Հայաստան - Արցախ

Փայտաշէն Էջմիածինը. ինչպէ՞ս է փոխւել Մայր տաճարը կառուցման պահից մինչեւ մեր օրերը

Զ. ՇՈՒՇԵՑԻ

 

301 թւականին, երբ Հայաստանն ընդունեց Քրիստոնէութիւնը որպէս պետական կրօն, անմիջապէս սկսւեց Էջմիածնի Մայր տաճարի կառուցումը, որն աւարտւեց 303 թւականին: Էջմիածինը համարւում է աշխարհի հնագոյն մայր տաճարներից մէկը: Իր գոյութեան ամբողջ ընթացքում տաճարը շատ անգամներ վերակառուցւել է, վերանորոգւել, քանդւել, աւերւել, ենթարկւել թշնամիների թալանին, սակայն մինչ օրս կանգուն է: Պատմական փաստերն ու տւեալները գալիս են ներկայացնելու, թէ ինչ ծանր ճանապարհ է անցել Մայր տաճարը: Հետաքրքրական է նշել, որ Էջմիածնի Մայր տաճարը սկզբնական շրջանում մասամբ փայտաշէն էր: Այդ մասին գրում է հայ անւանի ճարտարապետ Թորոս Թորամանեանը.

«….Մատենագրութեանց մէջ գտնւած հատ ու կտոր տեղեկութիւններից կիմանանք նաեւ, որ այս տաճարի սկզբնական շէնքը մասամբ փայտաշէն էր, որով հեշտութեամբ ենթարկւեց բնական եւ քաղաքական փոթորիկների պատճառած աւերումներին, որոնց հետեւանքն եղաւ յաճախակի նորոգութիւններ նախկին յատակագծի վրայ։ Այժմեան գոյութիւն ունեցող շէնքի մանրամասն մասնագիտական քննութիւնից պարզ երեւում է, որ նախկին 303 թւականին հիմնարկւած շէնքը միանգամայն գոյութիւն չունի»: (Թորամանեան Թ., Հայկական ճարտարապետութիւն, հատոր 2, Երեւան, 1948 թ., էջ 61):

Էջմիածնի հիմնադրումից յետոյ պատմական ժամանակաշրջանն ամենաբարդերից մէկն էր հայ իրականութեան մէջ: Մասնաւորապէս դա պայմանաւորւած էր նաեւ Շապուհ Երկրորդի արշաւանքներով:

Այդ արշաւանքներից անմասն չմնաց նաեւ Վաղարշապատ քաղաքը: Պատմական փաստերը վկայում են, որ 368-369 թւականների արշաւանքը չափազանց ծանր վնասներ է հասցրել Վաղարշապատ քաղաքին: Այդ արշաւանքների մասին մանրամասներ գրել է հայ պատմիչ Փաւստոս Բուզանդը.

«Գրաւեցին Վաղարշապատ քաղաքն էլ. քանդում, բրում, հիմքից կործանում էին. այս քաղաքից էլ գերի տարան տասնինը հազար տուն: Ամբողջ քաղաքում շէնք չթողեցին, բոլորը քարուքանդ արին, կործանեցին: Ասպատակներ ուղարկելով՝ բոլոր չափահաս տղամարդկանց կոտորում էին, կանանց, երեխաներին գերի էին վերցնում»: (Բուզանդ Փ., Պատմութիւն Հայոց, Երեւան, 1968 թ., էջ 218):

Մայր տաճարը եւս քարուքանդ վիճակում էր եւ այդպէս մնաց մինչեւ 480-ական թւականը: 483-484 թւականներին տաճարը վերաշինում է Վահան Մամիկոնեանը: Մամիկոնեանի վերաշինման, Մայր տաճարի ճարտարապետական փոփոխութիւնների մասին հետաքրքիր մանրամասներ է ներկայացնում Թորամանեանը.

«Հին շէնքը ամբողջովին քանդելով՝ հիմն ի վեր վերաշինել է Վահան Մամիկոնեանը 483 թւականին Հայաստանի մարզպան նշանակւելուց յետոյ։ Յատակագծային բաղդատական ուսումնասիրութիւնից ապացուցւում է, որ Վահան Մամիկոնեանը նախկին եկեղեցական յատակագծային ձեւերից տարբեր մի նոր ոճով կառուցել է այս շէնքը, որ բացի մի քանի աննշան արեւմտեան ճաշակի մանրամասնութիւններից, ինչպէս ֆրոնտոններ, պսակի ձեւերը, տաճարի ընդհանուր երեւոյթը եւ շինարարական կերպերը, զուտ արեւելեան յատկանիշ ունեն»: (Թորամանեան Թ., Հայկական ճարտարապետութիւն, հատոր 2, էջ 61):

Վահան Մամիկոնեանի կատարած ահռելի շինարարական վերականգնումից մօտ երկու դար անց Մայր տաճարը դարձեալ ենթարկւեց վերակառուցման ու մասնակի փոփոխութիւնների: Այս անգամ այդ գործը կատարեցին Կոմիտաս կաթողիկոսը եւ հետագայում Ներսէս Շինող կաթողիկոսը.

«Կոմիտաս կաթողիկոս (612-621) 7-րդ դարուն, իր ժամանակին մաշւած ու հնացած փայտեայ գմբէթի տեղ, շինել է քարէ գմբէթ անշուշտ, նաեւ յարակից նորոգութիւններ եւս անելով։ Իսկ Ներսէս Շինող կաթողիկոս (642-662) նոյն դարուն, թերեւս տաճարը ընդարձակելու դիտաւորութեամբ, չորս կողմից քառակուսի պատերի մէջ ամփոփւած աբսիդները արտաքին պատերից դուրս հանեց, ինչպէս որ այժմ կը տեսնւի։ Ուրեմն յատակագծի վերջին ձեւը տրւեցաւ 7-րդ դարում։ Թէ ինչ ճակատագիր ունեցաւ այս շէնքը 7-րդ դարուց մինչեւ 15-րդ դարը, այս մասին հաստատ մի բան չի կարելի ասել, որովհետեւ գրեթէ պատմական տւեալներ չունենք»: (Նոյն տեղում՝ էջ 62):

7-րդ դարում արւած վերանորոգումից յետոյ մինչեւ 15-րդ դարը Էջմիածնի Մայր տաճարի վերանորոգման մասին պատմական եւ փաստական տւեալներ գրեթէ չկան:

1441 թւականին կաթողիկոսական աթոռը դարձեալ հաստատւեց Էջմիածնում, սակայն մօտ 2 դար եւս ոչ մի վերականգնման ու շինարարական աշխատանքներ տեղի չունեցան:

1627 թւականին Մովսէս վարդապետը, ով 1629 թւականին դառնում է կաթողիկոս, ձեռնարկում է Մայր տաճարի վերանորոգման աշխատանքներ: Այդ մասին գրում է Առաքել Դաւրիժեցի պատմիչը.

«Ըստ ամենայնի դատարկւած է տաճարը, եւ կողոպտւած իւր զարդերը, ոչ գիրք կար եւ ոչ զգեստներ, այդ պատճառով ոչ մի ժամասացութիւն չէր լինում, պատահական անցաւոր ճանապարհորդների համար մի մահմեդական ձէթի ճրագ վառելով բեմի վրայ կը դնէր, որպէսզի իրեն ողորմութիւն տան։ Յատակի սալերը ամբողջովին քանդւած էին եւ մեծամեծ լուսամուտները բաց էին մնում առանց վանդակի եւ փեղկի, որով թռչունները մտնում էին ներս եւ աղտոտութիւններով լցնում։ Իսկ դրսի կողմից կաթողիկէի գլուխը, տանիքը եւ պատերի երեսները ամբողջովին քարուքանդ եղած եւ քարերը թափւած էին գետին՝ գետնի սալերը եւս ջարդելով եւ փչացնելով։ Մի ժամանակ տաճարին կից շինութիւններ էին շինւած ու յետոյ քանդւած, որով փլատակների կոյտը մինչեւ եօթը կանգուն բարձրացած էր տաճարի շուրջը»։ (Տե՛ս` Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/78 – Վիքիդարան (wikisource.org)):

Նորոգման աշխատանքները դադարեցւել են 1635-1636 թւականների Օսմանա-սեֆեան պատերազմի պատճառով: Նորոգման աշխատանքները վերսկսւել են Փիլիպոս Ա Աղբակեցի կաթողիկոսի օրօք, ով բոլոր փայտաշէն կառոյցները, որոնք աւերւած էին, նորոգում ու կառուցում է հիմնովին, քարով եւ աղիւսով կառուցում է Մայր տաճարի արեւելեան խցերը, ամառային սեղանատունը, եկեղեցու առջեւի սալահատակը, հարաւային կողմի ձիթհանը: 1654 թւականին նա սկսում է Մայր տաճարի արեւմտեան թեւում կառուցել զանգակատուն, որի շինարարութիւնը աւարտւել է 1658 թւականին՝ կաթողիկոս Յակոբ Դ Ջուղայեցու օրօք: 1682 թւականին Եղիազար Ա Այնթափցի կաթողիկոսը կառուցում է երեք զանգակատուն:

18-րդ դարում եւս մի շարք վերականգնման ու վերանորոգման աշխատանքներ տեղի են ունեցել: Ցարական եւ Խորհրդային շրջանում Էջմիածնի Մայր տաճարի կարգավիճակին մենք պարբերաբար անդրադարձել ենք մի շարք յօդւածներում: Պատմական ու քաղաքական բոլոր բարդ ժամանակները յաղթահարելով եւ կանգնելով մեր օրերի ներքին եւ արտաքին քաղաքական ծանր դրութեան կենտրոնում, Էջմիածնի Մայր տաճարը շարունակում է մնալ Հայոց եկեղեցու հոգեւոր կենտրոնը: 6-ամեայ վերանորոգման աշխատանքներից յետոյ Մայր տաճարը դարձեալ իր դռները կը բացի բոլորի առաջ, իր վրայ կրելով 1700 տարւայ ճարտարապետական, շինարարական բոլոր փոփոխութիւնների ազդեցութիւնն ու իր ներսում կրելով 1700-ամեայ պատմութիւնը:

168.am

Related Articles

Back to top button