«ԱԼԻՔ»․ 95 տարի՝ ժամանակների փորձութեան մէջ

«ԱԼԻՔ»-ի տարեսկզբի այս խօսքը՝ ԲԱԼԷ-ի այս հարթակում լոյս է տեսնում մի ժամանակաշրջանում, երբ Նոռուզեան խաղաղ ընթացքն այս անգամ ոչ թէ տօնական դադար էր, այլ պատերազմի մռայլ ստւերով ծանրացած՝ երբեմն քաղաքի վրայով անցնող արկերի արձագանքով լուռ մայրամուտ։
Այս պայմաններում ուրախ առիթները տեղից վրիպող նոտայի պէս կը հնչէին։ Թերթի էջերում գերակշռողը պատերազմի հետքերն են, մարդկանց կորստաբեր պատմութիւնները, համայնքի դիմադրական ուժի վկայութիւնները…
Բայց հէնց այս մթնոլորտում է, որ տարեմուտը մեզ յիշեցնում է նաեւ մէկ այլ մեկնարկ՝ «ԱԼԻՔ»-ի ծնունդը։
Ճիշտ իննսունհինգ տարի առաջ՝ 1931 թւականի մարտի 22-ին, լոյս տեսաւ «ԱԼԻՔ»-ի առաջին համարը։
Այդ օրւանից «ԱԼԻՔ»-ը արմատաւորւեց համայնքային կեանքում եւ մնաց իբրեւ իրանական մամուլի երկրորդ ամենահին կենդանի ձայնը (98-ամեայ «Էթէլաաթ» օրաթերթից յետոյ հրատարակւող ամենահին թերթն է «ԱԼԻՔ»-ը)։
Ժամանակը թերթին չի ծերացնում․ ուղեղի պէս՝ մտածելով թարմանում ու կոփւում է այն։
Եւ այսօր՝ փորձառու, բայց թարմ մտածողութեամբ, «ԱԼԻՔ»-ը պատրաստ է շարունակելու իր գործը։ Պատրաստ է դիմագրաւելու նոր փորձութիւնները եւ պահելու իր հիմնական առաքելութիւնը՝ ծառայել ազգին, որքան էլ լարւած լինի ժամանակի «երաժշտութիւնը»։
Այսօր էլ «ԱԼԻՔ»-ը շարունակում է իր ընթացքը՝ համայնքի հետ, գարնան յոյսով։



