Հայաստան - ԱրցախՔաղաքական

Կասկածելի ակտիւութիւն. բրիտանական փողերը՝ Հայաստանում, հայկական փողերը՝ Շւէյցարիայում

ՅԱԿՈԲ ՔՈՉԱՐԵԱՆ

 

Ֆինանսական միջոցների հոսքերը Հայաստան այս տարի կրկին ակտիւ են։ Ճիշտ է, չեն հասել 2023 թ. մակարդակին, երբ արձանագրւեց հոսքերի պիկը, բայց անցած տարւայ ցուցանիշներից բաւական առաջ են անցել։

Աւելացել է՝ ինչպէս դրսից ուղարկւող գումարների մուտքը, այնպէս էլ՝ Հայաստանից արտահոսքը։

Տարւայ առաջին կէսին ֆիզիկական անձանց փոխանցումները Հայաստան կազմել են 2 մլրդ 756 մլն դոլար, ինչը նախորդ տարւանից աւելի է 231 մլն դոլարով։ Աւելի քան 9.1 տոկոսանոց աճ է գրանցւել 6 ամսւայ ընթացքում։

Նոյն ժամանակահատւածում արտահոսքը Հայաստանից կազմել է 2 մլրդ 168 մլն դոլար. աւելացել է 239 միլիոնով։ Ներհոսքի համեմատ՝ արտահոսքի աճն աւելի ակտիւ է եղել՝ հասնում է 12.4 տոկոսի։ Սա այնքան էլ չի բխում Հայաստանի շահերից, բայց դա այն է, ինչ Կենտրոնական բանկն արձանագրել է այս տարւայ առաջին կէսին բանկերի միջոցով իրականացւող ֆինանսական շարժերի վիճակագրութեան մէջ։

Ֆինանսական այս հոսքերի մէջ տարօրինակ ակտիւութիւն է նկատւել յատկապէս Շւէյցարիայի ու Մեծ Բրիտանիայի պարագայում։ Երկու դէպքում էլ կտրուկ աճ է արձանագրւել։ Սակայն, եթէ Շւէյցարիայի պարագայում ակտիւ է եղել գումարների արտահոսքը Հայաստանից, Մեծ Բրիտանիայի պարագայում ներհոսքն է ոչ պակաս կտրուկ աւելացել։

Այս տարւայ առաջին կէսին Մեծ Բրիտանիայից Հայաստան է փոխանցւել աւելի քան 103 մլն դոլար։ Հիմնական գործընկեր երկրների համեմատ՝ այս գումարը գուցէ շատ մեծ չէ, բայց ակտիւութիւնը շատ բարձր է եղել։ Որեւէ այլ երկրից ֆինանսական մուտքերի այսպիսի բարձր ակտիւութիւն չի նկատւել։ Նախորդ տարւայ համեմատ այդ երկրից ֆիզիկական անձանց անունով Հայաստան փոխանցած գումարները գրեթէ 2.5 անգամով աւելացել են։

Անցած տարւայ առաջին կէսին դրանք ընդամէնը՝ 42 մլն դոլարի, 2023 թ. առաջին կէսին էլ՝ 32 մլն դոլարի կարգի էին։

Թէ ո՞րն է եղել այս տարւայ առաջին կէսին բրիտանական կապիտալի հետաքրքրութիւնը Հայաստանի նկատմամբ, Կենտրոնական բանկի կողմից բանկային համակարգով կատարւած ֆինանսական հոսքերի վերաբերեալ տեղեկատւութեան մէջ չես գտնի։ Նաեւ ոչ միշտ է, որ հնարաւոր է լինում այս հոսքերի միջոցով գտնել նման ակտիւութեան հիմքերը։ Բայց այն, ինչ տեսնում ենք, փաստ է։ Նախորդ տարւայ համեմատ՝ ֆիզիկական անձանց փոխանցումների 145 տոկոսանոց աճ է գրանցւել։

Ի տարբերութիւն Մեծ Բրիտանիայի, Շւէյցարիայի պարագայում շատ ակտիւ է եղել գումարների արտահոսքը Հայաստանից։ Տարւայ առաջին կէսին քաղաքացիների անունով կատարւած փոխանցումներն այդ երկիր աւելացել են 183 տոկոսով։ Նախորդ տարի կազմել էին ընդամէնը 121 մլն դոլար, այս տարի հասել են 343 միլիոնի՝ 2.8 անգամով շատ։

Վեց ամսում 222 միլիոն դոլարով աւելացել են։

Շէյցարիա Հայաստանից նախկինում էլ զգալի քանակութեամբ գումարներ են գնացել։ Սակայն այն, ինչ կատարւել է այս տարի, գերազանցել է նախորդ շրջանի բոլոր ռեկորդները։ Որպէսզի հնարաւոր լինի աւելի լաւ պատկերացնել, թէ ինչ է տեղի ունեցել, նշենք, որ 2023 թ. ֆինանսական հոսքերի պիկին, Շւէյցարիա արտահոսքն տարւայ առաջին կէսին Հայաստանից եղել էր 166 մլն դոլարի սահմաններում։ Այս տարի առնւազն կրկնակի աւելին է։

Գումարների արտահոսքի տեմպերով Շւէյցարիան հաւասարւել է Արաբական Միացեալ Էմիրութիւններին։ Բայց եթէ առաջինի դէպքում հոսքերը կտրուկ աւելացել են, ԱՄԷ պարագայում նոյնիսկ մի փոքր նւազել են։

Հայաստանից գումարների արտահոսքի տեմպերով այս տարի առաջատարը եղել են ԱՄԷ-ն ու Շւէյցարիան։ Այդ երկրներ քաղաքացիների փոխանցած գումարները գերազանցել են՝ ինչպէս Ռուսաստանին, այնպէս էլ՝ Միացեալ Նահանգներին։ Հայաստանից Ռուսաստան ֆիզիկական անձանց փոխանցումները 6 ամսում կազմել են 339 մլն դոլար։

ԱՄՆ պարագայում արտահոսքը 289 միլիոնի կարգի է։

Սակայն, ի տարբերութիւն Շւէյցարիայի եւ Արաբական Միացեալ Էմիրութիւնների, Միացեալ Նահանգները եւ յատկապէս Ռուսաստանը շարունակում են լինել այն 2 հիմնական երկրները, որտեղից մեծ գումարներ են գալիս Հայաստան։

Ռուսաստանից մուտքերը կրկին ակտիւացել են։ Եթէ անցած տարւայ առաջին կէսին այդ երկրից փոխանցւել էր 1 մլրդ 642 մլն դոլար, այս տարի ստացւել է 1 մլրդ 772 միլիոն՝ 130 միլիոնով աւելի, քան անցած տարի։

Իհարկէ, Ռուսաստանից ֆինանսական փոխանցումների պիկն արձանագրւել է 2023 թ.։ Այն ժամանակ տարւայ առաջին կէսին այդ երկրից Հայաստան էր մտել 2 մլրդ 131 մլն դոլար։ Գրեթէ 360 միլիոնով աւելի շատ, քան այս տարի։

Դրանով հանդերձ, այնպէս չէ, որ այս տարի Ռուսաստանից քիչ հոսքեր են եկել։ Նախկինի նման հիմնական գումարները գալիս են հէնց այդ երկրից։ Մուտքերի 64-65 տոկոսը Ռուսաստանից է։ Սակայն, ի տարբերութիւն այլ երկրների՝ Ռուսաստանից գալիս է առաւելապէս ռուսական ռուբլի։

Տարւայ առաջին կէսին ֆիզիկական անձանց փոխանցումների 62 տոկոսից աւելին եղել են ռուբլով մուտքերը։ Դրանք կազմել են 1 մլրդ 718 միլիոն դոլարի կարգի։

Ռուսաստանից այլ տարադրամներով շատ քիչ փոխանցումներ են արւել՝ ընդամէնը 54 միլիոն։ Մնացածը ռուբլին է։

Դոլարով ու եւրոյով փոխանցւած գումարները Հայաստան էապէս աւելի քիչ են, քան ռուբլու հոսքերն են։ 2 մլրդ 756 մլն դոլարից 624 միլիոնն է դոլարով։ Ընդ որում, դոլարային մուտքերը ֆիզիկական անձանց փոխանցումների մէջ նոյնիսկ մի փոքր նւազել են։ Նախորդ տարի 627 միլիոնի շրջանակներում էր։

Եւրոյով կատարւող փոխանցումներն էլ աւելի քիչ են. 6 ամսում՝ 359 մլն դոլարի չափով։

Սրանք գումարներ են, որոնք, սակայն, հիմնականում Հայաստանում չեն մնում։ Դատելով նրանից, թէ այդ գումարները յատկապէս որ երկրից են գալիս, կարելի է ասել, որ դրանք շարունակում են ֆինանսաւորել Ռուսաստանի տնտեսութեան ու ապրանքային շուկաների մատակարարումները։ Դրանով է պայմանաւորւած, որ ֆինանսական միջոցների մուտքերի ակտիւութիւնն ուղեկցւում է նաեւ ակտիւ արտահոսքով։ Ռուս-ուկրաինական հակամարտութիւնից յետոյ, առաջին տարին չէ, որ Հայաստանն առեւտրային բաւական մեծ հոսքեր է ապահովում Ռուսաստանի համար։ Որպէս այդպիսին, տնտեսութիւնն ու քաղաքացիները դրանից գրեթէ ոչինչ չեն ստանում, փոխարէնը՝ մեծապէս շահում են բանկերը՝ մեծ գումարներ աշխատելով այս հոսքերը սպասարկելու վրա։

168.am

Related Articles

Back to top button