Հայաստան - Արցախ

Բագրատ Սրբազան. «Այս մարդը պէտք է հեռանայ, այլ տարբերակ չկայ, մենք ոչ մի քայլ չենք նահանջելու»

«ԱԼԻՔ» – Իրենց արածը ո՛չ սահմանազատում, ո՛չ էլ սահմանագծում է, իրենք հարկադրանքի ներքոյ յանձնել են: Այս մասին երէկ՝ յունիսի 12-ին, լրագրողների հետ զրոյցում ասել է «Տաւուշը յանուն Հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։

Անդրադառնալով խաղաղութեան պայմանագրին, Սրբազանն ասել է. «Խաղաղութեան պայմանագիրը մենք պէտք է բերենք, ոչ թէ այս մարդիկ, այս մարդիկ խաղաղութիւն են մուրում, ուղղակի դռնէդուռ ընկած մուրում են։ Նրանք այնտեղ ասում են սահմանադրութիւնը փոխէք, սրանք այստեղից ասում են՝ մէկ ամսից կարող ենք խաղաղութիւն կնքել, սա ի՞նչ է, բանակցութի՞ւն էք համարում»։

Դիտարկմանը՝ իր տւած 4 օրը մօտենում է աւարտին, նա պատասխանել է․ «4 օր ասել եմ, յետոյ կարող է եւս 4 օր ասեմ, յետոյ մէկ ամիս ասեմ, յետոյ էլ մէկ տարի ասեմ։

Այսօրը շատ կարեւոր օր է մեզ համար, եւ ես ասել եմ 4 օրը պայմանական օր չէ, ես ասել եմ համապատասխան թւով մեր ժողովուրդը կը հաւաքւի, ընդվզումը կը յայտնի, իր համաձայնութիւնը կը յայտնի ես էլ պատրաստ եմ իրականացնելու այն»։

Բա ինչո՞ւ են այստեղ

Բագրատ Սրբազանը յիշեցնելով դեռեւս 2018 թւականին ՀՀ գործող իշխանութիւնների յայտարարութիւններն այն մասին, որ այլեւս ջրցան մեքենաները միայն ծաղիկ ջրելու համար են լինելու, փշալարերն էլ ժանգոտելու են, հարց բարձրացրեց՝ բա ինչո՞ւ են այստեղ։

«Եթէ ժողովրդավար են ինչի՞ են բերել, այս մարդիկ ի՞նչ են արել, մի բան արե՞լ են, անցեալ օրն այդքան մարդ կար, որ ուզէինք չէի՞նք կարող մտնել ներս, կամ տարաբնոյթ տեղեր չկա՞ն ներս մտնելու, լիքը, որից իրենք տեղեակ էլ չեն»,- ասել է նա։

Այս մարդը պէտք է հեռանայ, այլ տարբերակ չկայ

Աւելի ուշ, ոստիկանների սադրած բախումներից յետոյ, իր ելոյթում Բագրատ Սրբազանն յայտարարել է, չկայ երկրորդ տարբերակ եւ իրավիճակի հանգուցալուծման միակը ելքը Նիկոլ Փաշինեանի հեռացումն է:

«Ուր ուզում ես փախիր, պէտք լինի մենակով կը գանք, պէտք լինի ժողովրդով կը գանք, պէտք լինի էշով կը գանք, պէտք լինի մետրոյով կը գանք։

Խնդիրը շատ պարզ է՝ այս մարդը պէտք է հեռանայ, այլ տարբերակ չկայ։ Մենք ոչ մի քայլ չենք նահանջելու, ուզում է 100 հազարանոց ոստիկանական շարք լինի։

Նռնակնե՞ր էք նետում, այս քայլն ամէն ինչի վերջն էր»,- յայտարարել է Սրբազանը։

Եկէք հանդիպման, եթէ, իհարկէ համարձակութիւն ունէք

Իր ելոյթում, Բագրատ Սրբազանը կրկնեց իր առաջարկն՝ ուղղւած ՔՊ-ին ու Նիկոլ Փաշինեանին․ ինքը պատրաստ է մենակ գնալ ու հանդիպել նրանց հետ, եթէ այդքան համարձակութիւն կունենան ոստիկանական շարքերի յետեւում թաքնւած իշխանութիւնը։

«Կրկնում եմ՝ 50-70 հոգով հաւաքւէք, ուզո՞ւմ էք՝ 100 հոգով, էն ականջ, լեզու կտրող «լաւ տղէրքով» հաւաքւէք, ես մեն-մենակ՝ ձեր դիմաց։ Որտեղ ուզում էք՝ հաւաքւէք։ Ուզում էք՝ խորհրդարանում, ձեր հաստ պատերի յետեւում, ուզում էք՝ բաց տեղերում, հրապարակային, որտեղ ուզում էք, կապ չունի։

Դուք էս ժողովրդի վրայ ձեռք էք բարձրացրել։ Վախը ծնկներիդ մէջ եւ լեզուներդ կապ ընկած՝ Հէյդարի որդու առջեւ ծնկած՝ լքլքալով էք խօսում, բայց էս ժողովրդի վրայ ձեռք էք բարձրացնում»,- ասել է Սրբազանը։

Related Articles

Back to top button