«Ոսկանապատ». «Փաշինեան-Ալիեւ համատեղ յայտարարութեան մառախուղի էֆեկտը»
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնը ծաւալուն հրապարակմամբ անդրադարձել է Հայաստանի Հանրապետութեան վարչապետի աշխատակազմի եւ Ադրբեջանի Հանրապետութեան նախագահի վարչակազմի համատեղ յայտարարութեանը.
«Դեկտեմբերի 7-ի երեկոյեան Հայաստանի կառավարութիւնը տարածեց լուրը՝ Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ գերիների, Հայաստանը՝ Սիւնիք ներխուժած 2 ադրբեջանցիներին։
Այս անսպասելի կամ չափազանց երկար սպասւած լուրը ստեղծեց դրական ֆոն՝ յայտարարութեան ամբողջ տեքստի բովանդակութեան համար, բայց իրականութիւնն այն է, որ Փաշինեան-Ալիեւ համատեղ յայտարարութիւնը պարունակում է ռիսկեր Հայաստանի անվտանգութեան համար։
Տեքստի բովանդակութիւնը եւ իրականութիւնը. Մաս 1
Եւ այսպէս, Փաշինեանի աշխատակազմի եւ Ալիեւի վարչակազմի համատեղ յայտարարութեան տեքստի առաջին պարբերութեան մէջ նշւած է. «Հայաստանի Հանրապետութիւնը եւ Ադրբեջանի Հանրապետութիւնը համակարծիք են, որ տարածաշրջանում վաղուց սպասւած խաղաղութեան հասնելու պատմական հնարաւորութիւն կայ»:
Նախ՝ «Խաղաղութեան հասնելու պատմական հնարաւորութիւն» ձեւակերպման հեղինակն ու գլխաւոր սպառողը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն է՝ դրանից բխող կեղծիքով։ Երկրորդ՝ այդ կեղծիքի հիմքում երկու օր առաջ սահմանին սպանւած հայ զինւորն է, դրանից առաջ մէկ օրում՝ սեպտեմբերի 19-ին սպանւած 200-ից աւելի հայերը, դրանից առաջ՝ սեպտեմբերյան յարձակումը եւ Հայաստանի տարածքում 200-ից աւելի հայերի սպանութիւնը, դրանից առաջ…
Եղածն առայժմ հայերին սպանելու պատմական հնարաւորութիւն է։
Փաշինեանի աշխատակազմի եւ Ալիեւի վարչակազմի համատեղ յայտարարութեան տեքստի առաջին պարբերութեան մէջ նաեւ նշւած է. «Երկու պետութիւնները վերահաստատում են ինքնիշխանութեան եւ տարածքային ամբողջականութեան սկզբունքների յարգման հիման վրայ յարաբերութիւնները կարգաւորելու եւ խաղաղութեան պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրութիւնը»։
Նախ՝ երկու շաբաթ առաջ՝ նոյեմբերի 24-ին, քաղաքացիների հարցերին պատասխանելով Նիկոլ Փաշինեանը յայտարարեց. «Չնայած Ադրբեջանի կողմից հնչել է յայտարարութիւն, որ ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականութիւնը, բայց այստեղ կոնկրետութիւններ են պէտք, թէ ինչ նկատի ունենք, ինչ նկատի ունեն իրե՛նք Հայաստանի տարածքային ամբողջականութիւն ասելով»։
Հետեւաբար, Հայաստանի այդ ի՞նչ եւ ո՞ր տարածքային ամբողջականութեան մասին է խօսքը, որն Ալիեւը վերահաստատել է, թէ յարգում է։
Երկրորդ՝ Հայաստանի ինքնիշխանութիւնը յարգելու վերահաստատման մէջ ինչպէ՞ս է տեղաւորւում մէկ օր առաջ Ալիեւի հնչեցրած այս յայտարարութիւնը. «Ադրբեջանից Նախիջեւան պէտք է հեշտ մուտք լինի։ Ինչպէս արդէն ասել եմ Փաշինեանին, սա Ադրբեջանից Ադրբեջան անցում է լինելու, հետեւաբար, չպէտք է լինեն մաքսազերծում, ստուգումներ, սահմանապահների ընթացակարգեր»։
Տեքստի բովանդակութիւնը եւ իրականութիւնը. Մաս 2
Փաշինեանի աշխատակազմի եւ Ալիեւի վարչակազմի համատեղ յայտարարութեան տեքստի երրորդ եւ չորրորդ պարբերութիւնները գերիների մասին են. «Առաջնորդւելով մարդասիրութեան արժէքներով, եւ որպէս բարի կամքի դրսեւորում, Ադրբեջանի Հանրապետութիւնն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների:
Հայաստանի Հանրապետութիւնն իր հերթին, առաջնորդւելով մարդասիրութեան արժէքներով, եւ որպէս բարի կամքի դրսեւորում, ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների»։
Սա գլխաւոր պարբերութիւնն է։ Որը Փաշինեանին անհրաժեշտ էր, քանի որ գերիները, որ պէտք է մի քանի ամիս Բաքւի բանտերում սպասելու համար ներէին, այնտեղ էին արդէն երեք տարի։ Ինչն ասուլիսների, հարց ու պատասխանների ժամանակ արդէն սկսել էին յիշեցնել Փաշինեանին։
Միջազգային իրաւունքի մասնագէտ Սիրանոյշ Սահակեանի տւեալով՝ մինչեւ այս փոխանակումը Բաքւում պահւող հայ գերիների պաշտօնական թիւը 55 էր։ Նրանցից բացի յայտնի է, որ Ադրբեջանը գերեվարւել է առնւազն 80 հայի եւս, որոնց ճակատագրերը պարզելու ուղղութեամբ որեւէ քայլ չի իրականացւում։
Իրականում՝ գերիների փոխանակումն Ալիեւի ստանձնած պարտաւորութիւնն էր դեռ նոյեմբերի 9-ի յայտարարութեամբ։ Այն նոյն յայտարարութեամբ, որը մշտապէս առաջ բերելով պահանջում է միջանցք Հայաստանի տարածքով։
Հիմա Ալիեւին այսպիսի քայլը պէտք էր՝ համոզելու, թէ ուղիղ բանակցութիւններով հնարաւոր է արդիւնքի հասնել, ինչն էլ բացատրելու գործին անմիջապէս նետւեցին Բաքւի քարոզչահարթակները։ Առաջին հերթին, իհարկէ, նշելով, որ ազատ արձակւած գերիների թւում չեն Արցախի նախագահները, Ռուբէն Վարդանեանը, այն հայերը որոնց դատավարութիւնները վերածում են կրկէսի։
Ուղիղ բանակցութիւնների պահանջը բաւարարւած է
Հայաստանի հետ ուղիղ բանակցելու Ալիեւի պահանջն ունի թուրքական ծագում։ Փաշինեան-Էրդողան կարգաւորման գործընթացը կանգ է առել, յատուկ ներկայացուցիչները չեն հանդիպում այն պահից, երբ թուրքական կողմը հրապարակային կերպով պահանջեց հանդիպել Հայաստանի կամ Թուրքիայի տարածքում, ինչը նշանակում էր լուսանցքում թողնել միջնորդներին։
Ուղիղ բանակցութիւնները դրական ու ողջունելի են, բայց ոչ այսօրւայ Հայաստանի պարագայում, եւ ոչ այն բացայայտ իրականութեան հետ, որ երկրորդ կողմը Թուրքիայի արբանեակն է։ Նիկոլ Փաշինեանին դիտաւորութեամբ քաշում են ուղիղ բանակցութիւնների ծուղակը՝ ճնշում գործադրելու, առանց վկաների եւ ազդեցիկ դիմադրութեան նոր զիջումներ պարտադրելու, պարտաւորութիւն չստանձնելու կամ ստանձնած պարտաւորութիւններից խուսափելու միտումով։
Չեն յանձնւում միջնորդները
Փաշինեան-Ալիեւ յայտարարութիւնից մի քանի ժամ առաջ յայտնի դարձաւ, որ դեկտեմբերի 11-ին Բրիւսէլում սպասւում է ԵՄ Արեւելեան գործընկերութեան ԱԳ նախարարների համաժողովը, ինչը նշանակում է, որ միաժամանակ Բրիւսէլում են լինելու Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները։ Առանձին հանդիպման մասին յայտարարութիւն դեռ չկայ։
Եւրոխորհրդի նախագահ Շառլ Միշէլն առաջին եւ դեռեւս միակ միջնորդն է, որը ողջունել է Փաշինեան-Ալիեւ յայտարարութիւնը՝ այն անւանելով «մեծ առաջընթաց»։ «Կողմերի միջեւ երկխօսութեան հաստատումն ու խորացումը եղել է ԵՄ գլխաւորած բրիւսէլեան գործընթացի գլխաւոր նպատակը։ Այսօրւայ առաջընթացն առանցքային քայլ է»,- նշել է Միշէլը՝ յաւելելով, որ այժմ խրախուսում է Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներին շուտափոյթ աւարտին հասցնել խաղաղութեան պայմանագրի կնքումը։
Փաշինեան-Ալիեւ յայտարարութիւնից րոպէներ անց ՀՀ ԱԳ նախարարութիւնը տարածեց յայտարարութիւն Արարատ Միրզոյեանի եւ ԱՄՆ Կովկասեան բանակցութիւնների հարցերով աւագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոյի հանդիպման մասին։ Հայկական կողմը դրական է արձագանգել ԱՄՆ պետքարտուղար Բլինքէնի՝ Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման առաջարկին:
Բաքու այցից յետոյ ԱՄՆ պետքարտուղարի օգնականն էր յայտնել, որ պետքարտուղար Բլինքէնն ակնկալում է շուտով Վաշինգտոնում հիւրընկալել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին:
Ստացւում է՝ մի կողմից համաձայնել ուղիղ բանակցութիւնների, միւս կողմից՝ մեկնել Բրիւսէլ ու Վաշինգտոն եւ հրաժարւել Մոսկւայի առաջարկով հանդիպումից։ Բանակցային գործընթաց, որը թափթփւած է, անհաւասար, տորթից կտոր պոկելու բոլորի փորձերով, եւ վերջնարդիւնքով, որը ոչինչ չի երաշխաւորի։ Առաւել եւս խաղաղութիւն եւ անվտանգութիւն»։
Panorama.am