ԻրանՔաղաքական

Գիտաժողով՝ «Ադրբեջանի Հանրապետութիւնում փոքրամասնութիւնների կարգավիճակը՝ միջազգային իրաւունքի տեսանկիւնից» թեմայով

«ԱԼԻՔ» – Կիրակի՝ յունւարի 20-ին, Թեհրանի պետական համալսարանի միջազգային իրաւունքի մի խումբ դասախօսների, ինչպէս նաեւ Կովկասի եւ Եւրասիայի էթնիկ խմբերի ոլորտում գործող հետազօտական կազմակերպութիւնների փորձագիտական հաստատութիւնների ներկայացուցիչների ներկայութեամբ տեղի ունեցաւ «Ադրբեջանի Հանրապետութիւնում փոքրամասնութիւնների կարգավիճակը միջազգային իրաւունքի տեսանկիւնից» գրքի հրատարակման առիթով կազմակերպւած բացառիկ գիտաժողով:

Գիտաժողովն անց է կացւել Թեհրանում գործող «Փոքրամասնութիւնների իրաւունքների հետազօտական կենտրոնում»։

Գրքի շնորհանդէսի միջոցառմանը ներկայ են եղել Իրանի թաթագիտական միութեան նախագահ դոկտոր Աբբաս Ռահմանին, Թեհրանում գործող «Թալեշան» ասոցիացիայի նախագահ Մաջիդ Նեմաթի Սիահմեզգին, Կենտրոնական Թեհրանի Իսլամական Ազատ համալսարանի օտար լեզուների դասախօս դոկտ. Անդրանիկ Սիմոնեանը, դոկտ. Ջաֆար Խաշէն՝ Կովկասեան հետազօտութիւնների կենտրոնի նախագահը, Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նախագահ՝ դոկտ. Իսակ Իւնանէսեանը, համալսարանի դասախօս Հադի Ռահմանի Սաէդը, Եւրասիայի եւ լրատւական միջոցների աւագ փորձագէտ դոկտ. Հասան Բեհեշթիփուրը, քրդագէտ դոկտ. Ջաֆար Մալեքին եւ համալսարանի միջազգային իրաւունքի պրոֆեսոր դոկտոր Ահմադ Քազեմին: Այս մասին է տեղեկացնում  դոկտ. Ահմադ Քազեմիի պաշտօնական կայքը:

Ելոյթների ընթացքում քննարկւել են միջազգային իրաւունքի տեսանկիւնից չորս՝ էթնիկական, կրօնական, լեզւական եւ ազգային յատկանիշների վրայ հիմնւած Ադրբեջանի Հանրապետութիւնում փոքրամասնութիւնների եւ էթնիկ խմբերի ներկայ իրավիճակը, Ադրբեջանի Հանրապետութիւնում փոքրամասնութիւններին առնչւող ուսումնասիրութիւնների նկատմամբ ուշադրութիւնը մեծացնելու անհրաժեշտութեան պատճառները՝ կապւած Կովկասում իրանական էթնիկ խմբերի տարածման հետ:

«Ադրբեջանի Հանրապետութիւնում փոքրամասնութիւնների կարգավիճակը միջազգային իրաւունքի տեսանկիւնից» գրքի ներկայացումը խորհրդանշական կերպով տեղի է ունեցել Իրանի ազերիական, թալեշական, թաթերի, հայկական եւ քուրդ ազգերի կազմակերպութիւնների ղեկավարների ու ներկայացուցիչների մասնակցութեամբ, որոնք ինչպէս եւ Իրանում, այնպէս էլ Ադրբեջանի Հանրապետութիւնում ճանաչւած են, որպէս փոքրամասնութիւն:

Թեհրանի համալսարանի միջազգային իրաւունքի ամբիոնի պրոֆեսորադասախօսական եւ Եւրասիայի գծով աւագ գիտաշխատող դոկտ. Ահմադ Քազեմիի «Ադրբեջանի Հանրապետութիւնում փոքրամասնութիւնների կարգավիճակը միջազգային իրաւունքի տեսանկիւնից» գիրքը կազմւած է չորս բաժիններից, 16 գլուխների՝ 608 էջով:

Գրքում փոքրամասնութիւնների իրավիճակի վերաբերեալ տեղեկութիւնների համար օգտագործւել են պարսկերէն, անգլերէն, ռուսերէն, ազերիական եւ ստամբուլեան թուրքերէնի աղբիւրներ, յենւելով այս ոլորտում հեղինակի շուրջ երեք տասնամեակների հետազօտութիւնների եւ արձանագրութիւնների վրայ, ինչպէս նաեւ հնգամեայ դաշտային՝ սոցիալական իրականութեան բնական պայմաններում ուսումնասիրութիւնների վրայ։ Ադրբեջանի Հանրապետութիւնում այն ուսումնասիրւել է Ադրբեջանի Հանրապետութիւնում առկայ տարբեր խնդիրների՝ գոյութեան իրաւունքի, ինքնութեան, մշակութային, դաւանանքի, մայրենիի, տնտեսական, հաղորդակցւելու, արդիւնաւէտ մասնակցութեան, իրաւահաւասար ինտեգրման իրաւունքների, եւ յատկապէս  ինքնորոշման իրաւունքի ուղղութեամբ:

Գրքի հեղինակ դոկտ. Ահմադ Քազեմին իր ելոյթում ընդգծել է, որ Ադրբեջանի Հանրապետութիւնում, որպէս բազմազգ երկիր, փոքրամասնութիւնների ոլորտում հետազօտութիւնների կարեւորագոյն մարտահրաւէրը ռեսուրսների սղութիւնն էր, եւ առկայ տեղեկատւութեան իսկութիւնը: Փոքրամասնութիւնների մասին հրատարակւած տեղեկագրերն այդ երկրում հիմնւած են խորհրդային եւ ցարական պատմագրութեան, նախապաշարմունքների եւ ատելութեան աւանդոյթների վրայ: Հեղինակը յաւելել է նաեւ, որ գիրքը միաժամանակ երկու հիմնական նպատակ է հետապնդել. «Առաջին՝ տեղեկանալ եւ ճանաչել Ադրբեջանի Հանրապետութիւնում գոյութիւն ունեցող բազմաթիւ էթնիկ, կրօնական, լեզւական եւ ազգային փոքրամասնութիւնների մասին:  Երկրորդ՝  այս փոքրամասնութիւնների իրաւական կարգավիճակի ուսումնասիրութիւնը՝ անկախ քաղաքական մօտեցումներից եւ փոքրամասնութիւնների իրաւունքի միջազգային չափանիշների ու փաստաթղթերի շրջանակներում, յատկապէս 1992 թւականին ընդունւած «Ազգային կամ էթնիկ, կրօնական եւ լեզւական փոքրամասնութիւններին պատկանող անձանց իրաւունքների մասին ՄԱԿ-ի հռչակագիրը», որպէս առաջնորդող փաստաթուղթ՝ «փոքրամասնութիւնների բացառիկ իրաւունքներ» գլխի տակ, որում նախատեսւած է աւանդական եւ ժամանակակից իրաւունքների տասը ենթագլուխ»։

Համալսարանի միջազգային իրաւունքի դասախօսը ներկայացնելով Ադրբեջանի Հանրապետութիւնում փոքրամասնութիւնների վիճակը, ընդգծել է, որ իրաւունքներից ու արտօնութիւններից օգտւելու տեսանկիւնից Ադրբեջանում փոքրամասնութիւնները կարելի է բաժանել երկու բաժինների՝ «ընտրեալ» փոքրամասնութիւնների եւ «սովորական»-ի: Մինչ որոշ ընտրւած փոքրամասնութիւններ, հիմնականում թուրքական ծագում ունեն, ինչպիսիք են Ահիսկա թուրքերն ու Կակաոսները, կամ կրօնական փոքրամասնութիւնները, ինչպիսիք են հրեաները, օգտւում են արտօնութիւնների եւ պաշտպանւածութեան ամենաբարձր առիթներից, միւս Էթնիկ փոքրամասնութիւնների մեծ մասը, ինչպիսիք են թալիշները, լեզգիները, աւարները, թաթերը եւ հայերը, բախւում են իրենց իրաւունքների կոպիտ ոտնահարումների՝ սկսած «գոյութեան իրաւունքի մերժումից մինչեւ համակարգւած էթնիկ զտումների եւ մշակութային ցեղասպանութեանը:

Գրքի առաջին մասում ուսումնասիրւած է «փոքրամասնութիւնները մարդու իրաւունքների միջազգային փաստաթղթերում» հայեցակարգը, ներառեալ «փոքրամասնութիւնների դիրքն ու հայեցակարգը միջազգային իրաւունքում», «փոքրամասնութիւնների իրաւունքները մարդու իրաւունքների միջազգային փաստաթղթերում» եւ «իրաւական մօտեցումը» թեմաները, եւ այն մասին թէ ինչպէս է վերաբերւում փոքրամասնութիւնների իրաւունքներին՝ Ադրբեջանի Հանրապետութիւնը:

Երկրորդ մասը վերաբերում է Ադրբեջանի Հանրապետութիւնում էթնիկ, լեզւական եւ ազգային փոքրամասնութիւնների կարգավիճակին միջազգային իրաւունքի տեսանկիւնից, ներառեալ հայ, լեզգի, աւար, ուդի, թաթ եւ քուրդ, ինչպէս նաեւ Շահդաղի էթնիկ փոքրամասնութիւնները (խինալըք, բուդուղ եւ գրիզ), ռութուլ, սախար, գնչու, վրացի եւ անգլո-ռուս, ռուս, մոլոկան, ուկրաինացի, թուրքմէն, թաթար, չերքեզ, ախիսկա, օս, կակադուս, դարգիներ փոքրամասնութիւնների կարգավիճակը:  

Գրքի երրորդ մասը ուսումնասիրում է կրօնական փոքրամասնութիւնների իրավիճակը Ադրբեջանի Հանրապետութիւնում միջազգային իրաւունքի տեսանկիւնից, ներառեալ սուննիների, վահաբիների եւ բահայական աղանդի կարգավիճակը, ինչպէս նաեւ հրէական փոքրամասնութեան կարգավիճակը միջազգային իրաւունքի տեսանկիւնից:

Եւ վերջապէս, գրքի չորրորդ բաժնի երեք առանձին գլուխներում բացատրւում են այնպիսի կարեւոր թեմաներ, ինչպիսիք են՝ «Միջազգային կառոյցների արձանագրութիւնները, շիաները որպէս հակադարձւող փոքրամասնութիւն եւ պանթուրանիզմի ազդեցութիւնը Ադրբեջանի Հանրապետութեան փոքրամասնութիւնների վրայ: 

«Ադրբեջանի Հանրապետութիւնում փոքրամասնութիւնների կարգավիճակը միջազգային իրաւունքի տեսանկիւնից» գիրքը՝ բոլոր չորս՝ կրօնական, լեզւական, տոհմային եւ ազգային փոքրամասնութիւնների կարգավիճակի գիտաիրաւական ուսումնասիրութիւնից յետոյ՝ անդրադարձել է այն փաստին, որ փոքրամասնութիւնների տասը հիմնարար իրաւունքներից օգտւելու առիթներն Ադրբեջանում կարելի է բաժանել երկու գլուխների՝ «ընտրեալների» (հրեաները) ու «անցանկալիների» (թալեշները), արձանագրել է, որ ԱՀ-ում ազգային փոքրամասնութիւնների հետ կապւած քաղաքականութիւնն փոխկապակցւած է այս երկրի տեսլականի ու իշխանութեան հեռանկարների հետ: Դա կապւած է Ադրբեջանի Հանրապետութիւնը կառավարող էթնիկ ու կրօնական քաղաքականութեան հետ, որը, ապաշիականացման հետ մէկտեղ, պանազերականութիւնից անցել է պանթուրքիզմի: Եւ քանի դեռ այս մակրօ մօտեցումներում հիմնարար փոփոխութիւն չի նկատւել, Ադրբեջանի Հանրապետութիւնում չի լինելու փոքրամասնութիւնների իրաւունքների ճանաչման, առաջմղման եւ առաջխաղացման համար որեւէ երաշխիք:

Գրքի հեղինակը եւս մի քանի այլ իրաւագիտական գրքեր է հեղինակել փոքրամասնութիւնների ոլորտում, այդ թւում՝ «Փոքրամասնութեան հայեցակարգը մարդու իրաւունքների միջազգային փաստաթղթերում», «Թուրքիայում փոքրամասնութիւնների վիճակը միջազգային իրաւունքի տեսանկիւնից։ Հրատարակել է աշխատութիւններ, այդ թւում՝ մարդու իրաւունքների միջազգային փաստաթղթերում փոքրամասնութեան եզրոյթի սահմանումը, միջազգային իրաւունքի քննարկումներում փոքրամասնութեան հայեցակարգի ապագան, Թուրքիայում ապրող եւրասիա-էթնիկ փոքրամասնութիւնները, եւ միջազգային իրաւունքի տեսանկիւնից բազմամշակութայնութեան տեսութեան ազդեցութիւնը փոքրամասնութեան հայեցակարգի զարգացումներում թեմաներով:

Related Articles

Back to top button