Արմէն Մանուէլեան. «Ալիեւը սպառնում է, որովհետեւ Փաշինեանի հետ ունի գաղտնի պայմանաւորւածութիւններ»
Թէեւ Հայաստանում անցկացւած հայ-ամերիկեան «Արծիւ եղբայրութիւն-2024» զօրավարժութիւնները խաղաղապահ բնոյթ էին կրում, միեւնոյն է, անգամ խաղաղապահ առաքելութեամբ այս զօրավարժութիւնն արժանացել է Ադրբեջանի ագրեսիւ արձագանգին։
«Եթէ նման սադրիչ գործողութիւնները չդադարեն, ապա ինքնապաշտպանութեան նպատակով Ադրբեջանի Զինւած ուժերի զինանոցում գտնւող բոլոր միջոցների կիրառմամբ համապատասխան քայլեր կը ձեռնարկւեն»,- յայտարարել են Ադրբեջանի Պաշտպանութեան նախարարութիւնից։
Այս սպառնալիքին շատ արագ Հայաստանից արձագանգեց Արտաքին գործերի նախարարութիւնը.
«Հայաստանի Հանրապետութեանն էսկալացիոն հռետորաբանութեան մէջ ներքաշելու փորձերն անընդունելի են»։
168 TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում պատմական գիտութիւնների թեկնածու, «ՀայաՔւէ» նախաձեռնութեան անդամ Արմէն Մանուէլեանը, խօսելով Հայաստանին ողջ զինանոցով սպառնալու՝ Ադրբեջանի քաղաքականութեան մասին, շեշտել է՝ այդ սպառնալիքներն ունեն ծնող պատճառներ։
«Պատճառն այն է, որ Հայաստանի այսօրւայ իշխանութեանն Ալիեւը համարում է իր ենթական, որը համարձակւում է որեւէ բան անել։ Փաշինեանը Հայաստանը դարձրել է թուրք-ադրբեջանական տանդեմի յետնաբակում գտնւող երկիր, իսկ եթէ յետնաբակում ես, պարտաւոր ես խաղալ իրենց կանոններով։ Ուշադրութեան է արժանի այն, որ Բաքուն է պահում այս ռեժիմը Հայաստանում։ Պնդում եմ՝ Փաշինեանը մնացել է իշխանութեան Բաքւի եւ Անկարայի շնորհիւ, հիմա եւս նրանք են պահում, իսկ եթէ դու ես մէկին պահում, պարզ է, որ պէտք է պահանջներ դնես նրա առաջ»,- ասել է Մանուէլեանը՝ Ադրբեջանի ղեկավարութեան պահանջները կատարելու ապացոյց համարելով Տաւուշի մարզի ամենաամուր պաշտպանական կառոյցներն ունեցող անվտանգութեան գօտին Ալիեւին նւիրաբերելը։
«Այս նւիրաբերութիւնը պայմանաւորւած չէ պատերազմով, սա խաղաղութեան խնդիր չէ, սա գաղտնի ներքին պայմանաւորւածութիւնների հետեւանք է։ Չեմ բացառում, որ Ալիեւը Փաշինեանին ասի՝ չեմ սկսում ռազմական գործողութիւններ, որ դրանք չբերեն Հայաստանում իշխանափոխութեան, բայց դու էլ փոխարէնը տալիս ես այն, ինչ ուզում եմ»,- ասել է Մանուէլեանը։