Վազգէն Սարգսեանի յոբելեանին շարունակւում է նրա զաւակի՝ Հայոց ազգային բանակի հեղինակազրկումը
Վազգէն Սարգսեանի յոբելեանին շարունակւում է նրա զաւակի՝ Հայոց ազգային բանակի հեղինակազրկումը եւ ոգեզրկումը Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարութեան կողմից.
- Ռազմական զօրավարժութիւնների փոխարէն՝ «թիթեռ նկարելու» մարզական տարատեսական բեմականացումներ, երբ ժամերով ՀՀ ԶՈՒ եւ ՊՆ ղեկավարները վայելում են այդ հերթապահ միջոցառումները:
- Ատեստացիայի անւան տակ բարձրագոյն զինւորականներին դարձրել են աշխատավարձ բարձրացնելու գլխաւոր դերակատարներ եւ հրապարակային գործող անձինք:
Շարքը կարելի է շարունակել, բայց վերջին ու ակնառու խայտառակութեանը Պաշտպանութեան նախարարութիւնն անգամ արդարացում չի կարողանում գտնել:
Արդէն տեւական ժամանակ է, որ խօսւում է, անգամ փաստեր են ներկայացւում, որ զօրամասերից հեռացւում են Փառքի անկիւնները, հանւում են մեր նահատակ հերոսների լուսանկարները: ՊՆ պարզբանումն էլ խիստ էսթետիկ էր՝ լուսանկարները մաշւել են, Փառքի անկիւններում արդիականացման աշխատանքներ են տարւում:
Դեռ փետրւարի 12-ին հարցում էի ուղարկել ՊՆ՝ ճշտելու, թէ գրաւոր ի՞նչ յանձնարարական կայ Փառքի անկիւնների թարմացման վերաբերեալ, ի՞նչ ժամկէտներում է նախատեսւած իրականացնել արդիականացումը:
Ինչպէս յաճախ է լինում, նախարարութիւնը, օրէնքի պահնաջների խախտմամբ, չի կարողանում յօդաբաշխ բացատրութիւն տալ նաեւ այս հարցին:
Ի դէպ, արդէն երկու տարի, հակառակ իմ կողմից բազմիցս բարձրաձայնումների, չեն կարողանում բացատրել նաեւ, թէ ինչպէս կամ ինչու ՊՆ կայքից անհետացաւ Արցախեան ազատամարտ բաժինը:
Եւ այսպէս Զինւած ուժերում հետեւողական ուրանում են անցեալը, մեր յաղթանակները, նահատակներին, Վազգէն Սարգեանին. սպարապետի յիշատակն էլ դարձրին լոկ մարզախաղ: Ուրացումը շարունակւում է:
Մարտի 4-ին արդէն յայտնի դարձաւ, որ թշնամաբար «Քանաքեռ-Զէյթուն» ԲԿ պատից հեռացրել են հերոս Ալբերտ Յովհաննիսեանին նւիրւած յուշատախտակը:
ԳԵՂԱՄ ՄԱՆՈՒԿԵԱՆ
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր
Arfd.am