Հայ-ադրբեջանական բանակցութիւններ. հնարաւոր զարգացումներ
2020 թ. աղէտալի պատերազմից յետոյ սկսւած հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի նոր փուլը երբեք կանխատեսումների պակաս չի ունեցել, ընդորում ոչ միայն փորձագիտական, այլ նաեւ պաշտօնական, այդ թւում միջազգային խոշորագոյն ուժային կենտրոններից։ Քանիցս նշւել են շրջանակային համաձայնագրի կամ այսպէս կոչւած խաղաղութեան պայմանագրի ստորագրման մօտաւոր ժամկէտներ։ Այդպիսի ժամկէտների մասին յայտարարութիւններ, որոնք գլխաւորապէս վերաբերում էին դեկտեմբեր ամիսներին, ընդ որում ե՛ւ 2021 թ. դեկտեմբերին, ե՛ւ 2022 թ.-ի, ե՛ւ 2023 թ.-ի, պարբերաբար հնչում էին ե՛ւ Վաշինգտոնից, ե՛ւ Բրիւսէլից, ե՛ւ Մոսկւայից։ Միջազգային յարաբերութիւններում քաղաքական գործընթացի տարբերակման փորձի բացակայութիւնը հայ եւ օտար փորձագէտներին դրդում էին գրեթէ անվերապահօրէն հաւատալու գերտէրութիւններից եկող գրեթէ հաստատական խօսքին։
2020 թ. նոյեմբերից ցայսօր, երբ ենթադրւում էր, որ բանակցային գործընթացը պէտք է առաջնորդէր խաղաղութեան, հայ-ադրբեջանական պետական սահմանին, ապա նաեւ շփման գծում արձանագրւել են մի շարք խոշորամասշտապ բախումներ, Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածքի օկուպացիա, Արցախում էլ՝ էթնիկ զտման ցեղասպանական գործողութիւն։
Յատկանշական է, որ ե՛ւ 2021, ե՛ւ 2022 Ադրբեջանը Հայաստանի Հանրապետութեան, իսկ ե՛ւ 2023 թ. Արցախի Հանրապետութեան նկատմամբ ագրեսիա է սանձազերծել աշնան ամիսներին, այսինքն ենթադրեալ ստորագրումից կարճ ժամանակ առաջ՝ պարզ դարձնելով, որ խաղաղութեան պայմանագիրը, նոյնիսկ այն ձեւով որ բանակցւում է, իր համար ընդունելի չէ։ Ադրբեջանը որդեգրել է բանակցային գործընթացից իրավիճակային օգուտներ քաղելու մարտավարութիւն, երբ կարեւորը ոչ թէ դէպի վերջնարդիւնք գնալն է, այլ այդ ընթացքում Հայաստանին հնարաւորինս շատ վնասելը։
Ստեղծւած իրավիճակում աւելի քան ակնյայտ է, որ բանակցային այս փուլը դէպի արժանապատիւ, արդար ու իրաւահաւասար խաղաղութեանն ուղղւած գործընթաց չէ։ Այսօր արդէն լիովին պարզ է՝ հայ-ադրբեջանական բանակցութիւններում ուղղակի եւ անուղղակի ներառւած, ինչպէս նաեւ այդ գործընթացին առնչւող ցանկացած կողմ ունի հետաքրքրութիւնների իր ուրոյն շրջանակը։ Ադրբեջանի համար դա իր յաղթանակները իրաւաքաղաքական ամրագրման տանելու, իր ծաւալապաշտութեանը յագուրդ տալու, Հայաստանի ռազմաքաղաքական անվտանգութեան համակարգը վերջնականապէս կազմալուծելու եւ Հայաստանին տեւական ժամանակ «ձախողւած պետութեան» խարանով կնքելու, Արցախի ցեղասպանութիւնը մարսելու մի գործընթաց է։ Հայաստանի համար այս գործընթացը խիստ հաւանական համարւող պատերազմի մեկնարկը յետաձգելուն, իսկ հնարաւորութեան դէպքում խաղաղութեան հասնելու մի գործընթաց է, ինչը Հայաստանի իշխանութիւնների պարտւողական կեցւածքի, թշնամական պահանջները ՀՀ ներքաղաքական տիրոյթ բերելու արատաւոր գործելաոճի պարագայում նոյնպէս հեռանկարում լաւատեսական լինել չի կարող։
Միջնորդ պետութիւնները, իւրաքանչիւրն իր մասով փորձում է Հարաւային Կովկասում հաստատել իր երաշխաւորած խաղաղութիւնը։ Հարաւային Կովկասում տարածաշրջանային քաղաքականութեան վրայ աշխարհաքաղաքական ազդեցութիւնը էապէս ահագնացել է աշխարհում բռնկւած պատերազմների եւ միջազգային վերադասաւորումների արդիւնքում հանգուցային ցամաքային կապուղիների վտանգւածութեամբ կամ յաճախ ի սպառ փակմամբ։ Ռուսաստանի նկատմամբ արեւմտեան պատժամիջոցները Մոսկւային աւելի նախանձախնդիր են դարձրել հարաւային ուղղութեան կապուղիների վրայ վերահսկողութիւն հաստատելու ծրագրերում, Իրանի համար այս տարածքը դէպի հիւսիս եւ ԵԱՏՄ շուկայ դուրս գալու անփոխարինելի կենսական գօտի է, Թուրքիայի եւ Ադրբեջանի համար Հայաստանով անցնող միջանցքը հարիւրամեայ այնպիսի նպատակ է, որի կարեւորութեան մասին այնքան շատ է խօսւել, որ չարժի էլ անդրադառնալ։
Այս ամբողջ թնճուկի մէջ Արեւմուտքն էլ ունի իր բազմաշերտ շահերը։ Հարաւային Կովկասում խաղաղութիւնը, ճանապարհատրանսպորտային երթուղիների ապաշրջափակումը Թուրքիայի ծաւալումը Արեւմուտքից դէպի Արեւելք ուղղորդելու եւ Ռուսաստանի ներկայութիւնը էապէս սահմանափակելու գրաւական է։ Միաժամանակ, Արեւմուտքը պէտք է դիւերսիֆիկացնի Թուրքիայի հանդէպ իր քաղաքականութիւնը։ Աշխարհակարգի կանոնները քանիցս ոտնահարած, Ռուսաստանի համար տնտեսական պատժամիջոցների շրջանցման հիմնական գօտու վերածւած Թուրքիան որքան էլ որ ՆԱՏՕ-ի համար առանցքային երկիր է, միաժամանակ թուրքական անկանխատեսելիութիւնը Արեւմուտքին պարտադրում է որոշակի կոմբիանցիաներով զսպել այդ երկրի ամբիցիոզ ախորժակը։ Այստեղ տեղին է յիշել Հենրի Քիսինջերի «Դիւանագիտութիւն» գրքի առաջին բաժնում զետեղւած այն միտքը, որ միջազգային յարաբերութիւնների աւելի ագրեսիւ անդամների հետագայ նպատակաները հսկողութեան տակ են պահւում միջազգային յարաբերութիւնների այլ դերակատարների կոմբինացիայի միջոցով, ինչն աշխարհում ուժի հաւասարակշռման ապահովման նպատակ է հետապնդում։
Որքան էլ պարադոքսալ հնչի, այս գործընթացի անյաջող ընթացքի մեղաւորներից է նաեւ ՀՀ գործող իշխանութիւնը։ Ադրբեջանական գրեթէ բոլոր պահանջների բաւարարմանը նպատակադրւած՝ ՀՀ գործող իշխանութիւնը շարունակապէս գայթակղում է Ադրբեջանին նոր զիջումների հնարաւորութիւններով, ինչի պարագայում խաղաղութեան պայմանագրի ստորագրումը Ադրբեջանին կը զրկի յաւելեալ զիջումներ կորզելու հնարաւորութիւնից։
Վերը յիշատակւածը հարաւ-կովկասեան ներկայ թնճուկի մի փոքր նկարագրութիւնն է միայն։ Այս տարածաշրջանը մարդկութեան պատմութեան ողջ ընթացքում է ուժային կենտրոնների բախման գօտի հանդիսացել, սկսած ներկայ գլոբալիզացիայի նախատիպ համարւող հելլենիզմի ժամանակներից ու Ալեքսանդր Մակեդոնացու արշաւանքներից։ Ուստի հիւանդագին միամտութիւն է կարծել, թէ Հարաւային Կովկասում, կամ Առաջաւոր Ասիայի այս հատւածում շուտով խաղաղութիւն է հաստատւելու։ Այս առումով արժէ մտաբերել Ղարաբաղեան հիմնախնդրի յայտնի գիտակներ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի եւ Քարնեգի հիմնադրամի առաջատար գիտաշխատող Թոմաս դը Վաալի հետեւեալ մտքերը.
Կազիմիրով – «Դժւար է անգամ ասել, ինչով է աւելի հարուստ ղարաբաղեան կարգաւորման փորձը՝ Ռուսաստանի եւ որոշ արեւմտեան երկրների համագործակցութեա՞մբ, թէ՞ նրանց մօտեցումների տարբերութեամբ եւ միմիանց դէմ պայքարով»։
Դը Վաալ – «Միացեալ Նահանգներն, ըստ էութեան, որեւէ ռազմավարական շահ չունի Արեւմտեան Բալկաններում։ Համեմատէք Լեռնային Ղարաբաղի հետ։ Հակամարտութեան գօտու հիւսիսում Վրաստանն ու Ռուսաստանն են, արեւմուտքում՝ Թուրքիան, հարաւում՝ Իրանը։ Բաքու-Թիֆլիսի-Ջեհեան նաւթամուղն անցնում է շփման գծից ընդամէնը 12 մղոն դէպի հիւսիս։ Ադրբեջանը դէպի Աֆղանստան զինուժի տեղափոխման հանգուցային կէտ է։ Հայ համայնքը Վաշինգտոնում ամենաբարձր ձայն ունեցողներից է։ Այլ խօսքով, օբիեկտիւօրէն ասած, այդ հակամարտութիւնը Միացեալ Նահանգների համար շատ աւելի մեծ ռազմավարական նշանակութիւն ունի, քան երբեւէ Բոսնիան ունեցել է»։
Այսպիսով բազմաշերտ խնդիրներով, օբիեկտիւ եւ սուբիեկտիւ պատճառներով, աշխարհքաղաքական բախումների թատերաբեմ հանդիսացող Հարաւային Կովկասում վերջնական ու արդար խաղաղութեան հեռանկարը դեռեւս շատ մշուշոտ է։ Հայ-թաթարական, հայ ադրբեջանական բախումների պատմութիւնը աւելի քան 100 տարւայ պատմութիւն ունի, պատմութիւն, որի տրամաբանութիւնը յանգում է հայութեանը կենսական տարածքներից զրկելու, ցեղասպանելու եւ պետականազրկելու ռազմավարական նպատակադրմանը։ Ներկայ իրավիճակում յատկապէս՝ երբ թարմ են վերջին պատերազմների վէրքերը, էթնիկ զտումների փաստը եւ այլն կողմերի միջեւ ի սպառ բացակայում է փոխվստահութիւնը, եւ վերը յիշատակւած ու տասնեակ այլ պատճառներով այս գործընթացը զուրկ է իրապաշտութիւնից։
Քննարկման այլ հարց է ստորագրւող պայմանագրի բնոյթը. արդեօք դա յարաբերութիւնների ամբողջական կարգաւորմանն ուղղւած պայմանագիր է լինելու, թէ շրջանակային համաձայնագիր, ինչն առաւելապէս ուղղւած կը լինի երկու պետութիւնների միջեւ յարաբերութիւնների կարգաւորման եւ զարգացման սկզբունքներին։ Դատելով յայտարարութիւններից՝ կարելի է ենթադրել, որ քննարկման փուլում է գտնւում շրջանակային համաձայնագիր, որում սակայն Ադրբեջանը փորձում է դետալային ամրագրման հասցնել իր համար կարեւոր դրոյթները, իսկ Հայաստանի համար կարեւոր դրոյթները՝ թողնել հետագայ բանակցութիւններին կամ քննարկումներին։ Այդպիսիներից է օրինակ սահմանազատման հարցը, որն Ադրբեջանն առաջարկում է թողնել հետագայ քննարկումների։ Նկատենք, որ միայն սկզբունքների հաստատմամբ կնքւած պայմանագիրը, որը մանրամասն հասցէագրման չի ենթարկելու առկայ խնդիրները իր բնոյթով վտանգաւոր է, քանի որ խոշոր հաշւով Հայաստանն ու Ադրբեջանը միմիանց միջեւ միջազգային յարաբերութիւնների սկզբունքների եւ միջազգային իրաւունքի շուրջ պաշտօնական դիրքորոշմամբ յայտարարւած տարբերութիւններ չունեն, խնդիրը այդ սկզբունքների եւ իրաւունքի ադրբեջանական սուբիեկտիւ մեկնաբանման մէջ է։
Օրինակ, հայկական կողմի դիրքորոշմամբ՝ Հայաստանը երբեք Ադրբեջանից տարածքային պահանջ չի ունեցել, քանի որ խնդիրը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունք է, այն ժողովրդի, որը երբեք անկախ Ադրբեջանի կազմում չի ապրել։
Այս մօտեցումը, որն ամբողջութեամբ համապատասխանում է միջազգային իրաւունքին, Ադրբեջանը բնականաբար չի ընդունում։
Այնուամենայնիւ, անկախ մեր կամքից այս գործընթացը շարունակւում է, Հայաստանն էլ, բնականաբար, չի կարող հրաժարւել դրանից, նոյնիսկ իշխանափոխութեան դէպքում։ Ուստի պէտք է փորձել հնարաւորինս իրապաշտօրէն հասկանալ այս տեղապտոյտից բացւող հնարաւոր ճանապարհները՝ Հարաւային Կովկասում զարգացումների հնարաւոր սցենարները.
Խաղաղութիւն
Բնականաբար ենթադրւում է, որ խաղաղութեան ցանկացած գործընթացի վերջնարդիւնքը պէտք է լինի յարաբերութիւնների կարգաւորումը։ Ինչպէս վերը նկատեցինք, ներկայ տրամաբանութեամբ այս գործընթացը հեռու է խաղաղութեան առաջնորդելուց։ Ամէն դէպքում արժանապատիւ խաղաղութեան համար անհրաժեշտ են նախապայմաններ՝ արդարութիւն, կողմերի միջեւ արժանապատիւ փոխյարաբերութիւններ, ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառում, Արցախի ժողովրդի իր հողում պաշտպանւած ու արժանապատիւ կեանքի ապահովումը եւ այլն, որոնք այսօր քննարկւող հարցերի շրջանակից դուրս են։
Միջազգային միջնորդութիւն եւ երաշխաւորութիւն
Ըստ ամենայնի, բացառել չի կարելի, որ ներկայ գործընթացը կը յանգեցնի միջազգային որեւէ ուժային կենտրոնի կամ կենտրոնների կողմից ե՛ւ Արցախում, ե՛ւ Հայաստան-Ադրբեջան յարաբերութիւնների կարգաւորման գործընթացում միջնորդական ինստիտուտների ներդրման եւ միջազգային երաշխաւորութեան։ Սա չի կարելի բացառել նաեւ հաշւի առնելով կողմերի միջեւ առկայ փոխվստահութեան խիստ անբաւարար մակարդակը եւ համատեղ թշնամական անցեալը։
Պատերազմ
Ադրբեջանի կողմից նոր ռազմական արկածախնդրութիւնը եւս այս գործընթացի հնարաւոր արդիւնքներից մէկն է՝ հաշւի առնելով յատկապէս վերջին շրջանում Բաքւի կողմից սրւած հռետորաբանութիւնը, ուժի կիրառման սպառնալիքն ու Հայաստանին անթաքոյց ներկայացւող տարածքային պահանջները, ինչպէս նաեւ ՀՀ իշխանութիւնների կրաւորական կեցւածքը։ Հնարաւոր պատերազմի հաւանականութիւնը մեծացնող բազմաթիւ այլ գործօններ կան, որոնցից է ամէն գնով Հայոց Բանակի վերականգնումը խափանելու ձգտումը, միջազգային խորացող անորոշութիւնը եւ այլն։
Հակամարտութեան կառավարում/սառեցում
Առկայ խնդիրների ծաւալով եւ միջազգային դերակատարների միջեւ կոնսենսուսի բացակայութեամբ պայմանաւորւած՝ հնարաւոր է նաեւ արձանագրւի հակամարտութեան սառեցման եւ բանակցային գործընթացով դրա կառավարման գործընթաց։
Սպառազինութեան մրցավազք
Խաղաղութեան բացակայութեան եւ ադրբեջանական հնարաւոր ագրեսիայի, դրա դիմակայութեանն ուղղւած հայկական հակաքայլերը կարող են յանգեցնել սպառազինութեան մրցավազքի, որն իրականում արդէն իսկ սկսւել է։ Սպառազինութեան նոր մրցավազք է ուղեկցել ե՛ւ երկրորդ, ե՛ւ երրորդ սցենարներին։
Նւազագոյն այն իրաւաքաղաքական միջավայրը, որը կարող է գոնէ խաղաղութեան յոյս ներշնչել
Հայկական աշխարհը, այդուհանդերձ, պէտք է յստակ արձանագրի այն նւազագոյն դրոյթները, որոնք թոյլ կը տան որեւէ համաձայնագրի տակ դնել հայկական կողմի ստորագրութիւն։ Այս առումով ՀՅԴ Բիւրոյի փետրւարի 5-ի յայտարարութիւնը պարունակում է ստապ եւ հակիրճ մօտեցումներ, Մասնաւորապէս,
- ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զօրքերի դուրսբերում, բոլոր ռազմագերիների ու պահւող անձանց վերադարձ, մշակութային ժառանգութեան պահպանում
- Ստորագրւելիք պայմանագիրը պէտք է լինի յարաբերութիւնների կարգաւորման ամբողջական փաստաթուղթ, լուծումներ ամրագրի համաձայնեցման ենթակայ հարցերի ողջ փաթեթի վերաբերեալ,
- որեւէ համաձայնութիւն չպէտք է վտանգի հայ ժողովրդի անժամանցելի եւ անօտարելի իրաւունքները,
- սահմանազատման եւ սահմանագծման հիմք պէտք է հանդիսանան Ադրբեջանական Հանրապետութեան ԱՊՀ անդամակցման պահին (սեպտեմբերի 24, 1993) գործող փաստացի սահմանները։ Երկու երկրների միջեւ սահմանազատումը եւ սահմանագծումը պէտք է համապատասխանի միջազգային լաւագոյն պրակտիկային ու նորմերին,
- տրանսպորտային եւ հաղորդակցութեան այլ ուղիների ապաշրջափակումը պէտք է լինի ամբողջական եւ համաժամանակեայ, առանց ինքնիշխանութեան որեւէ սահմանափակման,
- մինչեւ Արցախի հարցի վերջնական քաղաքական կարգաւորումը եւ Արցախի ժողովրդի հիմնարար իրաւունքների լիակատար իրացումը ապահովել արցախահայերի հաւաքական, անխոչընդոտ եւ անվտանգ վերադարձը հայրենիք՝ հիմնւած էթնիկ զտման հետեւանքով բռնաճնշումների ենթարկւած եւ բռնի տեղահանւած անձանց իրաւունքների լիարժէք յարգման վրայ:
Վերադարձի նախապայման պէտք է դիտարկել.
– Արցախին միջանկեալ կարգավիճակի տրամադրումը՝ ապահովելով ողջ ծաւալով արցախահայերի միջազգային նորմերով երաշխաւորւած քաղաքացիական եւ քաղաքական իրաւունքները,
– Արցախի ժողովրդի անվտանգութեան գործուն երաշխիքների ապահովումը, ներառեալ՝ խաղաղապահ ուժերի տեղակայումը,
– Հայաստանի հետ անխոչընդոտ ցամաքային կապի ապահովումը։
Գէորգ Ղուկասեան
Քաղաքական գիտութիւնների թեկնածու,
ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու
«Հորիզոն»