Ազգի պատմութեան արձանագրութիւնը եւ յաջորդող սերունդներին կտակումը, փոխանցւող ժառանգութիւնների մեծագոյնն է կազմում: Ժամանակի անկրկնելիութիւնը եւ մանաւանդ նախկինների թողած մեծ տպաւորութեան կտակը, նոր ինքնութիւնների միջոցով կերտւող պատմութեան ոսկեայ ուղին է: Ոմանք այնպէս են կարծում, որ սոյն ուղին աներեւոյթ է, սակայն ոսկեայ տառերի փայլքից են շլանում նայողի աչքերը, եւ շատեր յաճախ խարխափում են իրենց ազգի պատմութեան ճանապարհը:
Ատրպատականի թեմի պատմութեան անցած ուղին երկար է, որի ուղեւորութիւնը վաղո՜ւց են կատարել սոյն թեմի հիմնադիր անձերը եւ նրանց հաւատացեալ հետեւորդները: Նրանցից ոմանք հետեւողներ են եղել միայն, իսկ ուրիշներ՝ առաջնորդողներ՝ հիմնադիրներ, կառուցողներ, ղեկավարներ, մի խօսքով՝ գլխաւոր ծառայողներ մեր ազգին ու եկեղեցուն:
Հնագոյն, եւ պատմական երկար անցեալով հարուստ Ատրպատականի մեր թեմը իր դարաւոր վանքերով արդէն իսկ աշխարհին ծանօթ վարչական կենտրոն է:
Ս. Թադէոս առաքեալի վանքից, ինչպէս նաեւ Ս. Ստեփանոս Նախավկայի վանքից եւ Ծործորի վանքից բացի, հարիւրաւոր եկեղեցիներ զարդարել են մեր թեմի գիւղերը, իւրաքանչիւր հաւատացեալի հոգում վառելով հաւատքի կրակը:
Վանքերում, վանականների բարձրագոյն ուսման ու փոխանցած ուսումնական կրթութեան միջոցով, թեմը ունեցել է ուսեալ հոգեւորականներ, որոնցից ոմանք իրենց սեփական հեղինակութիւնը եղող ձեռագրերով կամ ընդօրինակութիւններով հարստացրել են հոգեւոր ու ազգային մեր մշակոյթը:
Մշակութային ժառանգութեան կարեւոր մի մասը, որը Ատրպատականի հայոց մեր թեմի «Մելիք Թանգեան» թանգարանում է ի պահ դրւել, ձեռագրային հատորներ են, կիրառական արւեստի եւ իւղանըկարչական, ու այլ նմոյշների հաւաքածոներ, որոնք բացւող բոլոր ժամանակներին ծաղկեցնելու են անցեալի պատմութիւնը եւ հարստացնելու մշակոյթի գանձարկղը:
Իւրաքանչիւր ազգի հաւաքական կեանքում, պատմութիւնը ունի կրկնութիւնների նմանողութիւններ, սակայն դա տպաւորութիւն է լոկ, որովհետեւ պատմութեան ժամանակի սլաքները միանգամ են խփում ժամացուցային թւերի վրայ, եւ դրանց վրայով պտոյտ կատարելու պահին, թէեւ նոյն թւերին նորից են ողջունում, սակայն միշտ առաջին անգամ լինելով…: Պատմութիւնը երբեք չի կրկնւում…:
Ատրպատականի հայոց թեմի պատմութիւնը եւս չի՛ կրկնւելու: Նոր սերունդը իր լաւ ու վատ երեսներով, նոր էջեր է գրում իր կեանքով, գործով ու ծառայութեամբ: Դրանցից իւրաքանչիւրը ունի իր կենսագրութիւնը, որը չի՛ կարող անպայման արդիւնաբեր եղած լինել. սակայն այս է իրականութիւնը կեանք հասկացութեան, որի էջերը սեւ ու սպիտակ զուգագոյն նկարներից մինչեւ այսօրւան գունաւոր պատկերների ժամանակաշրջանն է հասել:
Ներկայի առաջնորդ՝ Գրիգոր Սրբազանի հեղինակած մեր թեմի պատմութեան հատորների երրորդը իր լրման է հասել, եւ հրատարակւելով կտակւում պատմութեան: Երեք հատորները բոլոր ժամանակների համար իրենց մանրամասն տեղեկութիւններով արձանագրութիւն են թողել եւ այն յանձնում են ապագային:
Մեր թեմի պատմութեան խոնարհ ջահակիրներն են հանդիսանում սոյն երեք հատորները, ո՛չ միայն վերստին լուսաւորելու անցեալի կեանքը, այլեւ թեթեւացնելու ներկայի մթութիւնը, եւ վառելու ջահեր՝ բացւող պատմութեան ուղիների պայծառացման ի խնդիր:
Ատրպատականի հայոց թեմի պատմութիւնը երանի՜ կրկնօրինակւէր անցեալի պատմութեամբ, որի ընթացքում է կերտւել, այն ինչ որ ժառանգել ենք այսօր…:
Ատրպատականի հայոց թեմի հրատարակչութիւն «Արտազ» ամսագիր (թիւ 9, սեպտեմբերի 2024 թ.)