Իշխան Սաղաթէլեան. «Առաջիկայում սպասւում են քաղաքական զարգացումներ, որոնց պէտք է միասին դիմագրաւենք»
Առանց չափազանցնելու, այս օրերին դրւած է Հայաստանի պետականութեան գոյութեան հարցը: Այս մասին մարտի 5-ին, Չարենցաւանում հանրութեան հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանը՝ յաւելելով, որ Հայաստանի շուրջը ձեւաւորւել է նոր մարտահրաւէրներով ու սպառնալիքներով իրավիճակ, եւ պէտք է քննարկել դրանից դուրս գալու ուղիները:
«Ցաւօք, այն խնդիրները, որ մենք դրել ենք մեր առջեւ, դեռեւս լուծւած չեն, ծանրագոյն մարտահրաւէրները կանգնած են մեր առջեւ: պատերազմից յետոյ ակնյայտ էր, որ ստեղծւած իրավիճակից դուրս գալու, երկիրը պետական, ազգային դիմագիծ վերադարձնելու համար իշխանութիւնը, որը բերեց պարտութիւն, պէտք է հեռանայ: Նախորդ 3,5 տարիների ընթացքում մեր գլխաւոր օրակարգը եղել է իշխանափոխութիւնը, քանի որ այս իշխանութիւնների դէպքում հնարաւոր չէ ստեղծւած իրավիճակից դուրս գալ: Միակ ելքը սրանից ազատւելն է: Ցաւօք, մեր օրակարգը մեծ համաժողովրդական աջակցութիւն չի ստացել:
Թուրք-ադրբեջանական տանդեմը Արցախում ցեղասպանութիւն իրականացնելուց յետոյ արդէն Հայաստանի տարածքային պահանջներից զատ դնում է ինքնութեան ոչնչացման խնդիր: ՀՀ իշխանութիւնները սրան դիմագրաւելու, դիմադրելու, սահմանները պաշտպանելու փոխարէն հետեւողականօրէն կատարում է Թուրքիայի ու Ադրբեջւանի պահանջները:
Բացի դրանից, այս իշխանութիւնների արտաքին քաղաքականութեան արդիւնքում Հայաստանը դարձել է աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների ազդեցութիւնների բախման գօտի: Հայաստանի ղեկին ոչ հայկական իշխանութիւններ են, որոնք շարունակում են թշնամական ծրագրերը»,-ասել է Սաղաթէլեանը:
Խօսելով նոր Սահմանադրութիւն ընդունելու իշխանութեան ծրագրերից, նա ասաց, որ դա Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջն է եւ դա կործանման ճանապարհ է. «Մենք պէտք է կազմակերպենք ժողովրդին, դուրս գանք պայքարի եւ այդ հանրաքւէն վերածենք այս իշխանութեան անվստահութեան հանրաքւէի եւ դրանից անմիջապէս յետոյ հասնենք իշխանափոխութեան: Մենք նոյնիսկ չպէտք է թոյլ տանք, որ այդ հանրաքւէն տեղի ունենայ: Սա մէկ ճանապարհ է:
Երկրորդը, գիտէք, որ Ադրբեջանի հետ քննարկւում է կապիտուլիացիայի պայմանագրի ստորագրման հարց: Սա ներկայացնում են իբրեւ խաղաղութեան պայմանագիր: Այդ փաստաթղթին մենք ծանօթ ենք: Դա խաղաղութեան հետ կապ չունեցող փաստաթուղթ է, այնտեղ չկայ որեւէ կէտ, որ մեր օգտին է: Այդ փաստաթղթով Ադրբեջանը չի ճանաչում Հայաստանի 29800 քկմ. տարածքը: Դրանով նոյնիսկ սահմանագծման եւ սահմանազատման հարցը չի լուծւում, դա թողնում են հետագային: Կարճ ասած, դա մի փաստաթուղթ է, որով Արցախի օկուպացիան փորձում են լեգիտիմացնել, եւ դրանով չի զսպւում Ադրբեջանի հետագայ ագրեսիան»,- ընդգծել է Իշխան Սաղաթէլեանը:
Նա նկատեց, որ այսօր չկայ որեւէ փաստաթուղթ, որով Արցախը մնալու է Ադրբեջանի կազմում. «Արցախն այսօր էթնիկ զտման հետեւանքով թշնամու ենթակայութեան տակ է: Նիկոլ Փաշինեանի բանաւոր յայտարարութիւնները իրաւական ու լեգիտիմ հիմք չեն: Դրա համար է Ադրբեջանը շտապում, որ ունենայ իրաւական փաստաթուղթ, որը կը վաւերացւի նաեւ ՀՀ ԱԺ-ի կողմից, որ օրինականացնի արցախահայութեան նկատմամբ իրականացրած ցեղասպանութիւնը: Եթէ այս ամենին լինի համարժէք հակազդեցութիւն, մենք միասնաբար սա կը կանխենք»,- ասել է ընդդիմադիր գործիչը:
News.am