ՄիջազգայինՔաղաքական

Դենիս Դենիսով. «Ռուսաստանը չի պատրաստւում հեռանալ Հարաւային Կովկասի տարածաշրջանից»

«ԱԼԻՔ» – ՌԴ կառավարութեանն առընթեր Ֆինանսական համալսարանի փորձագէտ Դենիս Դենիսովը Alpha News-ին տւած հարցազրոյցում մեկնաբանել է Կատարի ուղղութեամբ Իսրայէլի հարւածները, Լեհաստանում տեղի ունեցած անօդաչու թռչող սարքերի հետ կապւած միջադէպը, Երեւանի եւ Բաքւի միջեւ Վաշինգտոնում ձեռք բերւած պայմանաւորւածութիւնները, Բաքու-Մոսկւա յարաբերութիւնների ճգնաժամը, ինչպէս նաեւ Հարաւային Կովկասում Ռուսաստանի դերը:

Անդրադառնալով Կատարի ուղղութեամբ Իսրայէլի հարւածներին՝ փորձագէտն ասել է․ «Բոլորը հիանալի հասկանում են այս հարւածի ուղերձը։ Ըստ էութեան, եթէ ԱՄՆ-ը յստակ դիրքորոշում չյայտնի այս միջադէպի վերաբերեալ, դա կը նշանակի, որ տարածաշրջանում ԱՄՆ-ի ոչ մի դաշնակից դաշնակից չէ: Միշտ կարելի է ենթադրել, որ որոշակի իրավիճակում կամ ցանկութեան դէպքում Իսրայէլը կարող է հարւած հասցնել մէկ այլ դաշնակցի՝ առանց ամերիկեան կողմի հետ խորհրդակցելու»։

Քաղաքագէտի խօսքով՝ Կատարի ուղղութեամբ Իսրայէլի հարւածները վկայում են գլոբալ միջազգային բեսպրեդելի մասին:

«Առանցքային խնդիրն այն է, որ տեղի է ունեցել ագրեսիայի գործողութիւն ինքնիշխան պետութեան դէմ՝ մէկ այլ պետութեան գաղտնի տւեալների հիման վրայ։ Իսրայէլը չմտածւած է գործել։ Այս ամէնը տանում է դէպի գլոբալ միջազգային բեսպրեդելի։ Իմ կարծիքով՝ առանցքային ասպեկտը տարածաշրջանային եւ գլոբալ անվտանգութեան վերաիմաստաւորման եւ դրա համար ստեղծւած կառոյցների վերանայման հարցին վերադառնալն է»,- յաւելել է Դենիսովը։

Ինչ վերաբերում է Հարաւային Կովկասին, փորձագէտի խօսքով՝ Ռուսաստանը շարունակում է ունենալ չափազանց կարեւոր շահեր այդ տարածաշրջանում։

«Ռուսաստանը տարածաշրջանի մաս է կազմում եւ չի պատրաստւում լքել այն։ Դժւար թէ Մոսկւան այժմ նոր այլընտրանքային մօտեցում առաջարկի. նման նախաձեռնութիւնը կարող է զրոյացնել ողջ գործընթացը։ Կարգաւորման առանցքային խնդիրը կողմերի մօտ քաղաքական կամքի բացակայութիւնն է։ Եթէ այն լինէր, պայմանագիրը վաղուց ստորագրւած կը լինէր։ Այսօր պայմանաւորւեցին, երեք ժամից դիրքորոշումները կը փոխւեն։ Ադրբեջանը շարունակաբար զիջումներ է ստանում Հայաստանից։ Խաղաղութիւն ստորագրելու խոստումների դիմաց Ալիեւն առաջ է քաշում նոր պայմաններ, այդ թւում՝ Սահմանադրութեան փոփոխութեան հարցը։ Ալիեւի համար դա սկզբունքային է, Փաշինեանի համար՝ ցաւալի, քանի որ նա պէտք է պահպանի իր դիրքերը քաղաքականութեան մէջ եւ միաժամանակ փորձի կարգաւորել հակամարտութիւնը։ Սակայն նրան չի յաջողւում համատեղել այս խնդիրները»,- նշել է Դենիսովը։

Անդրադառնալով Բաքու-Մոսկւա յարաբերութիւնների ճգնաժամին՝ քաղաքագէտը նշել է, որ առանց Ռուսաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման Ադրբեջանի համար չափազանց դժւար կը լինի։

«Կուտակւած խնդիրները լուծում են պահանջում ամենաբարձր մակարդակով։ Խորհրդականների մակարդակով քննարկումներ են ընթանում, սակայն Մոսկւան եւ Բաքուն առայժմ սկզբունքային դիրքորոշումներ են որդեգրել։ Օրինակ, ՇՀԿ գագաթնաժողովի նախօրէին Ալիեւը հարցազրոյց էր տւել, որում խօսում էր «օկուպացիայի» մասին, ինչը ցաւալի է Ռուսաստանի համար։ Հէնց գագաթնաժողովի ժամանակ նա շնորհաւորել է Պակիստանի նախագահին Հնդկաստանի նկատմամբ տարած յաղթանակի կապակցութեամբ, թէեւ հէնց Հնդկաստանը պէտք է համաձայնեցնի Ադրբեջանի անդամակցութիւնը ՇՀԿ-ին։ Հարց է՝ արդեօք արդիւնք կը տայ Ալիեւի՝ հաղորդակցման նման ռազմավարութիւնը։

Առանց Ռուսաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման Ադրբեջանի համար չափազանց դժւար կը լինի։ Տարածաշրջանում միայն Թուրքիայի կամ Իսրայէլի վրայ յոյս դնելն անհեռատեսութիւն է։ Ըստ ամենայնի, այս խնդիրը կը հետաձգւի Մերձաւոր Արեւելքի եւ Ուկրաինայի՝ աւելի սուր հակամարտութիւնների ֆոնին։ Բայց կարգաւորումը, որը բխում է երկու երկրների շահերից, միեւնոյն է, անխուսափելի է»,- ասել է Դենիսովը։

Փորձագէտը մեկնաբանել է նաեւ Ռուսաստանի դէմ պատերազմին նախապատրաստւելու մասին եւրոպացի առաջնորդների յայտարարութիւնները։

Related Articles

Back to top button