Ոստիկանութիւնը յատուկ միջոցներ կիրառելուց առաջ չի նախազգուշացրել․ ՔԿ-ն խեղաթիւրում է
«ԱԼԻՔ» – ՀՀ Ոստիկանութեան մասին օրէնքի համաձայն՝ ֆիզիկական ուժ եւ յատուկ միջոցներ կիրառելուց առաց ուժայինները պարտաւոր են նախազգուշացնել ու ողջամիտ ժամկէտ տալ ցուցարարներին անկարգութիւնները դադարեցնելու համար, Քննչական կոմիտէի յունիսի 13-ի տեսանիւթն ու յայտարարութիւնը տպաւորութիւն են ստեղծում, թէ ֆիզիկական ուժ եւ լուսաձայնային նռնակներ կիրառելուց առաջ ոստիկանութիւնը նախազգուշացրել էր, մինչդեռ նման բան չի եղել։ Այս մասին գրում է Civilnet.am-ը:
ՀՀ Քննչական կոմիտէն յունիսի 13-ին յայտարարութիւն է տարածել՝ անդրադառնալով յունիսի 12-ին Երեւան քաղաքի Բաղրամեան եւ Դեմիրճեան փողոցների խաչմերուկում անցկացւող բողոքի ակցիայի ընթացքում կատարւած զանգւածային անկարգութիւնների դէպքի առթիւ նախաձեռնւած վարոյթին։
Կոմիտէն նաեւ տեսանիւթ է հրապարակել՝ պնդելով, թէ «յունիսի 12-ին՝ ժամը 19:30-ից սկսած, ակցիայի մի խումբ մասնակիցներ սկսել են չենթարկւել տեղում հասարակական կարգի պահպանութիւնն ու շրջակայ յատուկ պահպանութեան ենթակայ օբիեկտների անվտանգութիւնն ապահովող ոստիկանութեան ծառայողների օրինական կարգադրութիւններին»։ Այնուհետեւ Քննչական կոմիտէն հրապարակել է կադրեր, որոնցում երեւում է լարւած իրավիճակ եւ լսւում է ոստիկանութեան ներկայացուցչի նախազգուշացնող յայտարարութիւնը, որ կը կիրառեն ֆիզիկական ուժ եւ յատուկ միջոցներ։
Իրաւապահ մարմինը, սակայն, ակնյայտ խառնել է ժամանակագրութիւնը․ ոստիկանութիւնը 19:30-ից բարձրախօսով նախազգուշացում չի կատարել, իսկ ՔԿ-ի պաշտօնական տեսանիւթում տեղ գտած նախազգուշական յայտարարութիւնը եղել է աւելի վաղ՝ 17:33-ին։
Ինչ է նախատեսում օրէնքը
Ոստիկանութեան մասին օրէնքը յստակ ամրագրում է, որ «ոստիկանութեան ծառայողը ֆիզիկական ուժ, յատուկ միջոցներ եւ հրազէն գործադրելուց առաջ պարտաւոր է նախազգուշացնել դրանք գործադրելու մասին՝ բաւարար ժամանակ տրամադրելով օրինական պահանջները կատարելու եւ իրաւախախտումը դադարեցնելու համար»։
Դէպքերի ժամանակագրութիւնը
Առկայ տեսագրութիւնները փաստում են, որ յունիսի 12-ին՝ ժամը 17:33-ին, ոստիկանութիւնը նախազգուշացրել է, որ կը կիրառի յատուկ միջոցներ եւ ֆիզիկական ուժ, քանի որ մինչ այդ իրավիճակը լարւել էր Բաղրամեան պողոտայում։ Դրանից յետոյ տեղի է ունեցել քաշքշուկ եւ իրաւապահները կիրառել են միայն ֆիզիկական ուժ՝ բերման ենթարկելով քաղաքացիների։ Այնուհետեւ 17:58-ից իրավիճակը հանդարտւել է, իսկ ֆիզիկական ուժ կիրառած կարմիր բերետաւորները յետ են քաշւել, մարդիկ էլ շարունակել են խաղաղ բողոքի ակցիան։
Հնչել են ելոյթներ եւ միայն 19:22-ին շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանեանի այն յայտարարութիւնից յետոյ, թէ խորհրդարանի ներսում կռիւ է ու ընդդիմադիրները գնում են ներս, իրավիճակը սկսել է լարւել՝ 19:28-ից։ Այդ րոպէներից սկսած մինչեւ ֆիզիկական ուժ եւ լուսաձայնային նռնակների կիրառումը (19:40-ից) ոստիկանութիւնը, օրէնքի համաձայն, չի նախազգուշացրել, առաւել եւս չի տրամադրել բաւարար ժամանակ, որ քաղաքացիները դադարեցնեն իրաւախախտումը։
Ինչ է նախատեսում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ուղեցոյցը
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատութիւնների եւ Մարդու իրաւունքների գրասենեակի 2016-ի՝ «Մարդու իրաւունքների ձեռնարկ․ ոստիկանութեան գործունէութիւնը հաւաքների ժամանակ» ուղեցոյցը նման դէպքերում յստակ նշում է, որ «ուժ կիրառելուց առաջ հաւաքին միշտ պէտք է տրւեն նախազգուշացումներ»։
Նշւում է նաեւ, որ «նախազգուշացում պէտք է տրւի ձայնի ուժեղացման համապատասխան սարքի միջոցով, պատշաճ ձեւակերպումներով եւ մի քանի անգամ կրկնելով»։ Աւելին, ըստ ուղեցոյցի՝ հէնց ոստիկանութեան պարտաւորութիւնն է, որ հանրահաւաքի մասնակիցները լսեն նախազգուշացումը։
Տւեալ դէպքում ինչպես յունիսի 12-ին, այնպէս էլ դրանից առաջ, որպէս կանոն, ոստիկանութեան նախազգուշական յայտարարութիւններն ուղեկցւում էին ցուցարարների սուլոցներով, տւեալ դէպքում ուղեցոյցը ամրագրում է, որ «կարող է անհրաժեշտութիւն առաջանալ մի քանի տեղերում նախազգուշացում տալու, որպէսզի բոլոր մասնակիցները լսեն այն»: Ուղեցոյցը նաեւ նախատեսում է երկրորդ նախազգուշացում։