Բենիամին Մատթէոսեան. «Հայաստանի համար ի՞նչ «ուկրաինական ուղու» մասին է խօսում Պեսկովը»
«ԱԼԻՔ» – Քաղաքագէտ Բենիամին Մատթէոսեանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծութիւն, որում մասնաւորապէս ասւում է.
«Նախօրէին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Հայաստանին անւանել էր դաշնակից եւ եղբայրական երկիր՝ մաղթելով, որ ՀՀ-ն քաղաքականապէս «չգնայ Ուկրաինայի ճանապարհով»։ Նա նաեւ յիշեցրել է, որ Հայաստանը, որպէս ինքնիշխան երկիր, ինքն է ընտրում փոխգործակցութեան առաջնահերթ ոլորտները։
«Մենք յարգանքով ենք վերաբերւում նման փնտրտուքներին, պարզապէս չէինք ցանկանայ, որ այդ փնտրտուքը կրկներ այն, ինչը ժամանակին արեց Կիեւը»,- ասել է Պեսկովը։
Հայկական լրատւական դաշտն արդէն արձագանքել է Պեսկովի յայտարարութեանը, եւ ի թիւս այլ հարցերի նշել են, որ «Հայաստանին ուղղւած սպառնալիքների հարցում Ռուսաստանը առաջ է անցել նոյնիսկ Ադրբեջանից»։ Զարմանալի չէր լինի, եթէ ինչ-որ մէկը մօտակայ ժամանակներում ասեր, որ այս յայտարարութեամբ Պեսկովը յայտարարեց Հայաստանի դէմ յատուկ ռազմական գործողութեան մասին… Բայց, այնուամենայնիւ, ո՞րն է «ուկրաինական ճանապարհը»։ Ինչի՞ մասին է խօսում Պեսկովը:
Հասկանալի է, որ Հայաստանում չկայ ռուսների այնքան քանակ, որքան Ուկրաինայում, Հայաստանում չկան ֆաշիզմին մօտ գաղափարներ քարոզող մարգինալ քաղաքական միաւորներ, Հայաստանում պատմութեան վերաշարադրումը չի հասել այն մասշտաբին, որը գրանցւել է Ուկրաինայում անցած տասնամեակների ընթացքում։ Գոնէ առայժմ ոչ ոք չի վտարում ռուսներին ՀՀ-ից, ոչ ոք դեռեւս «ճամպրուկ-կայան-Ռուսաստան» յայտարարութիւններ չի անում:
Ու նոյնիսկ քարանձաւային ռուսաֆոբների յայտարարութիւնները, թէ «եթէ 1915 թւականի իրադարձութիւնների մասին իրական արխիւներ բացւեն, պարզ կդառնայ, որ Հայոց Ցեղասպանութեան պատճառը Ռուսաստանն ու ռուսներն էին», մնում են մաքսիմալ մարգինալ։ Հետեւաբար պատասխանը պէտք է փնտրել այլ հարթութիւնում։
Ի՞նչ կարող են հասկանալ Պեսկովը, Մեդվեդեւը, Միշուստինը, Լաւրովը եւ Վլադիմիր Պուտինը «Հայաստանի համար ուկրաինական ճանապարհ» եզրոյթի տակ:
«Ուկրաինական ճանապարհն» առաջին հերթին նշանակում է երկրի վերահսկողութեան փոխանցումն արտաքին ուժերին։ Տարիների ընթացքում Ուկրաինան դարձել է արտաքին կառավարում ունեցող պետութիւն, ինչի վկայութիւնն է ոչ միայն Ուկրաինայի պետական կառավարման համակարգերում մեծ թւով օտարերկրեայ քաղաքացիների առկայութիւնը, այլեւ ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի դեսպանատների հսկայական ազդեցութիւնը երկրի քաղաքականութեան վրայ։ Ի թիւս այլնի, այս ազդեցութիւնը վերածւել է նրան, որ նոյնիսկ The New York Times-ն է ընդունում, որ Միացեալ Նահանգները Ուկրաինայում ստեղծել է գաղտնի բազաների ցանց Ռուսաստանի հետ սահմանի երկայնքով:
Ընդհանուր առմամբ, դա հանգեցրել է նրան, որ պաշտօնական Կրեմլի համար պարզ չէ, թէ Ուկրաինայում ում հետ է հնարաւոր յստակ բանակցութիւններ վարել ցանկացած հարցի շուրջ (գազի տարանցումից, մինչեւ պատերազմի դադարեցմում)։ Դա հանգեցրեց նրան, որ ռուսական իսթեբլիշմենտի գիտակցութեամբ նրանք այլ ելք չունէին, քան ռազմական գործողութիւնների միջոցով օտարերկրեայ ազդեցութիւնը վերացնելը:
Իրավիճակը կարելի է տարբեր կերպ մեկնաբանել, դրա ակունքները փնտրել 2014-ին կամ նոյնիսկ 1917-ին, բայց ռուսական իշխող էլիտաների համար իրականութեան ընկալման մոդելն այս խօսակցութիւններից չի փոխւի։ Այլ կերպ ասած, «ուկրաինական ուղին» իրենց ընկալմամբ տանում է դէպի արտաքին վերահսկողութիւն։ Սա այն դէպքում, երբ ոչ տարածաշրջանային ուժեր «խրւում են» օտար տարածաշրջանների մէջ եւ յատկապէս այն տարածաշրջաններ, որոնք Ռուսաստանը համարում է իր ռազմավարական խորութեան մի մասը: Եւ վերլուծելով Պեսկովի խօսքերը՝ կարեւոր է, որ ե՛ւ Հայաստանի իշխանութիւնները, ե՛ւ հայկական կոնտրէլիտան այս պարզ ճշմարտութիւնները հասկանան։
Մտածէ՛ք այդ մասին…»։