնցոտիները իրենց պայմանաւորւած դաւաճանութիւնը իրագործեն թշնամու հետ ու որպէս նախկինների մեղք նրանց վզին փաթաթելով, ժողովրդին տրամադրեն նրանց դէմ։ 

Ո՛չ մէկ մտաւորական, ո՛չ մէկ պատմաբան բերանը բացեց եւ մինչեւ օրս չի բացում, երբ այս փողոցային ղեկավարը Արցախը իր յանձնումից յետոյ յայտարարեց Ադրբեջանի տարածք, երբ մեր սահմաններն է կտրատում, մեր տարածքները փոքրացնում, իշխանութիւնը դարձնելով իր անձնական հաշիւները մաքրելու միջոց, ամենավերջին փողոցային բառապաշարը դարձնելով պետական լեզու եւ մտածողութիւն։ 

Նիկոլիզմը, ինչպէս ստալինիզմը, այնպէս է կաշկանդել երկիրը, որ ոչ մէկը հաշիւ պահանջեց, երբ մի ողորմելի անձ ժողովրդին խաբում էր անվերջ «յաղթում ենք, յաղթում ենք» յայտարարելով, երբ հազարաւոր երիտասարդներ էին մեռնում 44-օրեայ աշխարհում չլսւած թշնամու հետ համաձայնեցւած Արցախեան պատերազմում։ Բայց պարզւեց այդ «յաղթում ենք»-ը իրենց՝ դաւաճանութեան գործարքի յաղթանակի մասին էր, իսկ մենք՝ միամիտ ժողովուրդս, կուրօրէն հաւատում էինք այդ ոչնչութեան ստին, որ իբր մենք ենք յաղթում։

Այսօր, այդ սինլքորը, դեռ ազատ ման է գալիս երկրում ու իր դաւաճանութեան դէմ ստացած դրամներով լիառատ ու երջանիկ ապրում է երկրում, իսկ իր կեր ու խումերից մի քանի քայլ այն կողմ հանգչում են իր ստին զոհ գնացած հազարաւոր լուսաւոր հոգիներ։ 

Ստալինիզմը ըստ յայտարարութեան երկիրը փրկեց իմպերիալիզմից։

Նիկոլիզմը երկիրը փրկեց ռուսական «գերութիւնից»։

Պարզւում է նիկոլիզմը իր ծառայութեան 7 տարիների ընթացքում, աւելի ահռելի, անվերականգնելի վնասներ հասցրեց իր երկրին, քան ստալինը 29 տարիների ընթացքում։

Ստալինիզմը աւարտւեց երկրի լիակատար յաղթանակով ու ծաղկումով, նիկոլիզմը աւարտելու է երկրի լիակատար ոչնչացմամբ։

Այո, ժողովուրդն է ստեղծում բռնապետներին, իրենք էլ միասնաբար ոչնչացնում են երկիրը, իսկ երբ սթափւում են, այլեւս ոչինչ է մնում փրկելու։

Ահա թէ ինչու յոյսս այլեւս կտրած իմ երկրից ու ժողովրդից եւ մտածելով մարդկութեան բարօրութեան, դեռ իրենց ամբողջականութեան համար պայքարող, զոհւող երկրների մասին, կրկնօրինակելով ռուս բանաստեղծ Եւգենի Եւտուշենկոյին, ես էլ դիմում եմ այդ երկրներին եւ ժողովուրդներին՝

«Ես խնդրում եմ աշխարհի ժողովուրդներին

կրկնապատկել, եռապատկել

հսկողութիւնը Նիկոլի իւրաքանչիւր քայլին,

որ նա յանկարծ չթափանցի ձեր երկրները

իր հետ բերելով երկիր ոչնչացնող իր ախտը՝ նիկոլիզմը։

Related Articles

Back to top button