Վահէ Դաւթեան. «Երբ դիրքորոշումը լղոզւած է, երկիրը դառնում է ոչ թէ կամուրջ, այլ միջանցիկ բակ»

Էներգետիկ անվտանգութեան փորձագէտ Վահէ Դաւթեանը գրում է.
«Այս օրերին Երեւանը վերածւել է մի վայրի, որտեղ օտար իմաստները հնչում են աւելի բարձր, քան սեփականը։ Այստեղ են եկել առաջնորդներ, բերւել են օրակարգեր, ներկայացում են ապագայի պատրաստի մեկնաբանութիւններ։ Եւ գրեթէ աննկատ յետին պլան է մղւել գլխաւորը՝ ո՞րն է Հայաստանի տեղն այդ ապագայում:
Հայաստանի իշխանութիւնները, կարծես, ընտրել են ամենայարմար ճանապարհը՝ ոչ թէ ձեւակերպել, այլ միանալ։ Ոչ թէ գիծ ձեւաւորել, այլ շարժւել գծերի միջեւ՝ յոյսով, թէ շարժումն ինքնին արդէն ռազմավարութիւն է։ Մինչդեռ դա պարզապէս դրէյֆ է։
Հայաստանը շարունակում է մնալ Եւրասիական տնտեսական միութեան անդամ, նրա տարածքում պահպանւում է ռուսական ռազմական ներկայութիւնը, եւ միեւնոյն ժամանակ Երեւանում հաւաքւում է Եւրոպական քաղաքական համայնքը՝ քննարկելով անվտանգութեան մի ճարտարապետութիւն, որտեղ նախկին դաշինքների համար աւելի ու աւելի քիչ տեղ է մնում։
Իշխանութիւնները դա անւանում են ճկունութիւն։ Իրականում դա նշանակում է խուսափել ընտրութիւնից՝ բազմավեկտորութեան քողի ներքոյ։ Այո, քաղաքականութեան մէջ ընտրութիւնից հրաժարումն էլ է ընտրութիւն։ Սակայն սովորաբար՝ յօգուտ այն ուժի, որը ձեւակերպում է կանոնները։
Հայաստանը ընդունում է, կազմակերպում է, ուղեկցում է, բայց չի ձեւաւորում օրակարգը։ Սա ադմինիստրատորի վարք է, ոչ թէ սուբիեկտի։ Սերւիսային քաղաքականութիւն:
Այսպիսով, պետութիւնը կորցնում է իմաստի աղբիւր լինելու կարողութիւնը եւ դառնում է օտար իմաստային կառուցւածքների կրող։ Այն դադարում է ինքնուրոյն որոշել՝ ինչն է իր համար արժէք, եւ սկսում է փոխառել նոյնիսկ գնահատման չափանիշները։
Կարծես իշխանութիւնները ելնում են այն ենթադրութիւնից, թէ որքան մեծ է արտաքին ուշադրութիւնը, այնքան բարձր է միջազգային սուբիեկտութիւնը։ Մինչդեռ ուշադրութիւնը ճանաչում չէ։ Դա ռեսուրս է, որը օգտագործւում է այնքան ժամանակ, քանի դեռ պէտք է։ Յետոյ՝ մոռացւում։
Պատմութիւնը բազմիցս ցոյց է տւել՝ փոքր պետութիւնները գոյատեւում են ոչ թէ կապերի քանակի, այլ յստակ դիրքորոշման շնորհիւ։ Երբ դիրքորոշումը լղոզւած է, երկիրը դառնում է ոչ թէ կամուրջ, այլ միջանցիկ բակ։
Եւ ամենավտանգաւորն այն պատրանքն է, թէ հնարաւոր է միաժամանակ գտնւել մի քանի անհամատեղելի համակարգերի մէջ եւ դրա համար գին չվճարել։
Գինը միշտ էլ կայ։ Պարզապէս այն երբեք նախապէս չի յայտարարւում»։



